Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանն ատամներով կպաշտպանվի

Դեկտեմբեր 21,2001 00:00

Ադրբեջանն ատամներով կպաշտպանվի Կանադայի կառավարության հովանավորությամբ ՄԱԿ-ում քննարկման առարկա է դարձել «Պաշտպանվելու իրավունք» զեկույցը, որով առաջարկվում է արմատապես վերանայել միջազգային իրավունքի հիմնարար դրույթներից մեկի՝ «Զինված ագրեսիայի», մինչ օրս ընդունված սահմանումը: Ինչպես ադրբեջանական մամուլն է տեղեկացնում, զեկույցը հավակնում է օրինականացնել զինված ագրեսիան այն դեպքերում, երբ անհրաժեշտ է արագ հակազդել ցեղասպանության, էթնիկական զտումների եւ այլ՝ հատկապես ծանր հանցագործությունների որեւէ պետության տարածքում: Հիշյալ առաջարկության էությունն այն է, որ, ինչպես զեկուցող, Ավստրալիայի ԱԳՆ նախկին նախարար Գարետ Էվանսն է ներկայացրել, ՄԱԿ-ին միջազգային ռազմական գործողություններ իրականացնելու նոր լիազորություններ տրվի: Հիշյալ նախագծի հեղինակների կարծիքով՝ ՄԱԿ-ը պետք է իրավասու լինի «մի պետության ռազմական ուժերին մեկ այլ պետություն մտնելու» թույլտվություն տալ, «եթե այդ պետությունում էթնիկ զտումների եւ մարդու իրավունքների կոպիտ խախտումների դեպքեր են արձանագրվում»: Ընդ որում, այդ դեպքում նման որոշման վրա վետոյի իրավունքը վերապահված է լինելու միայն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային: Դատելով ադրբեջանական մամուլի հրապարակումներից, հիշյալ նախագծի քննարկումը մեծ եւ բացասական արձագանք է ստացել Ադրբեջանում, որտեղ այն շատ ակտիվ քննարկում են հատկապես քաղաքական կազմակերպությունները: Իհարկե, մեզ՝ հայերիս, այդ անհանգստության բուն պատճառը հասկանալի է, թեեւ իրենք՝ ադրբեջանցի գործիչներն էլ դա չեն թաքցնում: Այսպես, ադրբեջանական «Զերկալո» թերթում քաղաքագետ Ռ.Մուսաբեկովը հայտարարել է. «Ինչ վերաբերում է այն վտանգներին, որոնք կարող են լինել Ադրբեջանի հետ կապված, ապա դա հնարավոր չէ: Սկզբում մենք պետք է ազատագրենք մեր օկուպացված տարածքները: Հետո, եթե տարածքային ամբողջականության վերահաստատումից հետո մենք ճնշենք Լեռնային Ղարաբաղում ապրող հայերին, այդ դեպքում նոր հնարավոր է դրա շուրջ ինչ-որ բան խոսել»: Ադրբեջանի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության համանախագահ Զարդուշտ Ալիզադեն՝ իր հերթին անդրադառնալով հիշյալ խնդրին, ասել է, թե ինքը վաղուց է հետեւում միջազգային իրավական նորմերի փոփոխման միտումներին: Ըստ նրա, միջազգային իրավունքի մասնագետները սկսել էին դրա մասին ակտիվ հրապարակումներ անել՝ հատկապես Բոսնիայում ծավալված իրադարձություններից հետո: Նրա խոսքերով, դեռ այն ժամանակ եվրոպական ու մասնավորապես նատօամետ կազմակերպությունների շրջանակներում «հումանիտար ինտերվենցիայի» կիրառման միտում կար: Մեզ մնում է մեծահոգաբար մխիթարել Նախիջեւանի, Սումգայիթի, Բաքվի, Գետաշենի եւ այլնի հեղինակ մեր հարեւաններին ու միաժամանակ հարցնել, թե ինչու է Ադրբեջանին այդքան անհանգստություն պատճառել ՄԱԿ-ում քննարկման առարկա դարձած այդ զեկույցը, եթե վերջիններս վստահ են, որ իրենց ձեռքերը ոչ երեկ են արյան կամ էթնիկական զտումների մեջ թաղված եղել, ոչ էլ վաղն են լինելու: Ն. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել