Լրահոս
Օրվա լրահոսը

SOS-kinderdorf համաշխարհային կազմակերպությունը 1989թ. Աբովյանի Կոտայք գյուղում բացեց SOS մանկական գյ

Դեկտեմբեր 21,2001 00:00

Խեղաթյուրված ճակատագիր SOS-kinderdorf համաշխարհային կազմակերպությունը 1989թ. Աբովյանի Կոտայք գյուղում բացեց SOS մանկական գյուղ-մանկատունը։ Հիմնադիրը ավստրիացի գործարար Հեման Գմայներն էր։ Գյուղ-մանկատունն ունի 12 ընտանիք, որոնցից յուրաքանչյուրն ունի իր մայրը։ Ամեն մի ընտանիքում ապրում են 6-18 տարեկան 7-8 երեխա։ Մանկատունն ուներ նպատակ՝ որբ եւ լքված երեխաների համար ստեղծել ընտանեկան ջերմ մթնոլորտ եւ նպաստել նրանց հոգեբանական զարգացմանը։ SOS մանկատանն է մեծացել քսանմեկամյա Բելլան, որը ծնողների մահից հետո ոչ մի հարազատի մոտ ապաստան չգտնելով՝ ներկայացել է ոստիկանություն եւ օգնություն խնդրել։ Նրան տեղավորել են մանկատանը։ Այդ որբ աղջկա հետ իմ զրույցը սոսկ մեկ նպատակ ուներ՝ ծանոթանալ SOS մանկատան պայմաններին՝ սնունդ, ուսուցում։ Բայց իմ առջեւ բացվեց մարդկային մի դաժան ճակատագիր՝ տառապանքներով ու հալածանքներով լի։ Բելլան 11 տարեկան էր, երբ նրան տեղավորեցին մանկատանը։ Իրենց ընտանիքում, իր 6 քույրերից եւ եղբայրներից ավագը ինքն էր՝ կենսախինդ, բայց միշտ թախծոտ աչքերով աղջնակը, որ սիրում էր իր «ընտանիքը», կյանքը, մարդկանց։ Ուսումը ստացել է Կոտայքի դպրոցում, ուր, ըստ նրա, դասավանդումը բարձր մակարդակի վրա չէր։ Սակայն զբաղվել է ինքնակրթությամբ, կարդացել է հայ եւ ռուս գրողների ստեղծագործություններ։ Բայց դեռեւս մանուկ Բելլայի համար աշխարհը ներկայանում է առավել մռայլ գույներով։ Որբությունը, որ մինչ այդ գիտակցում էր նա, բայց չէր հասկանում, կրկնապատկվում է։ Ըստ նրա՝ պատճառը SOS-մոր վերաբերմունքի փոփոխությունն էր իր նկատմամբ։ – Նա սկսեց տարբերություն դնել իր երեխաների միջեւ,- ասում է Բելլան,- հոգատարություն, մայրական ջերմություն ես այլեւս չէի զգում (թեեւ վերջինը երբե՛ք չեմ էլ զգացել)։ Անգամ սննդի մեջ էր տարբերություն դնում։ Չէր թողնում այցելեմ ընկերուհիներիս, միշտ խիստ էր եւ դժգոհ։ Այդ պատճառով սկսեցի ծխել, երբ դեռեւս 14 տարեկան էի։ Բելլան երկար տարիներ ապրել է այդ ընտանիքում, հոգ տարել իր քույրերի եւ եղբայրների նկատմամբ, սիրել նրանց, բայց որբության եւ անվստահության գաղափարը սեւ, անթափանց վարագույրի պես միշտ կախված է եղել իր եւ իր ապագայի միջեւ։ 17 տարեկանում ընդունվել է Երեւանի պետական բժշկական ուսումնարան եւ տեղափոխվել ապրելու Նոր Նորքում գտնվող հանրակացարան։ – Ես կարծում էի, թե իմ աշխարհը կլուսավորվի, երբ դուրս գամ մանկատնից։ Նոր ծանոթներ, ընկերներ ձեռք բերելը մեծ երջանկություն էի կարծում։ Սկզբում կարծես ամեն ինչ լավ էր. մանկատնից ինձ ամսական 50 դոլար էին տալիս, ուսումնարանից էլ երբեմն դրամական օգնություն էի ստանում։ Ապրում էի այնպես, ինչպես ուզում էի. հաճախում էի բար, դիսկոտեկ։ Ընկերներիցս հետ չէի մնում։ Սակայն մի օր ինձ կանչեց դեկանը եւ ասաց, որ ես չպետք է այդքան ազատ լինեմ, որ նրանք ունեն «հենարան»՝ ծնողներ, իսկ ես չունեմ այդ հենարանը։ Ես հետեւեցի դեկանի խորհրդին։ Նա ճիշտ էր, բայց համակուրսեցիներս սկսեցին արհամարհել ինձ։ Ես բոլորովին միայնակ էի։ Այդ պատճառով մեկ տարով թողեցի ուսումս։ Այստեղ՝ հանրակացարանում էլ ոչ ոք բարեւ չի տալիս։ Բոլորն արհամարհում են ինձ։ Յուրաքանչյուր երեխայի համար SOS մանկատանը տրամադրվում է 100 դոլար, որից 50-ը SOS-մայրը ծախսում է սննդի, հագուստի համար, իսկ մյուս 50-ը հավաքում՝ տուն գնելու համար։ Բելլան այսօր արդեն 3500 դոլար ունի հավաքած, որով պատրաստվում է տուն գնել, ու թեեւ ուսումնարանն ավարտելուց հետո էլ որոշել է աշխատանքի անցնել, այնուամենայնիվ, լավատես չէ։ – Ես գիտեմ, հալածանքն ու արհամարհանքը ուղեկցելու են ինձ ամբողջ կյանքում, որտեղ էլ եւ ում հետ էլ որ լինեմ,- ասում է Բելլան։ ԳԱՅԱՆԵ ԵԳԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել