Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

2001 թվականը անցնում է պատմության գիրկը, իսկ երկրի քաղաքական զարգացումների վրա ազդող գործոնները մնու

Դեկտեմբեր 22,2001 00:00

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ- 3 2001 թվականը անցնում է պատմության գիրկը, իսկ երկրի քաղաքական զարգացումների վրա ազդող գործոնները մնում են նույնը՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, «Հոկտեմբերի 27»-ի դատավարությունը, եւ իհարկե չի կարելի 5-րդ անիվ համարել հասարակությանը: Սակայն սոցիալ-տնտեսական ճգնաժամը եւ հասարակական դժգոհությունը Քոչարյանին կմտահոգեն, միայն երբ այդ խաղաքարտերին դիմի իշխանությամբ իրեն մրցակից մեկը։ Իսկ Հայաստանում նման իշխանություն ունի միայն Սերժ Սարգսյանը։ Գրեք՝ ինչ ուզում եք Սերժ Սարգսյանն ասում է՝ իր համար նշանակություն չունի, թե իր մասին բացասական ինչ կգրեն։ Բացասական ինչ էլ գրեն՝ հակառակ ազդեցություն է ունենալու, քանի որ մարդիկ այն աստիճան չեն վստահում հակաքոչարյանական մամուլին, որ այդտեղ գրված բացասական որակումը հասարակությունը ընկալում եւ գնահատում է որպես դրական։ Գուցե նախարարը ազգային անվտանգության համակարգի ղեկավարի՝ իր երբեմնի տեղեկացվածությունից է օգտվում, բայց նրան կարելի է հավատացնել, որ իր մասին դրական կամ բացասական գրում են ոչ հասարակական արձագանքը նկատի ունենալով։ Պարզապես, դրական գրելու համար պետք է ընդօրինակել քծնողներին, որ ոչ միայն Սերժ Սարգսյանին, այլ նույնիսկ նրա թիկնապահներին հաճոյանալու համար խորհրդարանի ճեմասրահներում ճամարտակում են, թե ի՜նչ պահանջներ կարող են ներկայացվել Հայաստանի ԱԱՆ-ին՝ իր խղճահարույց բյուջեով, երբ տրիլիոնների ֆինանսավորում ստացող ամերիկյան ԿՀՎ-ն չկարողացավ «Սեպտեմբերի 11» կանխել։ Կամ էլ պետք է երեսպաշտ լինել պետական քարոզչամեքենայի չափ, որպեսզի բարոյական կազուս չտեսնես իրողության մեջ, որ «Հոկտեմբերի 27»-ից հետո ԱԱ նախարարը ոչ միայն չէր բարեհաճում հրաժարական տալ, այլեւ, ավելի ուշ, պաշտպանության նախարարի պաշտոն ստանձնեց։ Ի տես եւ ի գիտություն այդ քծնողների ու երեսպաշտների՝ այլ երկրներում էլ են միջադեպեր կատարվում, սակայն ի՜նչ արժանապատվությամբ են սեփական մեղքի բաժինը ընդունում եւ ասպարեզից հեռանում նրանց պաշտոնյաները: Ուկրաինական օդուժը սխալմամբ, ինչ-որ տեղ կասկածելի հանգամանքներում, իսրայելյան ինքնաթիռ կործանեց: Երկրի հեղինակությանը հասցված հարվածի համար զինավարժությունների հրամանատարները հրաժարականներ ներկայացրին: Սակայն Ուկրաինայի պաշտպանության նախարարը պատվի զգացում ունեցավ հայտարարելու, որ իր ենթակաների թիկունքում չի թաքնվի, եւ սեփական հրաժարականը ներկայացրեց։ Ի՞նչ է, պաշտպանության նախարարը ինչ-որ քաղաքացիական ինքնաթիռի անվտանգության համար ավելի մեծ պատասխանատվություն է կրում, քան ԱԱ նախարարը պետության կողմից պահպանվող մի քանի շենքերի անվտանգության համա՞ր։ Անշուշտ՝ ոչ։ Կամ, Վրաստանի ազգային անվտանգության նախարարը հրաժարական ներկայացրեց միայն նրա համար, որ իր գերատեսչության աշխատակիցները, զանցառելով օրինականությունը, «Ռուսթավի- 2» հեռուստաընկերությունում ստուգումներ էին անցկացրել, ինչը տեղի էր տվել զանգվածային բողոքի ալիքի։ Ուղղակի պետք է գիտակցել, որ մարդկային արժեքները բյուրեղացնում է ժամանակը: Բարձրագույն պաշտոնները ազգային անվտանգության, ներքին գործերի կամ պաշտպանության համակարգերում, անկախ հանգամանքից, դրանք զբաղեցնում է քաղաքացիական անձ, թե զինվորական, ենթադրում է համապատասխանություն սպայի կոչմանը: Սպայական պատվախնդրությունը զարդ չէ շքերթների համար, դա վարքագծի չափանիշ է նաեւ պարտություններ կրելիս։ Եվ ով էլ քծնելու կամ երեսպաշտության խնդիր չունենա, կընդունի, որ Սերժ Սարգսյանը կատարել է սխալներ, որ աններելի են: Աններելի են բարոյականության չափանիշներով, հասարակության համար, եւ առնվազն Ստեփան Դեմիրճյանի: Այլ հարց է, թե ինչ շարժառիթներով է Սերժ Սարգսյանը այդ սխալները գործել: Դերախաղ Գուցե այն ժամանակ, երբ «Հոկտեմբերի 27»-ի գործից անջատված մասով հետաքննությունն ավարտվի եւ ԱԱՆ գործակալ Նաիրի Հունանյանի գործողությունները վերահսկող անձինք դառնան հայտնի, բազմաթիվ անհայտով հավասարումներ լուծվեն: Իսկ առայժմ Սերժ Սարգսյանը զբաղեցնում է նույն պաշտոնը, ինչ նախկինում Վազգեն Սարգսյանը, նրա նմանությամբ հրամայում է բանակին, վերահսկում է կիսաքաղաքականացված, կիսազինված երկրապահներին, նույնիսկ մահապարտներ է ակտիվացնում, իր ազդեցությամբ գերազանցում է վարչապետին: Ստորադասներն էլ ծառայում են հիրավի անմահ նշանաբանով՝ «Մեռավ թագավորը, կեցցե թագավորը»: Սերժ Սարգսյանը նվազ անկեղծ, սակայն ավելի շրջահայաց է, քան իր ազգանվանակիցը: Նա հազիվ թե վստահում է իր ստորադասներին, թերեւս նրանց կառավարում է, ինչպես իրերին, հետեւաբար՝ հազիվ թե վերջիններս կարողանան վնասել իրեն: Այլ հարց է հասարակությունը, որ Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին մեղադրում է գործողությամբ կամ անգործությամբ հոկտեմբերի 27-ի ոճիրին նպաստելու համար: Մեղադրանքները բարձրաձայնում են նաեւ զոհերի հարազատները: Քոչարյանը, իբրեւ հակազդում, նրանց հետ այրել է կամուրջները։ Սերժ Սարգսյանը, որքան էլ տարօրինակ է, պահպանում է հարաբերություններ։ Ասվածի կատարյալ հաստատում էին 2001-ի հոկտեմբերի 27-ի սգո արարողությունները, երբ Քաղաքային պանթեոն եւ Եռաբլուր այցելեցին օրենսդիր, գործադիր իշխանությունները, սակայն Ռոբերտ Քոչարյանը հարգանքի տուրք մատուցելու չէր գնում։ Գուցե չէր ցանկանում ականատես լինել նախորդ տարիների տեսարաններին, երբ խմբված ողջ բազմությունը իրեն «դավաճան» ու «մարդասպան» բացականչություններով է դիմավորել ու ճանապարհել: Տարօրինակ չէր լինի, եթե Սերժ Սարգսյանն էլ նույն կերպ վարվեր, որովհետեւ ինքն էլ անմասն չէ ամբաստանություններից։ Բայց նա երեկոյան ժամանելով Թբիլիսիից, անտեսելով ամեն կարգի մեկնաբանություն, ամբաստանություն ու գնահատական, առաջինը ուղեւորվում է Եռաբլուր։ Այդպիսի քայլ կատարելու համար պետք է սեփական անմեղության կատարյալ համոզում ունենալ։ Այդուհանդերձ, հասարակությունը եւ «27»-ի ոճիրի բացահայտմանը նախանձախնդիր Ստեփան Դեմիրճյանը չեն փոխում իրենց դիրքորոշումը: Դա է իրական վտանգը Սերժ Սարգսյանի համար: Այդ ներման անհնարինությունը երկընտրանք է պարտադրելու՝ մինչեւ վերջ Քոչարյանի հետ կամ հեռացում նրանից: Նվազ ուշագրավ չէր, որ Եռյակի կողմից «Հանրապետություն» կուսակցության համագումարում հրապարակված հայտարարության տեքստում բազմիցս հիշատակված ու քարկոծված էր Քոչարյանը, բայց հիմնականում շրջանցել էին Սերժ Սարգսյանին։ Էլ ավելի ուշագրավ է, որ թեեւ Քոչարյանը հայտարարել է, եւ հարկի ու անհարկի կրկնում է, թե 2003-ին վերստին առաջադրվելու է նախագահության թեկնածու, Սերժ Սարգսյանը հաջողությամբ խուսանավում է դիրքորոշում ճշտելուց։ Տեւական ժամանակ նրա չարտահայտվելը արդեն իսկ բերել է այն հետեւանքին, որ վերակենդանացող կուսակցություն-ակումբները միանշանակ չեն հայտարարում Քոչարյանին՝ երկրի արժանի նախագահ համարելու մասին։ Երեւի գերադասում են ժամանակ շահել։ Չէ՞ որ իրենք իշխանամետ են, իսկ իշխանությունը փոփոխական հասկացություն է։ Ինչո՞ւ շտապել եւ հանկարծ խաղից դուրս հայտնվել։ Այնպես որ, Քոչարյանի իշխանություն պահպանելը կախված է ոչ այնքան իրենից ու մանավանդ ամեն կարգի կուսակցություն-խմբակներից, որքան Սերժ Սարգսյանի աջակցությունից, կամ, ընդհակառակը՝ ճակատագրական լռությունից: Ինչու Սերժ Սարգսյանը հրապարակային աջակցության որեւէ քայլ չի կատարում: Նա իր ուժը, դերակատարությունը եւ ազդեցությու՞նն է ցույց տալիս, թե՞ ընտրություն է կատարում պրագմատիզմի եւ զգացումների միջեւ: Այո, նա Վազգեն Սարգսյանի անկեղծությունը չունի, որ պոռթկման պահին հայտարարի, թե ընդդիմությունը 100% ձայն էլ հավաքի, ինքը չի ճանաչելու, բայց բավարար շրջահայացություն ունի գիտակցելու համար, որ տոտալ մերժվող նախագահը անհուսալի հենարան է: Մյուս կողմից այդ նախագահի հետ ինքը կապված է անցյալով, եւ հեռանալը ըստ էության դավաճանություն է լինելու: Ի՞նչ կորոշի Սերժ Սարգսյանը: Զգալիորեն դրանից է կախված 2002-ի քաղաքական կյանքը երկրում եւ Քոչարյանի ապագան: ԼՈՒՍԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել