Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանադրական ժամանակավոր հանձնաժողովը պարտաճանաչ շարունակում է քննարկել հնգյակի համատեղ Սահմանադրու

Դեկտեմբեր 21,2001 00:00

«Բա մեզ պետք ա՞ սիմվոլիկ նախագահ» Սահմանադրական ժամանակավոր հանձնաժողովը պարտաճանաչ շարունակում է քննարկել հնգյակի համատեղ Սահմանադրության նախագիծը։ Քննարկումները զուտ ուսուցողական իմաստով կարող են հետաքրքիր լինել, բայց իրատեսական առումով հանձնաժողովի անդամները խիստ դժվարին կացության մեջ են։ Նրանք քննարկում են մի նախագիծ, որը հանրապետության նախագահը չի տեսնում, ոչ միայն չի տեսնում, այլեւ խիստ կոպիտ «վետո» դրեց հինգ կուսակցությունների նախագծի վրա։ Ի դեպ, հանձնաժողովի անդամները մոտ 30 րոպե քննարկում էին իրենց՝ դեռեւս չբաժանված նախագիծը։ Հիմնական զեկուցող ՀԿԿ խմբակցության ղեկավար Ֆրունզե Խառատյանը երեկ ներկայացրեց «Հանրապետության նախագահ» գլուխը։ Իզուր են ոմանք հույսեր փայփայում, որ եթե Շավարշ Քոչարյանը եւ մյուսները առաջարկում են խորհրդարանական կառավարման համակարգ, ապա նրանց նախագահ հարկավոր չէ։ Նախագահ կլինի, սակայն ընդամենը՝ որպես խորհրդանիշ։ Նախագահը կընտրվի պատգամավորների եւ ընտրիչների հատուկ ժողովի կողմից։ Սա էլ միայն այն պատճառով, որպեսզի նախագահի ընտրություններին մի քիչ ավելի հանդիսավոր բնույթ հաղորդվի։ Արշակ Սադոյանի հարցը մի փոքր ավելին էր, քան՝ հռետորականը. «Բա մեզ պետք ա՞ սիմվոլիկ նախագահ»։ Եթե ինչ-որ գումար պետք է ծախսվի այդ նախագահին պահելու համար, եթե նա ինչ-ինչ մանր-մունր լիազորություններ պիտի ունենա, առանց պատասխանատվության, ուրեմն պե՞տք է նման խորհրդանիշը։ Ի դեպ, այդ «խորհրդանիշի» թեկնածությունը պետք է կոնկրետ կուսակցությունները ներկայացնեն, ամեն մեկը չի կարող իրեն ինքնագլուխ նախագահի թեկնածու առաջարկել. «Իսկ եթե էնպիսին կգտնվի, որ իր ուժերի վրա վստահ կլինի, որ ինքն այդքան վստահություն եւ հարգանք ունի ժողովրդի մոտ, թող առաջադրի։ Մենք խնդիր չենք տեսնում»։ Ֆր. Խառատյանի ներկայացմամբ, եթե Արշակ Սադոյանը հարցնում է՝ ո՞ւմ է հարկավոր խորհրդանիշը, նրա վրա փող ծախսելն էլ՝ մի կողմից, ապա դա ուրիշ բան չէ, քան՝ «քյասիբ մարդու հոգեբանություն»։ Նախագծի հեղինակները գտնում են՝ նախագահի ինստիտուտը թեպետ կույրաղիք է, բայց պետք է։ Եվ գիտե՞ք ինչու է պետք. որովհետեւ բացառությամբ մեկ-երկուսի՝ «չկա մի պետություն, որտեղ նախագահ չլինի, այսինքն՝ պետության գլխի ինստիտուտը ցանկացած պետության բարձրագույն մարմինների համակարգում անհրաժեշտ մարմին է, դրանից հենց այնպես հրաժարվել մենք չենք կարող»։ Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել