Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Այսպիսի եզրակացության է հանգել Նյու Յորքում գործող «Հյուման րայթս ուոթչ» իրավապաշտպան ազմակերպությու

Դեկտեմբեր 22,2001 00:00

Վախեցած վկաները նախաքննությունն ուղղորդում են կեղծ հետքով Այսպիսի եզրակացության է հանգել Նյու Յորքում գործող «Հյուման րայթս ուոթչ» իրավապաշտպան ազմակերպությունը՝ դատապարտելով ս.թ. սեպտեմբերի 25-ին «Առագաստ» սրճարանում նախագահ Ռ.Քոչարյանի թիկնապահների կողմից կատարված սպանության գործով մեղադրական եզրակացությունը: Հիշյալ կազմակերպությունը, որի կազմած եզրակացությունը տրամադրել է Հելսինկյան ընկերակցությունը, իր տարածած հայտարարության մեջ արձանագրել է մասնավորապես հետեւյալը. «Դեկտեմբերի 13-ին հրապարակված մեղադրական եզրակացության մեջ ՀՀ Գլխավոր դատախազությունը աղավաղված է ներկայացրել Պ.Պողոսյանի մահվան պատճառ դարձած միջադեպի նկարագրությունը՝ կատարվածը բացատրելով որպես դժբախտ պատահար: Դեկտեմբերի 7-ին թերթերից մեկին տված իր հարցազրույցում գլխավոր դատախազ Ա.Թամազյանը խոստովանել է, որ դիակի վրա եղած մարմնական վնասվածքները կարող էին կտտանքների արդյունք լինել: «Հյուման րայթս ուոթչ»-ում հավաքված են հիմնավոր վկայություններ այն մասին, որ Պ.Պողոսյանը մահացել է անվտանգության աշխատակիցների ծեծից»: Ապա կազմակերպության տարածած եզրակացության մեջ նշվում է՝ «Տասնյակ վկաներ տեսել են, թե ինչպես են թիկնապահները ծեծում Պ.Պողոսյանին դեռ «Առագաստ» սրճարանում, սակայն հնարավոր հետեւանքների նկատմամբ վախն ու դրանով պայմանավորված դավադիր լռությունը հանգեցրել են նրան, որ նախաքննությունն ականատեսների ցուցմունքներ չի ունեցել»: «Նախագահ Ռ.Քոչարյանի՝ նախաքննությանը ցուցաբերված հրապարակային աջակցությամբ հանդերձ, իրականությունն այն է, որ իրավապահ մարմինները վկաներին՝ ցուցմունքներ տալու դեպքում, անվտանգության երաշխիքներ չեն տվել»,- հայտարարել է «Հյուման րայթս ուոթչ» կազմակերպության՝ Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի գծով գործադիր տնօրեն Է.Անդերսենը: Ապա կազմակերպությունը շարադրել է «Առագաստում» տեղի ունեցածի՝ ընդհուպ մինչեւ նախագահ Քոչարյանին՝ սպանված Պ.Պողոսյանի ողջույնի ռեպլիկի մանրամասնությունները՝ ճիշտ այնպես, ինչպես տեղյակ է մեր ողջ հասարակությունը: Իրավապաշտպան այդ կազմակերպության ուշադրությունից չեն վրիպել նաեւ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Թամազյանի հայտարարությունները, ասուլիսներն այդ դեպքի առնչությամբ: «Հյուման րայթս ուոթչ», ի վերջո, հանգել է հետեւյալ եզրակացության՝ «Մեղադրանքը չի համապատասխանում կատարված հանցագործության ծանրությանը եւ հաշվի չի առնում այն, որ հարձակվողները մի քանիսն են եղել: Մեղադրականը խորհրդանշական բնույթ է կրում եւ չարագուշակ ազդակ է Հայաստանի քաղաքացիներին, որ անվտանգության ծառայությունը կարող է սպանել եւ անպատիժ մնալ»,- ասել է Է.Անդերսենը: Եզրակացության մեջ նաեւ հավելված է՝ «Հայաստանի իրավապահ կառույցներն ու անվտանգության մարմինները ազատ գործելու լայն հնարավորություններ ունեն՝ ներառյալ ձերբակալվածներին անպատիժ կերպով կտտանքների ենթարկելն ու սպանելը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել