Լրահոս
Օրվա լրահոսը

Վերապատրաստում ուկրաինական ձեւով

Դեկտեմբեր 21,2001 00:00

Վերապատրաստում ուկրաինական ձեւով Ամերիկյան PADCO կազմակերպության «Սոցիալական համագործակցություն» վերապատրաստման ծրագրի շրջանակներում Հայաստանի սոցիալական ապահովության նախարարության, տեղական ինքնակառավարման մարմինների եւ հասարակական հատվածի ներկայացուցիչներից կազմված պատվիրակությունը 18 օր շարունակ վերապատրաստվեց Ուկրաինայի Օդեսա, Լվով, Ուժգորոդ, Կիեւ քաղաքներում։ Վերապատրաստման հմայքը, ըստ «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության նախագահ Սուսաննա Թադեւոսյանի, այն է, որ Ուկրաինայում՝ առավելապես եւ մասնավորապես Օդեսայում, տեղական ինքնակառավարման մարմինները, օրենքով վերապահված իրավասությունների շրջանակներում, տնօրինում են իրենց բյուջեն։ Կոնկրետ դեպքում, մրցութային կարգով ընտրում են հասարակական կազմակերպություն եւ նրան սոցիալական ծառայություններ պատվիրում։ Այսինքն, համատեղ գումարներով պետական ծրագիր են իրականացնում։ Կարծես թե հարգանքի արժանի գործ է, եթե միայն այդ ամենն օրենսդրական հիմք ունենա։ Ողջ խնդիրն այն է, որ ուկրաինական օրենսդրությամբ նման համագործակցություն չի նախատեսվում։ Եվ հաճախ, այդօրինակ համագործակցությունը Ուկրաինայում եւս «խնամի-ծանոթ-բարեկամ» հիմքի վրա է։ Կիեւում, պարզվում է, նման գործունեությունը անօրինական են որակել։ Ավելին, Ուկրաինայի սոցապ նախարարության ներկայացուցիչների հետ բավական դժվարությամբ ձեռք բերված հանդիպման ժամանակ վերջիններս հայտարարել են, որ «չեն պատրաստվում հասարակական կազմակերպություններին որեւէ բան վստահել»։ Այս հայտարարությունը միանգամայն հասկանալիորեն հայ հասարակական հատվածի ներկայացուցիչների զայրույթն է առաջացրել։ Որից հետո նրանք իրենց անկեղծ սերն են արտահայտում առ մեր կառավարական տարբեր օղակները, որոնք գոնե պատրաստակամ եւ միշտ ընդունում են հասարակական կարծիքը։ Արդեն գարնանը Հայաստանի ԱԺ-ն եւս կընդունի տեղական ինքնակառավարման մարմինների մասին օրենքը։ Վերջիններս եւս հնարավորություն կստանան ինքնուրույն գործելու։ Եթե զուգահեռ այլ օրենսդրական փոփոխություններ էլ կատարվեն, որոնք սոցիալական համագործակցության հիմք կհանդիսանան, կմնա PADCO-ից շնորհակալ լինել մեր պատվիրակներին նախապես վերապատրաստելու համար։ Այլապես կսկսվի վերապատրաստվածների իսկական կռիվ։ Հասարակական հատվածը մի գլուխ կբողոքի տեղական ինքնակառավարման մարմիններից՝ չհամագործակցելու համար, կառավարականները կպնդեն, որ նման գործունեության օրենսդրական հիմք չկա, արդյունքում կհաղթի խնամիածանոթաբարեկամական գործոնը։ Կստանանք իսկ եւ իսկ Ուկրաինայի պատկերը։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել