Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պատգամավորական եւ կուսակցական շրջանակներում խոսվում է այն մասին, թե ՀՀ Մշակույթի, երիտասարդության հա

Դեկտեմբեր 22,2001 00:00

Ընտրություններին ընդառաջ Պատգամավորական եւ կուսակցական շրջանակներում խոսվում է այն մասին, թե ՀՀ Մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարար Ռոլանդ Շառոյանը քաղաքական կուսակցություն է ստեղծում։ Թերեւս վերոհիշյալ շրջանակները շփոթում են «Հաղթանակ» անունը կրող սպորտային միության հետ, որը հասարակական կազմակերպություն է, եւ ստեղծվել է ամիսներ առաջ։ Միությունը ստեղծվել է ՀԱՕԿ-ի ղեկավարության եւ մի քանի օլիմպիական չեմպիոնների նախաձեռնությամբ, պատճառաբանությամբ, թե ինչու կան գրողների, նկարիչների, կոմպոզիտորների եւ այլ միություններ, որոնք աջակցում են մշակույթի գործիչներին, իսկ սպորտսմենները չունեն։ Մեր տվյալներով, անգամ Օգսեն Միրզոյանը խնդիրը բարձրացրել է այսպիսի բովանդակությամբ. «103 անգամ Հայաստանի դրոշը մենք ենք բարձրացրել տարբեր երկրների բեմահարթակներից, բայց միություն չունենք»։ Այս միությունը ստեղծվել է Ռուսաստանի սպորտսմենների միության նախատիպով, ինչը նշանակում է, որ հետագայում այս միությունը կձգտի իր պատգամավորն ունենալ խորհրդարանում, ինչպես Ռուսաստանում է եւ հենարան դառնալ տարբեր ընտրություններում։ Ակնհայտ է, որ Հայաստանում մոտ 20 հազար եւ ավելի մարզիկներ կան (վետերանները ներառյալ) եւ բոլորը կընդգրկվեն այդ միության մեջ։ Բնականաբար, այս տվյալները եւ «Հաղթանակ» միության այսօրվա ստեղծման հեռահար նպատակներն են վերլուծվում քաղաքական շրջանակներում եւ մտահոգություն առաջացնում։ Հայաստանի 100-ից ավելի ոչ մի կուսակցություն կամ կազմակերպություն այդքան անդամներ չի կարող ապահովել, որքան «Հաղթանակի» սպորտսմենները կկազմեն եւ, անշուշտ, վերջիններս նախագահական ու պատգամավորական ընտրություններում իրենց բաժին դերը կկատարեն՝ այդ ծառայության դիմաց պաշտոններ ստանալով։ Ռոլանդ Շառոյանը հերքեց իր՝ «Հաղթանակի» ստեղծման մեջ դեր կամ որեւէ կարգավիճակ ունենալը։ Նա միայն նշեց, որ «Հաղթանակում» ընդգրկված բոլոր սպորտսմեններն իրեն այնքան ջերմ են վերաբերում, որ ցանկացած իրավիճակում կսատարեն։ Այս միության իր անվան հետ կապելու փաստը բացատրեց միայն մարզական աշխարհի հետ իր ունեցած հարաբերությամբ, իսկ պատգամավորների եւ կուսակցականների անհանգստությունը՝ մարզիկների մեծ քանակով, որը լուրջ ուժ է։ Այս միության ստեղծման մեջ մեծ դեր են ունեցել Ալբերտ Ազարյանը, Իշխան Զաքարյանը, Օգսեն Միրզոյանը եւ այլք։ Ինչ խոսք, չենք կարող չնկատել, որ միությունը խստագույնս կպատրաստվի ընտրություններին՝ քծնանքի եւ քաղաքական խաղերի ճանապարհով։ Ս. Ս.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել