Լրահոս
Օրվա լրահոսը

Հուզական

Դեկտեմբեր 21,2001 00:00

ՏՈՒԺԱԾ ՆԱԽԱՐԱՐԸ ԽԱՆԳԱՐՈ՞ՒՄ Է ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻՆ Հուզական սկիզբ ունեցավ երեկ «Հոկտեմբերի 27» քրգործի դատաքննությունը։ Ամբաստանյալ Համլետ Ստեփանյանի պաշտպան Աղասի Աթաբեկյանը, որը պետպատվերի կարգով է ներգրավված սույն քրեական գործում, հանդես եկավ հայտարարությամբ, ըստ որի, իրենց փաստաբանների վարձատրության հարցով դիմումը Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 2001թ. նոյեմբերի 26-ի որոշմամբ բավարարվել է։ «Իմ կողմից կատարված աշխատանքի վարձատրությունը պետք է կատարվեր դատարանի որոշման համաձայն, ՀՀ պետական բյուջեի հաշվին։ Ու թեեւ պաշտպանի վարձատրության մասին սույն որոշման մեկական օրինակները դատարանի կողմից ուղարկվել է ՀՀ ֆինանսների նախարարություն եւ Հայաստանի փաստաբանների միություն՝ կատարման, սակայն մինչ օրս բյուջեից համապատասխան գումարը ֆինանսների նախարարության կողմից չի փոխանցվել»,- հայտնեց Ա. Աթաբեկյանը։ Նա միանգամայն արդարացի նկատեց նաեւ, որ «պետությունն իր վարքագծով պարտադրում է պաշտպաններին ինքնակամ դադարեցնելու իրենց լիազորությունները որպես այդպիսին, խոչընդոտելով այս քրեական գործով վարույթին իմ հետագա մասնակցությունը»։ Փաստաբանը դիմելով Ս. Ուզունյանին (ձերդ գերազանցություն դիմելաձեւով), խնդրեց ներողամիտ գտնվել եւ հարցրեց. «Սակայն ինչպես վարել նրա հետ, երբ այս գործով տուժող նախարարը կամ չակերտավոր տուժող նախարարը, իր քայլերը պայմանավորում է դիտավորյալ անգիտությամբ։ Փաստաբանները պարտավոր չեն բանուգործ թողած Վարդան Խաչատրյանին ծանոթացնել Քրդատօրի եւ փաստաբանական գործունեության մասին ՀՀ դրույթներին։ Եթե նույնիսկ տուժած նախարարի երակներով ինչ-որ պահի ազնվական արյուն է հոսել, միեւնույն է, նա պիտի յուրաքանչյուր դատավարության մասնակցի համար ապահովի վարձատրություն ստանալու հավասար պայմաններ ու մատչելիություն։ Եվ եթե իրականության ընկալման զգացողությունը կորցրած նախարարը հանդգնություն է ունեցել մի ակնթարթ մտածել, թե փաստաբանն իր հոր բատրակն է, ապա ինձ ոչինչ չի մնում անելու, քան հնարավորություն ընձեռել նրան գիտակցելու իր սխալը»,- չէր հանգստանում Ա. Աթաբեկյանը։ Ի դեպ, նա «անցավ» արդարադատության թիվ մեկ երաշխավորի վրայով էլ, հռետորական հարց ուղղելով, թե ինչ-որ մեկին այս գործով հավանաբար ձեռնտու է, որպեսզի չբացահայտվի ճշմարտությունը, կամ այդ ինչ-որ մեկը ցանկանում է գործը քննվի պաշտպանի բացակայությամբ։ Նա իր բողոքն արտահայտեց ինքնակամ հեռանալով։ Ճշմարտության դեմ չմեղանչելու համար ասենք, որ պաշտպանների վերոնշյալ պահանջը, չգիտես ինչու, անտեսվում է եւ եթե անտեսվում է այս ծանրության քրեական գործի ընթացքում, ապա պատկերացրեք մյուս քրեական գործերում ներգրավված «սովորական» պաշտպանների վիճակը… Երեկ դատարան բերված 7 ամբաստանյալների համար հրապարակվեցին ամբաստանյալ Կ. Հունանյանի դատաքննական ցուցմունքները, որից հետո նրանք դուրս հանվեցին եւ դատարանը հնարավորություն տվեց մեղադրանքի կողմին վերստին հարցաքննել ամբաստանյալին՝ նախաքննական եւ դատաքննական ցուցմունքներում առկա հակասությունների կապակցությամբ։ Չմոռանանք նշել, որ մինչ այդ ամբաստանյալը բացարկ հայտնեց դատավոր Ուզունյանին՝ ձայնը բարձրացնելով (կողակից ընկերների ներկայությունից սրտապնդված)՝ «ներկայումս պիտի քննարկվի բացարկս» ասելով։ Խորհրդակցական սենյակից դուրս գալով, նախագահող Սամվել Ուզունյանը մերժեց բացարկը՝ հիմնավորելով, որ ամբաստանյալը բացարկ է հայտնել առանց որեւէ հիմքերի։ Մեղադրողի հարցերին ամբաստանյալը հիմնականում չէր պատասխանում։ Այս դեպքում լռությունն ավելի խոսուն էր։ Նախաքննության ժամանակ, ձերբակալման հաջորդ օրը, օրինակ, ամբաստանյալը ցուցմունք էր տվել, թե իրենց արածը տեռորիստական ակտ չէր, այլ փորձել են վախեցնել վարչապետին։ Դատաքննության ժամանակ, եթե հիշում եք, նա հեղափոխություն էր անվանել արարքը։ Նախաքննության ժամանակ ամբաստանյալն ասել էր, որ ինքն ու եղբայրը միաժամանակ են մտել ԱԺ դահլիճ եւ որ ինքը անմիջապես օդ էր կրակել։ Դատաքննության ժամանակ ասել էր, որ առաջին քայլը եղել է վարչապետի վրա կրակ բացելը։ Հակասություն կար նաեւ, թե ինչ էր արել, օրինակ, հանգուցյալ վարչապետը։ Նախաքննության ժամանակ ամբաստանյալը հայտնել էր, թե վարչապետը նույնիսկ չի հասցրել կանգնել, իսկ օրեր առաջ նա հայտնեց, թե վարչապետը պառկելու փորձ է արել։ Դատաքննության ժամանակ ամբաստանյալն իր վրա էր վերցրել ծրագիր կազմելը, իսկ նախաքննության ժամանակ ասել էր, թե եղբոր նախաձեռնությամբ բազմիցս քննարկվել է ԱԺ մտնելու ծրագիրը իր, Դերոյի, Էդիկի մասնակցությամբ… Երեկ նկատելի էր, որ ամբաստանյալը պատասխանելու «ռեակցիա» է դրսեւորում այն ժամանակ, երբ եղբոր հեգեմոն դերը՝ ղեկավար, կազմակերպիչ, ծրագրավորող, իրենից խլվում է։ Հետեւաբար ինքը հայտնվում է երկրորդական կերպարի դերում։ Հատկապես բուռն էր «ռեակցիան», երբ մեղադրողը հարցրեց, թե դուք կամակատա՞ր եք եղել, կատարո՞ղ, պատասխանեց՝ «Ես եմ որոշում կայացնողը եղել։ Ես եմ ինձ իրավունքներ տալիս։ Ես որեւէ մեկի կամակատարը չեմ եղել, չեմ էլ լինի»։ Առայժմ երկու ամբաստանյալ եղբայրները զբաղված են ես-մարդ (yes men) կերպարի վիճարկմամբ։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել