Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿՐԵԴԻՏ-ԵՐԵՎԱՆ» ԲԱՆԿԸ՝ ՍՆԱ՞ՆԿ

Դեկտեմբեր 21,2001 00:00

«ԿՐԵԴԻՏ-ԵՐԵՎԱՆ» ԲԱՆԿԸ՝ ՍՆԱ՞ՆԿ «Կրեդիտ-Երեւան» բանկում, ուր արդեն մի քանի օր է զայրացած ավանդատուները ապարդյուն փորձում են ստանալ իրենց ներդրված գումարները, ՀՀ Կենտրոնական բանկը նշանակել է ժամանակավոր ադմինիստրացիա՝ համաձայն «Բանկերի սնանկության մասին» ՀՀ օրենքի: Ադմինիստրացիայի ղեկավար է նշանակվել ՀՀ ԿԲ Բանկային վերահսկողության դեպարտամենտի վարչության պետ Հակոբ Մալխասյանը: Բանկում ֆիզիկական անձանց ավանդների ծավալը գերազանցում է 10 մլն ամերիկյան դոլարը, իսկ բանկի ընդհանուր պարտավորությունները գերազանցում են 30 մլն դոլարը: Մասնագետների հաշվարկներով՝ բանկը փրկելու համար կպահանջվի 8-10 մլն ամերիկյան դոլարի ներդրում, սակայն դժվար թե գտնվի մեկը, որ ցանկություն ունենա նման չափի ներդրում կատարել «պայթած» բանկում: Մեր ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն՝ «Կրեդիտ-Երեւան» բանկի խոշոր սփյուռքահայ ավանդատուներից մեկը պատրաստվում է մոտ օրերս դատարան դիմել հայցով՝ ընդդեմ Կենտրոնական բանկի, եւ մեղադրել վերջինիս ոչ պատշաճ վերահսկողություն իրականացնելու մեջ: Մեզ հասած տեղեկությունների համաձայն, ԿԲ խորհրդի անդամ Ա.Ջավադյանը ԿԲ նախագահի հանձնարարությամբ 1 օրով մեկնել էր Մոսկվա, ուր փորձում էր համոզել բանկի բաժնետիրոջը՝ Լ.Հայրապետյանին, ներդրում կատարել բանկում, սակայն դա նրան չի հաջողվել: Ի դեպ սա միակ դեպքը չէ մեր բանկային համակարգում. մեր աղբյուրը ԿԲ-ից հայտնեց նաեւ, որ ԿԲ խորհուրդը որոշում է ընդունել պայմանագիր կնքել «Հայագրոբանկի» հետ, որի վիճակի վատթարացումը բերել է նրան, որ բանկը խախտում է տնտեսական նորմատիվները: Պայմանագիրը ազատում է բանկին բոլոր տիպի պատժամիջոցների կիրառումից եւ ըստ էության խորացնում ծագած պրոբլեմները: Ի դեպ, վերջին 2 տարում նույն վիճակում է գործել «Կրեդիտ-Երեւան» բանկը, որի հետ, ճիշտ է, պայմանագիր չի կնքվել, սակայն Կենտրոնական բանկը, ոտնահարելով գործող օրենսդրությունը, ազատել է բանկին պատժամիջոցների կիրառումից, ինչը եւ հանդիսացել է «Կրեդիտ-Երեւան» բանկում ստեղծված ճգնաժամի հիմնական պատճառներից մեկը: ՓԻՐՈՒԶԱ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել