Խճճվել ենք գովազդների թոհուբոհում… Վերջերս ալկոհոլային խմիչքները գովազդելու մեծ հաղթարշավ է սկսվել, որի մեջ, անշուշտ, հիմնական տեղը գրավում են Ավշարի գինու գործարանը եւ «Վեդի-ալկոն»։ Բանը հասել է նրան, որ Հանրային հեռուստատեսության «Ռուբիկոն+» երիտասարդական-երաժշտական հաղորդաշարը մեծ ջանասիրությամբ տասը րոպեն մեկ ցուցադրում է Ավշարի գինու գործարանի արտադրած ալկոհոլային խմիչքների գովազդները (յուրաքանչյուր հաղորդման ժամանակ հինգ-վեց գովազդ է ցուցադրվում), պատճառաբանելով, որ Ավշարի գինու գործարանն է իրենց հովանավորն ու նրանց շնորհիվ են իրենք էկրան դուրս գալիս։ «Ռուբիկոն+» հաղորդաշարի հաղորդավարները, չբավարարվելով միայն գովազդներ ցուցադրելով, չեն մոռանում մի քանի խոսք էլ իրենց կողմից ասել։ Մի՞թե զավեշտական չէր, երբ նոյեմբերի 28-ի հաղորդման ժամանակ «Ռուբիկոն+» հաղորդաշարի հաղորդավարը հերթական գովազդը ցուցադրելուց հետո, չմոռացավ տալ նաեւ իր խորհուրդը՝ թե «ցրտերն արդեն ընկել են, կարծում եմ վատ չի լինի օրական մի քանի բաժակ Ավշարի գինու գործարանի արտադրած օղի օգտագործել» (ինչպիսի՜ հոգատարություն)։ Սովորաբար հովանավորությունը կատարում են առանց սպասելիքի։ Եթե Ավշարի գինու գործարանը հովանավորում է «Ռուբիկոն+» հաղորդաշարը, որի մասին այդքան շատ են խոսում հաղորդավարները, ապա որպես փոխհատուցում չպետք է այդ գործարանի արտադրանքը այդքան շատ գովազդել։ Ավշարի գինու գործարանի գովազդներից մեկում օղու շշով գլուխ են ջարդում, մի այլ գովազդում՝ խմելու մոլուցքով տարված հերոսը սառնարանն է ջարդուփշուր անում օղու շիշը հանելու համար՝ հիշեցնելով այն թմրամոլներին, որոնք իրենց գրգռված մարմնին հագուրդ տալու համար դեղատների ապակիներն են կոտրում՝ թմրանյութ գողանալու համար։ Ավելի զայրացուցիչն այն է, որ այդ գովազդների հեղինակները դրանք համեմում են ժողովրդական իմաստնություններով («ժողովուրդը երբեք չի սխալվում», «լավ է չունենաս հարյուր դահեկան, ունենաս երկու բարեկամ» կամ՝ «բարեկամիդ հետ կերուխում արա, առեւտուր մի արա» եւ այլն)։ Այո, ժողովուրդն իմաստուն է, բայց ոչ Ավշարի գինու գործարանի ալկոհոլային խմիչքները գնելու հարցում։ Միթե ժողովրդական իմաստնությունները պետք է այդպես գռեհկացնել ու հարմարեցնել (թեեւ չեն հարմարվում) ալկոհոլային խմիչքների գովազդներին։ Միթե նույն կարճատեսության հետեւանքը չէ, որ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի գողտրիկ ստեղծագործությունները (Քաջ Նազար, Ձախորդ Փանոս, Կիկոսի մահը) դարձրել են ծխախոտի հակագովազդներ, որոնք ավելի շատ նման են ծխախոտի գովազդի, քան՝ հակագովազդի։ Հասկանալի է, որ գովազդներ պետք է լինեն, բայց ամեն ինչ պետք է լինի չափի մեջ ու ճաշակով եւ ունենա դաստիարակչական իմաստ, այլապես հեռուստադիտողների համար դրանք դառնում են ձանձրալի ու տհաճ։ Ինչպես բոլոր հաղորդումները, այնպես էլ գովազդները ցուցադրվում են հեռուստադիտողի համար, ուստի նրա համբերությունը չպետք է չարաշահել։ ՎԱՉԻԿ ԲՈՒՆԻԱԹՅԱՆ