Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտարարեց

Դեկտեմբեր 21,2001 00:00

«ՊԱՏՎԵՐԻ ԳԱՂԱՓԱՐ ՉԿԱ» Հայտարարեց գլխավոր դատախազը Գլխավոր դատախազ Արամ Թամազյանը կառավարության երեկվա նիստի ընդմիջմանը պատասխանելով լրագրողների հարցերին (նկատի ունենք միայն «Առավոտի» եւ «Ա1+»-ի հարցերը), սենսացիոն հայտարարություն արեց, ասելով, թե Կալանավայրերի վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանի գործի առնչությամբ դատախազությունը իշխանությունների կողմից որեւէ հրահանգ չի ստացել։ Պատկերացնո՞ւմ եք ինչ կստացվեր, եթե գլխավոր դատախազը հայտարարեր հակառակը։ Չե՞ք պատկերացնում։ Ճիշտ էլ անում եք, քանի որ մեր իրավական համակարգը այնքան «անկախ» է, որ դժվար է հավատալ, թե գործող նախագահի կամ նրա թիմի կողմից որեւէ մեկը կհամարձակվեր ինչ-որ բան թելադրել։ Հարկավոր չէ զուգահեռ անցկացնել «եթե խորհրդարանը հավաքի այդ 2/3-ը, ուրեմն ես այստեղ ի՞նչ եմ անում»-ի հետ։ Սա արդեն բոլորովին ուրիշ պատմություն է։ Վերադառնանք գլխավոր դատախազին։ Պատասխանելով «Առավոտի» հարցին, Արամ Թամազյանն ասաց. «Գործի քննության ընթացքում դուք կհամոզվեք, որ իշխանությունների կողմից այդպիսի միջամտություն չկա, պարզապես մենք այդ գործը սկսել ենք, այսպես ասած, ՆԳՆ-ից ստացած նյութերի հիման վրա։ Պատրաստվել են նյութեր, նյութերում առկա են եղել քրգործի հարուցման հիմքեր, հարուցվել է քրեական գործ, աստիճանաբար ստացվել են տարբեր այլ նյութեր, միացվել են գործին, եւ կատարվում է քննություն։ Այնպես որ, ձեր կողմից նշած պատվերի գաղափարը տվյալ գործում չկա։ Եվ, ընդհանրապես, մենք պատվերային սկզբունքով չենք աշխատում, դուք նկատած կլինեք, մենք շատ գործեր ենք քննել, եւ ես միշտ ասել եմ, երբ տվյալ գործը քրեականից սկսում է դառնալ քաղաքական, եւ փորձում է ղեկավարվել ոչ թե քրեական, այլ՝ քաղաքական օրենսգրքով, որը մենք չունենք, հետեւաբար, ճիշտ լուծումներ գտնելը արդեն իսկ բարդանում է»։ Նման անկեղծությունից հետո մեզ պարզապես մնում է գոչել «Կեցցե մեր դատախազությունը, կեցցե մեր դատարանը, ամբողջ իրավական անպատվեր համակարգը»։ Հասկանալի է, մենք «կեցցե»-ի փոխարեն պարզապես պետք է գլխավոր դատախազին հարցնեինք՝ ինչպե՞ս է ինքը վերաբերվում այն «անպատվեր» իրականությանը, որ սպանության մեջ մեղադրվողը գտնվում է ազատության մեջ, իսկ կեղծ դիպլոմովը մեկուսացված է։ Պատասխանելով «Ա1+»-ի լրագրողի այս հարցին, Արամ Թամազյանն ասաց. «Մուշեղ Սաղաթելյանը ոչ միայն ինչ-որ կեղծած դիպլոմի համար է մեղադրվել, եթե լիներ միայն այդ հոդվածը, բնական է, նա ազատազրկման վայրում չէր գտնվի, կամ՝ ավելի ճիշտ՝ նախնական կալանքի տակ չէր լինի։ Նրան առաջադրվել են նաեւ ձեզ հայտնի մի շարք այլ մեղադրանքներ, մասնավորապես, իշխանազանցության համար, որը բավականին լուրջ ազատազրկում է նախատեսում տարիների առումով։ Ինչ վերաբերում է Ա. Հարությունյանին, ապա նրա հոդվածը այլընտրանքային պատիժ նախատեսող է եւ այս դեպքում մենք գերադասում ենք երկրորդ տարբերակը»։ Ստացվում է, որ եթե Աղամալ Հարությունյանը ձերբակալվեր, ապա դատարանի ավելի մեղմ վճռից հետո դատավորը (նաեւ՝ քննիչը) պարտավորված կլինեին բացատրել, թե ինչո՞ւ էին խիստ պատժատեսակը կիրառել։ Կանխակա՞լ է Ա. Հարությունյանին ազատության մեջ թողնելը։ ՀՀ գլխավոր դատախազը երեկ հայտարարեց նաեւ, որ Մուշեղ Սաղաթելյանի գործը բացահայտված գործ է եւ որ իրենք կաշխատեն հնարավորինս կարճ ժամկետներում այդ գործի հարցերը լուծել։ Սակայն հայտնի է, որ անցած երկու ամսվա ընթացքում որեւէ քննչական գործողություն չի կատարվել Մուշեղ Սաղաթելյանի հետ։ Գլխավոր դատախազ Արամ Թամազյանը հայտնեց, որ պարտադիր չէ քննչական գործողությունը կատարել կոնկրետ անձի հետ. «Քննչական գործողությունը գործով է կատարվում։ Այսինքն, եթե ձեր կողմից նշված անձը տեւական ժամանակով չի հարցաքննվել, դա դեռ չի նշանակում, որ տվյալ գործով քննչական գործողություն չի կատարվել»։ «Ա1+» հեռուստաընկերության հարցապնդմանը՝ թե կոնկրետ ի՞նչ քննչական գործողություն է կատարվել, Արամ Թամազյանը պատասխանեց. «Բազմաթիվ։ Ամեն դեպքում մենք շատ ձգձգելու, երկարացնելու ե՛ւ ցանկություն չունենք, ե՛ւ նպատակ չունենք։ Ես նույնիսկ հանձնարարական եմ տվել, ցուցում եմ տվել, որ հնարավորինս արագացվի տվյալ գործի նախաքննությունը։ Եթե այլ անելիքներ կամ տվյալներ չկան, կսահմանափակվենք նրանցով, ինչ-որ արդեն կա»։ Հասկանալի է, իրավապահները Մուշեղ Սաղաթելյանի մասով պետք է որ շտապողականություն ցուցաբերեն, ինչը չի կարելի ասել «27»-ի գործով ընթացող դատավարության մասին։ Շտապողականությունը մի դեպքում, դանդաղկոտությունը մյուս դեպքում, չափազանց թափանցիկ է արվում։ Գլխավոր դատախազը չբացառեց, որ Մուշեղ Սաղաթելյանի գործում առկա բոլոր դրվագները մեկ անգամ եւս կնայվեն. «Փաստաբանի կողմից արված միջնորդությունները մենք պետք է քննարկենք եւ եթե տեսնենք՝ դրանք օրենքի սահմաններում ճիշտ են, բնական է, կբավարարվեն որոշ դեպքերում»։ Մուշեղ Սաղաթելյանի կեղծ դիպլոմի ձեռքբերումը, ըստ որոշ տեղեկությունների, կատարվել է այսօրվա ՆԳ նախարար Հայկ Հարությունյանի միջամտությամբ։ Արամ Թամազյանն առանց հոնքը շարժելու ասաց, որ իրենք նման ինֆորմացիա չունեն. «Բայց ասեմ, որ դիպլոմի հետ կապված բավականին նոր տվյալներ կան եւ այդ տվյալները մենք որպես ապացույց օգտագործում ենք»։ Գլխավոր դատախազը, իր ասելով՝ տեղեկություն չուներ նաեւ իրավապահ մարմիններում աշխատող 65 մարդու մասին, ովքեր կեղծ դիպլոմներ ունեն. «Տեղեկություն չունեմ, բայց ՆԳՆ-ից դատախազությունը ստացել է 2 կեղծիքի հետ կապված փաստեր, որոնք շատ մեծ ֆիգուրա չեն մեզ համար, այդ պատճառով մենք այդ հարցի լուծումը հանձնարարել ենք համայնքների դատախազություններին»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել