Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դղյակաշինությունը Հայաստանում վերջին տարիների տարածված երեւույթներից մեկն է դարձել։ Մրցակցության առի

Դեկտեմբեր 22,2001 00:00

Ո՞Վ Է ՊԱՐԿԵՇՏԸ Դղյակաշինությունը Հայաստանում վերջին տարիների տարածված երեւույթներից մեկն է դարձել։ Մրցակցության առիթ է դարձել՝ ով ավելի մեծ ու ճոխ (ըստ ճաշակի) դղյակ-տուն կամ ամառանոց կկառուցի… ուրեմն ավելի ուժեղ է։ Եւ երբ դա անում է գործարարը՝ հասկանալի է, սակայն երբ կառուցում է նախարարը կամ փոխնախարարը, կամ իշխանության որեւէ ներկայացուցիչ, այն էլ պաշտոնավարության ժամանակ, հարց է առաջանում՝ ինչպե՞ս։ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը, հիշում ենք, ՀՀ ՆԳ նախարար Հայկ Հարությունյանին նշանակելիս վերջինիս ներկայացրեց իբրեւ պարկեշտ անձնավորություն։ Բայց թերեւս ՀՀ նախագահն էլ տեղյակ չէ, որ Բջնիում՝ Հրազդան տանող ճանապարհին ՀՀ ՆԳ նախարարը վերջին այս մեկ տարվա ընթացքում՝ 2000թ. սկզբից կառուցել է քարե պարսպով շրջափակված մի քանի հարկանի մեծ ամառանոց, որը սիրողական լուսանկարչական սարքով հնարավոր չէ նկարել։ Դա միգուցե ստացվի լուսանկարել ուղղաթիռից։ Ամբողջ հսկա տարածքը նախարարը լուսավորում է մեծ լուսամփոփներով. հետաքրքիր է՝ նախարարը բարեխղճորեն վճարո՞ւմ է ծախսած էլեկտրաէներգիայի վճարը, ինչպես պահանջում են սովորական քաղաքացիներից։ Նախարարի ամառանոցի շրջակայքում քիչ տներ կան։ Այդտեղացիներից մեկի պատմելով՝ այդ ամառանոցի մի մասը՝ աղքատիկ ու չվերանորոգված տեսքով եղել է մինչ նախարարի ձեռքբերումը։ Հ. Հարությունյանը, ասում են, սա ձեռք է բերել 97-98թթ.։ Եվ այս մեկ տարում է ՆԳ նախարարը հաջողացրել վերանորոգումը, կառուցապատումը, նույնիսկ երկհարկանի գոմի կառուցումը։ Մի միլիցիոներ դեռ մեկ ամիս առաջ պատմում էր, որ ՆԳ նախարար Հայկ Հարությունյանը նախարար նշանակվելուց մի քանի ամիս անց Հ. Վարյանի ձեռքից վերցրել է պետավտոտեսչության կուրատորությունը եւ մեր միլիցիոներները անմիջապես նախարարին էին ենթարկվում՝ մինչեւ վերջին օրերս։ Գուցե հենց պետավտոտեսչության ոլորտի սպասարկումն է թույլ տվել նախարարին իր պաշտոնավարության ընթացքում դաչա կառուցել։ Ինչո՞ւ են կարծում, թե ժողովուրդը այս ամենը չի տեսնում կամ չի լսում։ Ահա այսպիսի երեւույթներն են նաեւ դառնում ժողովրդի հիասթափության պատճառ։ Կ. ԱՆԱՍՏԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել