Լրահոս
Օրվա լրահոսը

Պետական մենաշնորհի ոլորտներ

Դեկտեմբեր 21,2001 00:00

Ո՞ՒՄ ՁԵՌՔՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆԸ Երեկ եւ այսօր Ուժային նախարարներին ե՛ւ նախկինում, ե՛ւ այժմ միշտ մեղադրել են առանձին գործարարների հովանավորելու, տնտեսության առանձին ոլորտներ իրենց մենաշնորհը դարձնելու մեջ։ Կոմերցիոն կառույցներ հովանավորելու մեղադրանքը նախկինում այնքան հաճախ էր հնչում, որ ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանը «02» շաբաթաթերթի 1996-ի հունիսի 25-ի համարում հարկ համարեց անդրադառնալ այդ թեմային, նշելով, թե մինչ այդ լռում էր՝ փորձելով տեսնել՝ «ինչքան կյանք ունի զրպարտությունը, թե մինչեւ ուր կարող է հասնել քաղաքական ստորությունը»։ Արդեն ավարտված այդ փորձից հետո Վանո Սիրադեղյանը հստակեցրեց, թե ակնարկները միշտ վերաբերել են իր ազգական մի գործարարի։ Նշենք, որ ոչ այս, ոչ էլ ներկա ուժայինների հովանավորությունը վայելող գործարարների անուններ չենք նշելու (դրանք առանց այն էլ հանրահայտ են), քանի որ այս պարագայում էականը ոչ թե անձերն են, այլ երեւույթը։ Եվ այսպես, 1996-ին Վանո Սիրադեղյանը մարտահրավեր նետեց՝ առաջարկելով պարզել, թե ինչ տեղ ունի իր ազգական գործարարը Հայաստանի տնտեսական կյանքում. «Սա որոշելու համար օգտվենք բացառման մեթոդից։ Նայենք, տեսնենք, թե որոնք են երեկվա, այսօրվա եւ վաղվա Հայաստանի տնտեսական, քաղաքական կյանքին տոն տալու ընդունակ ոլորտները, այլ խոսքով՝ ինչ է իրենից ներկայացնում Հայաստանի ազգային հարստությունը, որի տնօրինումից էլ կախված է դիրք, հարստություն եւ իշխանություն»։ Եվ թվարկել էր (տե՛ս աղյուսակը): Մարտահրավեր նետած ձեռնոցը ոչ մեկը չբարձրացրեց։ Գոնե այդ շրջանում. հիմք չկար որեւէ հակափաստարկ ներկայացնելու, թե թվարկված այդ ոլորտներից գոնե մեկն ու մեկի հետ առնչվում են Վանո Սիրադեղյանի ազգականները։ Սակայն երբ նա դադարեց ՆԳ նախարար լինել՝ նրանք 1997-ին մտան բանկային համակարգ, հետո զբաղվեցին նաեւ ծխախոտի ներմուծմամբ։ Այժմ քննենք, թե իրավիճակն ինչպես է փոխվել այսօր։ Նախ նշենք, որ եթե նախկին սուպերնախարար Վանո Սիրադեղյանը մեղադրվում էր միայն մեկ գործարարի հովանավորելու մեջ, ներկա սուպերնախարար Սերժ Սարգսյանի անվան կողքին կարելի է առնվազն 3 գործարարի անուն հիշատակել, որոնք տնօրինում են այս աղյուսակում նշված բազմաթիվ ոլորտներ։ Այդպես, նրանց անվան հետ են կապվում գերշահույթ ապահովող 3 ոլորտներից երկուսը՝ բենզինը եւ սպիրտը (ի դեպ, ըստ որոշ լուրերի, Ռուսաստանում օղու գործարան ունի նաեւ ինքը՝ Սերժ Սարգսյանը)։ Ընդ որում, բենզինի ներմուծման առումով՝ մի գործարարը վայելում է մենաշնորհ։ Նույն գործարարը նաեւ, ըստ իրազեկների, ակնկալում էր էներգետիկ պարտքերը փակելու դիմաց ձեռք բերել «Նաիրիտը», թեկուզ՝ մասամբ։ Պղնձի, ոսկու, մոլիբդենի արտահանումը՝ խոշոր հաշվով, համարվում են ՊՆ-ի եւ ԱԱՆ-ի ենթակայության ներքո գտնվող ոլորտներ։ ԱԱ փոխնախարարներից մեկն, ասենք, առավել «մասնագիտացված» է զբաղվում այս հարցերով։ Սերժ Սարգսյանի հովանավորությունը վայելող գործարարները գործունեություն են ծավալել նաեւ շինանյութերի, մասնավորապես՝ ցեմենտի արտադրության ոլորտում, օդագնացության մեջ, բանկային համակարգում։ Աղյուսակում չթվարկված ոլորտներից բացի, նրանք կան նաեւ շահութաբեր այլ ոլորտներում՝ հացի արտադրություն, գազալցակայաններ, շաքարի, դեղորայքի ներմուծում։ Ընդսմին, այս ընթացքում գրեթե մենաշնորհային դարձավ նաեւ սննդամթերքի ներմուծման ոլորտը, իսկ այդպես չէր եղել երբեք։ Եվ եթե երբեմնի կլանագետ Դավիթ Վարդանյանը տնտեսության ոլորտները նախկինում բաժանված էր տեսնում մի քանի կլանների միջեւ, վստահ ենք, թե այժմ նման վերլուծության պարագայում թերեւս ստիպված լիներ արձանագրել, որ ասպարեզում մնացել է մեն մի հատիկ կլան, որ շատերն անվանում են ուղղակի «ղարաբաղյան», եւ առավել եկամտաբեր ճյուղերը կենտրոնացել են դրա մի քանի ներկայացուցիչների ձեռքերում։ Արտադրական հզորություններ Թեթեւ արդյունաբերություն Թեթեւ արդյունաբերություն 1. Տրիկոտաժ եւ կոշիկ, իր 400 գործարաններով Քիմիական արդյունաբերություն 2. «Նաիրիտ» 3. Ռետինատեխնիկական 4. Վանաձորի քիմկոմբինատ եւ այլն Լեռնարդյունաբերություն 5. Պղինձ 6. Մոլիբդենի հումք 7. Ոսկի Թանկարժեք քարերի մշակման գործարաններ 8. «Շողակն» 9. «Ալմաստ» 10. «Սապֆիր»՝ մասնաճյուղերով 11. Էլեկտրատեխնիկական հզորություններ 12. Էլեկտրամեքենաշինություն 13. Հաստոցաշինական հզորություններ 14. Մեքենաշինություն 15. Ռադիոէլեկտրոնիկա Շինանյութերի արտադրություն 16. Ցեմենտի գործարաններ 17. Հարյուրավոր քարհանքեր Գերշահույթ ապահովող արտադրություն եւ առեւտուր 18. Ծխախոտ 19. Բենզին 20. Օղի Սննդի արդյունաբերություն 21. Կոնյակ 22. Կոմբինացված կերերի գործարաններ Պետական մենաշնորհի ոլորտներ 23. Երկաթուղի (միակ) 24. Օդագնացություն 25. Եթերը 26. Հումանիտար օգնություն՝ հաց, դեղորայք, վառելիք 27. Արտասահմանյան վարկեր 28. Երկրի ընդերքը 29. Բանկային համակարգը՝ վարկեր տրամադրելու- չտրամադրելու հնարավորությունով 30. Երեւանի (միայն Երեւանի) ունեցվածքի ու տարածքների տնօրինում սեփականաշնորհման դարաշրջանում… ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել