Լրահոս
Օրվա լրահոսը

Մոտենում է Ամանորը, որը դժվար է պատկերացնել առանց տոնածառի։ Իսկ արհեստական տոնածառերը վաղուց «մոդայի

Դեկտեմբեր 21,2001 00:00

«Տոնածառ ջան, տոնածառ» Մոտենում է Ամանորը, որը դժվար է պատկերացնել առանց տոնածառի։ Իսկ արհեստական տոնածառերը վաղուց «մոդայից» դուրս են համարվում։ Բացի այդ, Հայաստանում միշտ էլ կարելի է բնական ծառեր ձեռք բերել նվազագույն գներով։ «Հայանտառ» ՊՓԲԸ գլխավոր անտառապետ Արայիկ Մեջլումյանը պատրաստակամորեն խոստացել էր «Առավոտին» մանրամասն պատմել ամանորի տոնածառերի ստացման նպատակով փշատերեւ ծառերի հատման, դրանց թվի եւ վաճառքի շուկաների մասին։ Ու քանի որ խոստումն իսկույն մոռացել էր, որոշեցինք անհրաժեշտ ինֆորմացիան ճշտել նրան ի պաշտոնե փոխարինող որեւէ այլ աշխատակցից, ինչի համար բառացիորեն դեգերեցինք բնապահպանության նախարարության առաջին հարկում գտնվող բոլոր սենյակներով։ Ավելորդ գլխացավանքից ազատվելու համար բոլոր բաժինների պետերը մեկը մյուսի վրա գցեցին այդ «ծանր» պարտականությունը՝ խուսափելով խոսել տոնածառերի մասին, երեւի իրենց կարծիքով հույժ կարեւոր կամ սկանդալահարույց թեմայից։ Ստացանք այնպիսի տպավորություն, որ կամ գլխավոր անտառապետն էր իսկապես անփոխարինելի, կամ ոչ մեկը, գոնե ընդհանուր առմամբ, չէր տիրապետում ոլորտի ինֆորմացիային։ Լավ էր, որ իր ենթակաների երեսը պարզ արեց «Հայանտառ» ՊՓԲԸ գլխավոր տնօրեն Արմեն Հունանյանը։ Նրանից տեղեկացանք, որ բնապահպանության նախարարության դեկտեմբերի 14-ի թիվ 101 հրամանով «Հայանտառն» արդեն կազմակերպել է ամանորի տոնածառերի մթերում եւ իրացում։ Նա համոզված է, որ սոճու երիտասարդ տնկարկներում խնամքի հատումների տարեկան մնացած առաջադրանքների կատարումից (լուսավորում, մաքրում, նոսրացում) եւս հնարավոր է ընտրության միջոցով տոնածառեր ստանալ հատված անտառանյութից։ Պարզեցինք, որ շուրջ 75 հա տարածքի վրա՝ Ստեփանավանում, Գուգարքում, Արագածոտնում, Գյումրիում, Հրազդանում, Ճամբարակում, Լալվարում եւ Սիսիանում շուտով կավարտվեն խնամքի հատումները, իսկ արդյունքում կստացվեն 12 հազար սոճիներ։ Ի դեպ, ամենամեծ թվով տոնածառեր (շուրջ 4000 հատ) սպասվում են Ստեփանավանից, ամենաքիչը՝ Սիսիանից (500 հատ)։ 3000 տոնածառ էլ ակնկալվում է «Սեւան» ազգային պարկից։ Ըստ Ա. Հունանյանի՝ դրանք կտեսակավորվեն 1-ին եւ 2-րդ կարգերի։ 1-ին կարգի տոնածառերը կունենան 1,5-2, իսկ 2-րդ կարգինը՝ մինչեւ 1,3 մ բարձրություն։ Հայտնի է, որ տոնածառի պատրաստման արտադրական առավելագույն ծախսերը սահմանված են ոչ ավելի, քան 110 դրամ, իսկ տոնածառերը վաճառվելու են 1200-1500 դրամով։ «Հայանտառի» գլխավոր տնօրեն Արմեն Հունանյանը տեղեկացրեց նաեւ, որ բոլոր անտառտնտեսություններին հրահանգված է տոնածառերը վաճառել տեղերում՝ խուսափելու համար վառելիքի եւ տեղափոխման ծախսերից։ Հայտնի է նաեւ, որ տոնածառերը հենց անտառտնտեսություններից գնվում են մասնավոր անձանց եւ ընկերությունների կողմից, որոնք դրանք կցրեն հատկապես մայրաքաղաքով մեկ, մի մասը կվաճառեն, իսկ «ավելցուկները» կհայտնվեն աղբանոցներում։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել