Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿԸՀ անդամ Ռուբեն Հովհաննիսյանը չափազանց դիպուկ բնորոշեց այսօրվա խորհրդարանի կարգավիճակը. «Եթե մենք՝

Դեկտեմբեր 22,2001 00:00

Քաղաքակա՞ն է արդյոք կատարվածը ԿԸՀ անդամ Ռուբեն Հովհաննիսյանը չափազանց դիպուկ բնորոշեց այսօրվա խորհրդարանի կարգավիճակը. «Եթե մենք՝ ԿԸՀ-ն, ղեկավարվեինք բարոյական նորմերով, Ազգային ժողովի կեսը չէր լինի»։ Այսպես մերկապարանոց եւ դիպուկ հայտարարություն անելու համար հիմք էր ծառայել Արմավիրի մարզային ընտրական հանձնաժողովի նախագահ Անահիտ Մանուկյանի պոռթկուն խոսքը, որով նա փորձում էր ապացուցել, որ Արմավիրի մարզի Նոր Կեսարիայի համայնքային ընտրություններում իրենց հանձնաժողովը իրավացիորեն է մերժել Վաչագան Հարությունյանին որպես թեկնածու գրանցելը։ Հենց սկզբից ասենք, որ ԿԸՀ-ն չափազանց օբյեկտիվ որոշում կայացրեց. չեղյալ համարել Արմավիրի մարզային ընտրական հանձնաժողովի որոշումը եւ հանձնարարել հանձնաժողովին՝ կրկին քննարկելու այդ հարցը։ Մարզայինի նախագահ տիկին Մանուկյանի խոսքի պաթոսից ակնհայտ էր, որ նա ամեն ինչ անելու է Վաչագան Հարությունյանին չգրանցելու համար։ Ինքն ի՛ր փաստարկներն ունի այդ բանն անելու համար, Վ. Հարությունյանն՝ ի՛ր։ Ա. Մանուկյանն ասում է, թե հանձնաժողովին ոչ ոք չի ճնշել նման որոշում կայացնել, իսկ Վաչագան Հարությունյանը եւ հանձնաժողովականների մի մասն այն կարծիքին է, որ մարզպետ Հերոյանն է ճնշողը։ Վաչագան Հարությունյանը այն գյուղապետն է, որի կողմնակիցները եւ հակառակորդները մոտ երկու տարի շարունակ, իրար հերթ չտալով, նստացույց էին կազմակերպում մեկ՝ նախագահի նստավայրի, մեկ էլ՝ խորհրդարանի պարիսպների տակ։ Վ. Հարությունյանը գյուղապետ է ընտրվել 96-ին, ձայների մեծամասնությամբ, դրանից հետո վերընտրվել է 99-ին՝ կրկին ձայների մեծամասնությամբ։ Մինչ այդ նա իմանում է, որ Փարիզի «Կեսարիա» հայրենակցական միությունը 676 հազար ֆրանսիական ֆրանկ է փոխանցել Արմավիրի մարզի Նոր Կեսարիա գյուղին։ Գյուղապետը փորձել է պարզել, թե ի՞նչ գումար է եւ ինչո՞ւ չի հասել գյուղ։ Կառավարությունում կարգին պատասխան չի տրվել, ավելի ճիշտ՝ ասվել է, թե գյուղապետի ինֆորմացիան սխալ է, վերջինս դիմել է Փարիզի «Կեսարիա» հայրենակցական միությանը։ Ֆրանսիայից մարդիկ են եկել Հայաստան եւ ներկայացրել են շնորհակալագիրը, որն իրենք ստացել են նվիրատվության դիմաց։ Գյուղապետը փորձել է հարցը պարզել՝ եթե գումարը եկել է, ինչո՞ւ տեղ չի հասել։ Վ.Հարությունյանը դիմել է այն ժամանակ նախագահի պաշտոնակատար Ռ. Քոչարյանին։ Նախագահի աշխատակազմ հրավիրված գյուղապետին ասել են, թե գումարը չեն կարող առձեռն տալ, եւ այն կմարվի պարարտանյութի եւ վառելիքի տեսքով։ Դրանից հետո գյուղում եւս իրարանցում է սկսվում։ Մարզպետ Հերոյանը խորհուրդ է տվել գյուղապետին «կրակի հետ խաղ չանել»։ Գյուղապետի ասելով, իր գլխին սարքած պատմության հետեւանքն այն եղավ, որ իրեն ձերբակալեցին՝ փորձելով զրկել ընտրություններին մասնակցելու հնարավորությունից. «99 թ. գրանցմանը մնում էր 8 րոպե, մի կերպ թեկնածություն գրանցեցի։ Իմ դեմ երեք թեկնածու էին դրված մարզպետի տարբերակով, բայց նրանք իմ չափ ձայն չտարան»։ Արդյունքում՝ մարզպետը գյուղում սկսում է համալիր ստուգումներ, գործերն ուղարկում է դատախազություն, որը քրեական գործ չհարուցեց հանցակազմ չլինելու պատճառով։ Վ. Հարությունյանի լիազորությունները դադարեցված են «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 4-րդ կետով, ըստ որի Վ. Հարությունյանը կամ մահացած պետք է լիներ, կամ անհայտ կորած։ Վ.Հարությունյանը վստահ է, որ մարզպետ Հերոյանը թյուրիմացության մեջ է գցել կառավարությանը, իսկ կառավարությունը՝ նախագահին։ Հավելեց, որ Վ. Հարությունյանը ԵԿՄ եւ «Հանրապետություն» կուսակցության անդամ է։ Մ. Ե.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել