Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս են դառնում «գծի տերեր»

Դեկտեմբեր 22,2001 00:00

«ՍՏՎԵՐԸ»՝ ԵՐԵՎԱՆԻ ՓՈՂՈՑՆԵՐՈՒՄ Ինչպե՞ս են դառնում «գծի տերեր» Իր պաշտոնավարության ընթացքում Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը խոստացել էր, որ իսպառ կվերացվի «գծի տեր» հասկացությունը: Սակայն խոստումը չկատարեց: Իսկ պաշտոնանկությունից հետո արդեն Ա. Բազեյանը հայտարարեց. «Ո՞վ չգիտի, որ մեր երկրում կոռումպացված են ե՛ւ ՆԳ, ե՛ւ ԱԱ նախարարությունները, ե՛ւ դատական, ե՛ւ բոլոր մյուս մարմինները: Ինչպե՞ս կարելի է մաքրազարդել տրանսպորտի ոլորտն այս պայմաններում»: Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության նախկին պետ Արամազդ Զաքարյանը մեր զրույցի ընթացքում ասաց. «Տարբեր նախարարներ, պաշտոնյաներ բազմաթիվ միջնորդություններ են արել: Իրենց աշխատակիցներին ուղարկում էին եւ պահանջում՝ այսինչ երթուղին տվեք մեր ծառայության աշխատակիցներին»: Ի տարբերություն «գծի տերերի» վերաբերյալ նախկին պաշտոնյաների հայտարարությունների, ներկայումս այս ոլորտում պաշտոններ զբաղեցնողները ճգնում են համոզել, որ «գծի տերեր» չկան: Երեւանի կենտրոնական դիսպետչերական ընկերության փոխտնօրեն Վաչագան Կարապետյանն ասաց. «Ժողովրդի մեջ մտած «գծի տեր» հասկացությունն իրականությանը չի համապատասխանում: Եկեք նրանց անունը դնենք «երթուղի սպասարկող ընկերություններ»: Գաղտնիք չէ, որ «գծի տերերը» իրենք չեն կարգավորում երթուղին սպասարկող ընկերության աշխատանքները: Նրանք մնում են ստվերում, իրենց կողմից նշանակված հատուկ անձանց «շնորհիվ» տնօրինում են պետբյուջեն շրջանցող հսկայական գումարները: «Մենք էլ ենք շշուկներ լսում այդ մասին: Բայց պետք է կարողանանք ապացուցել… Ասում են՝ երթուղի կա՝ պատգամավոր Ռուբեն Գեւորգյանինն (Ծաղիկ Ռուբո) է: Բայց նրանք սովորական բիզնեսով զբաղվող մարդիկ են… Թե դրանք քանի էշելոն են՝ չեմ կարող ասել»,- ասաց Վ. Կարապետյանը: «Սովորական բիզնեսով» զբաղվող մարդիկ «Գծի տերերի» մասին մամուլում եղել են հրապարակումներ, որոնցից որեւէ մեկը չի հերքվել: Ըստ այդ հրապարակումների, «գծի տերերի» ցուցակում իրենց պատվավոր տեղն են զբաղեցնում վարչապետ Անդրանիկ Մարգարյանը (որն իր այս գործունեությունը ժառանգել է որդուն), ԱԺ պատգամավոր Գագիկ Կոստանդյանը, Ռուբեն Գեւորգյանը, Մելիք Գասպարյանը: Այս ոլորտում ապօրինի ուղեւորափոխադրումներով զբաղվող կազմակերպություններ կամ առանձին շարժակազմեր հայտնաբերելու նպատակով նախկինում կազմակերպվում էին ստուգայցեր, որոնց մասնակցում էին Երեւանի քաղաքապետարանի համապատասխան վարչությունների, ՆԳ եւ ՊԵ նախարարությունների ներկայացուցիչները: Պարզվել է, որ անօրինական հիմունքներով գործող մեքենաների թիվը տատանվում էր 2500-4000-ի միջեւ: Հաջողվել էր հարկման դաշտ բերել 800 մեքենա: Իսկ տույժ ու տուգանքները յուրաքանչյուր շաբաթվա ընթացքում կազմել են 3-6 մլն դրամ: Ներկայում դադարեցված ստուգայցերի «շնորհիվ», վերը նշված 2500-4000 մեքենաներն անկաշկանդ աշխատելու հնարավորություն ունեն: Դրա համար անհրաժեշտ է «լեզու գտնել» ինչպես «գծի տերերի», այնպես էլ պետական դիսպետչերական ընկերության աշխատակիցների հետ: Մեր դիտարկումների արդյունքում պարզեցինք, որ առանց համապատասխան փաստաթղթային ձեւակերպումների, ուղեւորափոխադրումներով զբաղվող վարորդներն իրենց օրվա աշխատանքի արդյունքում վաստակած գումարի առյուծի բաժինը տալիս են դիսպետչերներին ու «գծի տերերին»: Դիսպետչերներն, այս տարբերակով, «չեն նկատում» երթուղում գործող ապօրինի ուղեւորափոխադրումներով զբաղվող մեքենաներին: Իսկ «գծի տերերը» կամ նրանց դրածոները «թույլ են տալիս» ուղեւորափոխադրումներ կատարել տվյալ երթուղում: Եթե ընդունենք, որ ապօրինի ուղեւորափոխադրումներով զբաղվող մեքենաներից յուրաքանչյուրն օրական կատարում է 5-7 երթ, յուրաքանչյուրի ընթացքում էլ տեղափոխում է ամենաքիչը 20 ուղեւոր, 100 դրամ ուղեվարձի դեպքում վաստակում է 10-14 հազ. դրամ: Վարորդներն այս գումարից, լավագույն դեպքում, իրենց գրպանն են դնում 3 հազ. դրամը: Մնացածը «մուծում» են «գծի տերերին» ու դիսպետչերներին: Տարբեր աղբյուրների հավաստմամբ, Երեւանում ապօրինի աշխատող մեքենաների միջին թիվը 2500 է: Եթե օրական մեկ երթուղայինը վաստակում է նվազագույնը 10 հազ. դրամ, ապա ստացվում է, որ Երեւանում ապօրինի աշխատող միկրոավտոբուսները բոլորը միասին ստվերային շրջանառության մեջ են դնում օրական 25 մլն դրամ: Եթե հաշվենք, որ յուրաքանչյուր մեքենա ամսվա ընթացքում աշխատում է 20 օր, ապա ստացվում է, որ յուրաքանչյուր ամիս միայն Երեւան քաղաքում ապօրինի ուղեւորափոխադրումների արդյունքում ստվերում շրջանառվում է 500 մլն դրամ: Այն դեպքում, երբ այս տարվա 9 ամիսների ընթացքում այդ ոլորտից պետբյուջե է փոխանցվել ընդամենը 313.4 մլն դրամ, կա եւս 53 մլն դրամի հարկային պարտավորություն: Այսինքն, ամենահամեստ հաշվարկներով, ամբողջ տարվա ընթացքում պետբյուջեի օգտին հարկվող գումարը զգալիորեն զիջում է ստվերային ոլորտում մեկ ամսվա ընթացքում շրջանառվող գումարին: Սակայն, ի զարմանս մեզ, ՊԵՆ-ում տեղեկացանք, որ այս տարվա ընթացքում ուղեւորափոխադրումներով զբաղվող կազմակերպություններից հարկերի հավաքագրման ցուցանիշները բավականին «բարձր» են գնահատվում այս գերատեսչության պատասխանատուների կողմից: Ավելին, ՊԵՆ լրատվական ծառայության ղեկավար Էդմոն Զարգարյանը հայտնեց, որ այս տարի 85 մլն դրամով ավելացել են հարկային մուտքերը: Եթե 2000թ. ընթացքում հարկվել է 404 մլն դրամ, ապա, ըստ ՊԵՆ լրատվական ծառայության ղեկավարի, այս տարվա 9 ամիսների ընթացքում արդեն հավաքվել է 313.4 դրամ, կա 53 մլն դրամի հարկային պարտավորություններ: Ծառայության ղեկավարն առիթը բաց չթողեց գովաբանել «վարչարարության խստացման» արդյունքները: Փորձենք պարզել, թե իրականում ինչ «արդյունքների» է հասել ՊԵՆ-ը՝ այս տարվա 9 ամիսների ընթացքում ուղեւորափոխադրումներով զբաղվող տնտեսվարող սուբյեկտներից հարկեր հավաքագրելիս: Նախորդ տարվա ընթացքում ՊԵՆ-ը հավաքել է 404 մլն դրամ հարկ: Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության տրամադրած տվյալներով, Երեւանում օրինական աշխատել է 1056 մեքենա: Այսինքն, անցյալ տարվա 9 ամսվա ընթացքում յուրաքանչյուր մեքենայից հավաքվել է 286.932 դրամ: 2001 թվականի հունվարին, ըստ քաղաքապետարանի տրանսպորտի վարչության տրամադրած տվյալների, աշխատել է 1348, իսկ նոյեմբերին՝ 2292 միկրոավտոբուս: ՊԵՆ-ի տվյալներով, 2001 թվականի 9 ամիսների ընթացքում Երեւանում աշխատել է 1880 միկրոավտոբուս: 9 ամսվա ընթացքում հարկված եւ դեռեւս ակնկալվող գումարը միասին 366.4 մլն դրամ է: Այսինքն, ստացվում է, որ 9 ամսվա ընթացքում յուրաքանչյուր մեքենայից գանձվել է 194.893 դրամ: Ինչպես տեսնում ենք, այս տարվա 9 ամիսների ընթացքում յուրաքանչյուր մեքենայից հարկված գումարը զգալիորեն զիջում է անցյալ տարվա նույն ժամանակահատվածում հարկվածից: Յուրաքանչյուր մեքենայից այս տարվա ընթացքում պակաս է գանձվել 92.039 դրամ: Ավելացնենք նաեւ, որ յուրաքանչյուր մեքենայից գանձվող հաստատագրված վճարի չափն այս տարի եղել է այնքան, որքան անցյալ տարի: «ՌԱՖ» մակնիշի դեպքում օրական պահանջվում է վճարել 1430 դրամ, իսկ «Գազելի» դեպքում՝ 1950 դրամ: Նշված մեքենաների մակնիշով, ինչպես նաեւ տարբեր «գծի տերերի» ախորժակով պայմանավորված, վարորդներն օրական վճարում են «նալոգներ»՝ 3-6 հազ. դրամի չափով: Մեր զրույցների ընթացքում պարզվեց, որ վարորդների մեծ մասը տեղյակ չի հաստատագրված, դիսպետչերական ծառայության կատարած աշխատանքի դիմաց պահանջվող վճարների, ինչպես նաեւ «գծի տերերի» բյուջեին գանձվող գումարի չափից: Հիմնականում նշվում են մոտավոր թվեր: «Մեզանից պահանջում են օրական նալոգներ, մենք էլ տալիս ենք՝ անկախ այն բանից, գիծ դուրս կգա՞նք, թե՞ կվճարենք ու կգնանք տուն»,- ասաց N միկրոավտոբուսի վարորդը: ԱՆՈՒՇ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել