Լրահոս
Օրվա լրահոսը

220 տնտեսություն ունեցող Չորաթան գյուղը (Տավուշի մարզ) սեփական հեռուստաընդունիչ կայան չունի եւ հարեւ

Դեկտեմբեր 21,2001 00:00

ՈՒ ՄԻՏՔ ԵՆ ԱՆՈՒՄ, Ո՞Վ Է ՄԵՂԱՎՈՐ 220 տնտեսություն ունեցող Չորաթան գյուղը (Տավուշի մարզ) սեփական հեռուստաընդունիչ կայան չունի եւ հարեւան Արծվաբերդի կայանով դիտում են միայն Հանրային հեռուստատեսության հաղորդումները, այն էլ՝ կիսատ-պռատ։ Ու, ինչպես գյուղացիներն են ասում, իբր քիչ են «տուժված, որ միայն մի ծրագիր են նայում», դեռ մի բան էլ կարծես իրենց «տուպոյի» տեղ են դրել. այն ժամին, երբ մայրաքաղաքի բնակիչները գեղարվեստական ֆիլմ կամ այլ հետաքրքիր հաղորդում են նայում, իրենց մոտ արբանյակային հեռարձակմամբ կրկնվում են նույն օրվա մի քանի ժամ առաջ ցուցադրած հաղորդումները։ Մոտ 3 տարի է, ինչ գյուղում խափանված ռադիոն տան կահույքի մաս է դարձել։ Գյուղացիները իրավացիորեն դժգոհում են, որ այս սուղ պայմաններում չմատուցած ծառայության դիմաց տարեկան 2300 դրամ վարձ են մուծում, հավատալով աշխատակիցների հավաստիացումներին, թե նոր տարվանից կգործի կայանը, սակայն… Ռադիոյի չգործելու համար դժգոհողների թիվն ավելի մեծ է, քան հեռուստացույցի։ Բայց դա բնավ էլ ոչ այն պատճառով, որ գյուղացիները ռադիոյին նախապատվություն են տալիս։ Պարզապես «սովետի օրոք» ձեռք բերած «սեւ-սպիտակ» հեռուստացույցները մաշվել են թե՛ ֆիզիկապես, թե՛ բարոյապես, շատերինը ընդհանրապես չի գործում։ Ու քանի որ նորը ձեռք բերելու հնարավորություն չունեն, ստիպված «թաղովի» յոլա են գնում մի կերպ «կարած-կարկատածով» կամ էլ այն երջանիկ հարեւանի հեռուստացույցով, որի քաղաքաբնակ ազգականը իր համար գնելով «ֆիրմա», նախկինում ունեցածն ուղարկել է գյուղ։ Նույնչափ՝ 2300 դրամ տարեկան վարձ են մուծում նաեւ հեռախոսի համար, որպեսզի գյուղի մեջ զանգեն իրար քեֆ-հալ հարցնեն։ Գյուղացիների հավաստմամբ, նախատեսված կոդը խափանվել է՝ աշխատելով ընդամենը մի քանի օր։ Այսօր գյուղն արտաքին աշխարհի հետ կապված է միակ հեռախոսավարուհու միջոցով, որն աշխատում է օրական 8 ժամ։ Մնացած ժամերին, շաբաթ, կիրակի օրերին, բնականաբար, հեռախոսակայանը փակ է։ Այն ամիս ու կես փակ էր նաեւ ամառվա եռուն օրերին, երբ հեռախոսավարուհին հերթական արձակուրդում էր։ Հիշեցնենք, որ գյուղը սահմանամերձ է եւ բնակիչներին մնում է աղոթել Աստծուն, որ հանկարծ որեւէ արտակարգ դեպք չպատահի։ Չկարծեք, թե գյուղը զրկված է արտաքին աշխարհի անցուդարձի մասին տեղեկատվությունից։ Օրումեջ գյուղ են հասնում, մեկ-մեկ էլ (մանավանդ ձմեռվա բքին) չեն հասնում հանրապետական մի քանի թերթեր։ Փոստի աշխատակից Գոհար Ապերյանի հավաստմամբ, ամենաշատ գնորդ ունի «Իրավունք» թերթը, ապա, ըստ առաջնության «Առավոտ», «Հայկական ժամանակ», «Ազգ», «Հայոց աշխարհ» օրաթերթերը, «Ոզնի», «Հայկական ֆոտբոլ» շաբաթաթերթերը։ Ավելի շատ պահանջարկ ունեն խաչբառները, սկանվորդները։ Ինչպես տեղեկացրեց տիկին Ապերյանը, այդ թիվը ամառվա ամիսներին համարյա կրկնապատկվում է ի հաշիվ հովեկների։ Մի օրինակ, «Կրթություն» շաբաթաթերթ ստանում է դպրոցի տնօրենը, «Զինվորը»՝ զինղեկը, «Երկրապահը»՝ երկրապահի հրամանատարը։ Այս օրինաչափությունից շեղված է միայն «Առողջապահություն» ամսագիրը, որը ստանում են ոչ թե բուժկետի աշխատողները, այլ վաստակաշատ թոշակառու բուժքույր Հռիփսիմե Մարտիրոսյանը։ Իսկ տարիներով աշխատավարձ չստացած բուժաշխատողները, պարզ է, չեն կարողանում նման շռայլություն թույլ տալ։ Նրանք «աչքները ջուր կտրած» սպասում են Ամանորին (փառք Աստծո, քիչ է մնացել), քանի որ գիտեն՝ վերջին տարիների ավանդույթով այս տարի նույնպես նախօրեին կառավարությունը մի երկու ամսվա գումար է վճարելու, որ կարողանան մի երկու կոնֆետ-մոնֆետ առնեն, տանեն տուն, երեխաներին ուրախացնեն՝ թե նոր տարի է, աչքներդ լույս։ ԱՐՄԵՆՈՒՀԻ ԲԱՂՄԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել