Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Որ Հայաստանի ներքաղաքական դաշտն, ի վերջո, հստակեցման կարիք ունի, թերեւս, քչերն են կասկածում:

Դեկտեմբեր 22,2001 00:00

ԱՋ ՈՒԺԵՐՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԵՆ ԵԿՈՂ ՏԱՐԻ Որ Հայաստանի ներքաղաքական դաշտն, ի վերջո, հստակեցման կարիք ունի, թերեւս, քչերն են կասկածում: Այդուհանդերձ, 2002-ի՝ նախագահական նախընտրական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրական տարին խոստանում է ներքաղաքական դաշտում հատկապես այդ առումով հստակեցման տարի լինել: Ամեն դեպքում նման խոստումներ են տվել «ձախ» եւ «աջ» ուժերը: Աջ ուժեն իրենց հնարավոր միավորման մասին սկսել էին խոսել դեռ 98-ից հետո, բայց ամենատարբեր մակարդակներում, կիսանեղ շրջանակներում տեղի ունեցող բանակցությունները, ըստ էության, այդպես էլ ավելի առարկայական արդյունք չէին տվել: Միայն վերջերս «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության համագումարում «աջերի» ներկայացուցիչ եւ «Նոր ուղի» կուսակցության նախագահ Աշոտ Բլեյանը հայտարարեց, թե բանակցություններ են ընթանում լիբերալ-դեմոկրատական արժեքներ կրող ուժերի միավորման ուղղությամբ: «Ժողովրդավարական Հայրենիքի» նախագահ Պետրոս Մակեյանն արձագանքեց այդ կոչին եւ հավաստիացրեց, թե ինքը որեւէ խոչընդոտ չի տեսնում աջերի միավորման գաղափարը կյանքի կոչելու համար եւ պատրաստ է նույնիսկ հանուն գործի զոհաբերել կուսակցությունն ու որեւէ այլ կուսակցության նախագահ լինելու ամբիցիաներ չդրսեւորել: Իհարկե, առայժմ, ինչպես պարոն Բլեյանն ասաց մեր զրույցի ժամանակ, խոսքը աջերի այնպիսի միավորման մասին է, որտեղ առայժմ հարց չի դրվում՝ մեկ կուսակցության ներքո միավորվելու մասին: Բնական հարց էր առաջանում, թե պարոնայք «աջերն» ի՞նչ հույսեր ունեն, որ այս անգամ իրենց միավորումը, այնուամենայնիվ, իրականություն կդառնա: Այդ հարցին աջերը ինքնատիպ պատասխաններ ունեին: Մասնավորապես ՀՀՇ նախագահ Ալեքսանդր Արզումանյանը նկատեց, թե աջերը դատապարտված են միավորման. դա կլինի միեւնույն բլոկում, թե մեկ կուսակցությունում՝ կազմակերպչական խնդիր է: «Շամիրամի» նախագահ Շողեր Մաթեւոսյանն էլ նկատեց՝ «Միայն Քոչարյանի նման ապաշնորհ նախագահը կարող էր աջ ուժերի միավորման պատճառ դառնալ: Այդ միավորումն անկախ աջերի ցանկություններից ու կազմած ծրագրերից արդեն տեղի է ունենում՝ առանց ձեւակերպումների, քանի որ մեր ժողովուրդը կանգնած է «լինել-չլինելու» խնդրի առաջ: Մենք բոլորս պետք է հասկանանք, ճշտենք՝ այս երկիրը լոկ տարա՞ծք է, թե՞ հանրապետություն, կամ գուցե արոտավա՞յր»,- հռետորական հարցով փորձեց ճշտել տիկին Մաթեւոսյանը: Անդրադառնալով միավորման խոչընդոտ անձնական հավակնություններին, նա նկատեց. «Եթե ինչ-որ մարդիկ դեռ հավակնություններ ունեն, կնշանակի՝ Քոչարյանը նրանց հավակնությունների տեղ է թողել: Եթե ոմանք հավակնություններ բավարարելու խնդիր ունեն, կարող են գնալ՝ մի-մի ՍՊԸ ստեղծել, դառնալ դրա նախագահը, տանից հայտարարություններ անել ու դրսեւորել իրենց հավակնությունները»: Տիկին Մաթեւոսյանն, իր իսկ խոստովանությամբ, պատրաստ է՝ «եթե կարիք լինի, որ կանանց կուսակցությունն ընդհանրապես գոյություն չունենա՝ այդ հարցում եւս խնդիր չունենք»: Իհարկե, նա կարծիք հայտնեց, թե տվյալ դեպքում խնդիրն ավելի մեծ է եւ լուրջ, քան՝ մեկ-երկու կուսակցությունների լինել-չլինելը: Երբ խոսվում է հավակնությունների մասին, աչքի առաջ ունենում ենք այն գործիչներին, ովքեր ժամանակին ինչ-ինչ պատճառներով հեռացան ՀՀՇ-ից: «Ես չեմ կարծում, որ 1990-ին օրինական ընտրությունների միջոցով իշխանության եկած ուժի տրոհումը պետք է բացատրել միայն ամբիցիաներով: Առավել եւս, չեմ կարծում, թե աջ ուժերի միավորումը միայն ՀՀՇ-ից պոկված ուժերի մասին է: Իհարկե, դրանք հակված են սկզբունքորեն ավելի հեշտ միավորվելու, քան մյուսները: Խոսքն ընդհանրապես աջ ուժերի այն միավորման մասին է, որտեղ համաձայնություն կա մի քանի սկզբունքային հարցերի շուրջ. 1991-ի հանրաքվեն եւ անկախության հռչակումը դիտարկել որպես Հայաստանի Երրորդ Հանրապետության անձնագիր եւ հավատարիմ լինել այդ որոշմանը, 95-ի Սահմանադրությունը համարել որպես այս երկրի պետական կարգ, Երրորդ Հանրապետության բոլոր ձեռքբերումները մերն են եւ դրան շատ մեծ խնամքով պետք է վերաբերվել՝ միաժամանակ մեր բոլոր թերացումները համարել մեր դասը, ինչը միաժամանակ լուրջ քննարկման կարիք ունի»,- վստահեցրեց Ա.Բլեյանը: Նախորդ ժամանակաշրջանի փորձը մեզ մեկ այլ հարց էլ է հուշում. դաշինքները սովորաբար ստեղծվում եւ հետո լուծարվում են, եւ արդյո՞ք Աջ ուժերի դաշինքն էլ ժամանակավոր չի լինելու՝ ուղղված միայն Քոչարյանի ու նրա ռեժիմի դեմ: Ըստ Շ.Մաթեւոսյանի, այսօր գերխնդիրը, իրոք, ոչ լեգիտիմ նախագահ Քոչարյանի ու նրա ապօրինի ռեժիմի հեռացումն է իշխանությունից. «Բռնապետության տապալումից հետո կուսակցությունները կարող են նաեւ անջատվել, ինքնորոշվել, վերածվել ատոմների եւ այլն: Դա ինձ ավելի քիչ է հետաքրքրում»: Ա.Բլեյանի պատկերացումն այս հարցում այլ է՝ «Այդ միավորումը պետք է լինի մաքուր, գաղափարական հենքի վրա, որը կդառնա կոնկրետ եւ ծրագրային: Գլխավորն այն է, որ այդ ուժը կարողանա հայաստանցուն ներկայացնել ռեալ այլընտրանք, որ նրա մեջ մարդիկ տեսնեն այն ունակ միավորը, որը գիտե՝ ինչ է ուզում, ինչպես պետք է անել, եւ, որին հայաստանցին կտա իր վստահության քվեն: Գործող իշխանության նկատմամբ եւս դիրքորոշումը հստակ է՝ անօրինական իշխանությունն օր առաջ պետք է հեռանա: Այդ իմաստով մենք պատրաստ ենք ճակատ կազմել բոլոր այն ուժերի հետ, ովքեր երկու հարցում հստակ դիրքորոշում են հայտնել՝ իշխանության լեգիտիմությունն անշրջանցելի է եւ դա Հայաստանում պետք է վերականգնվի, նաեւ՝ պարտավոր ենք ապահովել օրինական իշխանության կայացումը Հայաստանում եւ՝ հենց առաջիկա ընտրություններում»: Պարոն Բլեյանը նաեւ համոզմունք հայտնեց, որ «արդեն գարնանը մենք կկարողանանք ներկայանալ հասարակությանը: Մի բան եւս պարզ է. աշնանը, տեղական ինքնակառավարման ընտրությունների ժամանակ, մենք հասարակությանը ներկայացվող այլընտրանքն արդեն կունենանք»: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել