Լրահոս
Օրվա լրահոսը

Ասում է Սարգիս Հովսեփյանը

Դեկտեմբեր 21,2001 00:00

«ԱՌԱՆՑ ՀՍՏԱԿ ՆՊԱՏԱԿԻ, ԹԻՄԸ ԽԱՂԱԴԱՇՏՈՒՄ ԱՆԵԼԻՔ ՉՈՒՆԻ» Ասում է Սարգիս Հովսեփյանը «Զենիթի» պաշտպան Սարգիս Հովսեփյանը Ռուսաստանի ավարտված առաջնությունում կայուն խաղ ցուցադրած հայ ֆուտբոլիստներից մեկն է։ Նրա հուսալի գործողությունները «Զենիթի» պաշտպանության կենտրոնում կարեւոր դեր խաղացին թիմի հաջող մրցելույթների, մասնավորապես, մրցանակային տեղ գրավելու գործում։ Այժմ Սարգիսը իր թիմի հետ նախապատրաստվում է Ռուսաստանի հաջորդ առաջնությանը։ «DCA»-ի թղթակիցը հանդիպել է Ս. Հովսեփյանին եւ խնդրել կիսել տպավորությունները անցած մրցաշրջանում «Զենիթում» եւ Հայաստանի ազգային հավաքականում իր ելույթների շուրջ։ – «Զենիթը» հավաք է նախատեսել Տուապսեում հունվարի 8-ից, սակայն եղանակը դժվար թե այնտեղ մեկնելու հնարավորություն տա։ Հավանական է, որ նախապատրաստումն անցկացնենք Իսպանիայում կամ Իտալիայում։ Սկզբունքորեն մրցաշրջանը «Զենիթում» ինձ համար հաջող դասավորվեց։ Սակայն Հայաստանի հավաքականի ձախողումն աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում մրցաշրջանը հաջող համարելու իրավունք չի տալիս։ Ես հավաքականի մրցելույթներն անբավարար եմ գնահատում։ – Ասում են, թե հավաքականը հոգեբանորեն կոտրված էր Ուկրաինայի հետ հանդիպումից հետո։ – Չեմ կարող հաստատել, թե թիմի մարտական ոգին ընկել էր։ Այո, կարելի է ասել, որ մենք հոգեբանորեն ճնշված էինք երեւանյան այդ հանդիպումից մի քանի օր հետո Մինսկում կայացած խաղում։ Բայց հետո ամեն բան կարգավորվեց։ Ինձ թվում է, թե անհաջողության գլխավոր պատճառը հավաքականի աշխատանքը կոորդինացնող կառույցների անհամաձայնեցվածությունն էր։ Դա վերաբերում է ֆեդերացիային, մարզիչներին եւ ֆուտբոլիստներին։ Բոլորն էլ մեղավորության իրենց բաժինն ունեն։ Բացի դա, անհաջողության պատճառը հստակ դրված խնդրի բացակայությունն էր՝ չգիտեինք, թե ինչ տեղի համար էինք պարտավոր պայքարել։ Առանց հստակ դրված նպատակների թիմը դաշտում անելիք չունի։ – Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի վիճակահանությունից հետո հավաքականի նոր մարզիչ կնշանակվի։ Հնարավոր է՝ նա հրավիրվի արտասահմանից։ Ձեր տեսակետն այս խնդրի մասին։ – Դա Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործն է։ Իսկ ես պատրաստ եմ իմ երկրի համար խաղալ ցանկացած մարզչի ներկայությամբ։ – Գաղտնիք չէ, որ յուրաքանչյուր մարզիչ թիմն ընդունելով առաջին հերթին հայացքն ուղղում է լեգեոներականների կողմը։ – Ներկայումս լեգեոներականները հավաքականի հիմնական կորիզն են կազմում։ Բայց դա, իհարկե, լավ խաղի երաշխիք չէ։ Չնայած նրանք հանդես են գալիս ավելի ուժեղ առաջնություններում, քան Հայաստանինն է։ Կա նաեւ այլ մոտեցում՝ աշխատանքի ճիշտ կազմակերպումը։ Կարելի է լավ թիմ հավաքել Հայաստանի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստներից։ ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել