Լրահոս
Օրվա լրահոսը

«Ելնելով վերոգրյալից». իրականում՝ չելնելով

Դեկտեմբեր 20,2001 00:00

«Ելնելով վերոգրյալից». իրականում՝ չելնելով 1990 թվականից «Հրազդան ՋԷԿ» ՓԲԸ-ում էր աշխատում Սուսաննա Մանասյանը։ 1994թ. նա զբաղեցրեց գլխավոր հաշվապահի «պաշտոնը»։ Այս տարվա հուլիսի 7-ից ՋԷԿ-ի գլխավոր տնօրենի կողմից Ս. Մանասյանին հայտարարվեց նկատողություն, ապա թիվ 87 հրամանով նրան զրկեցին հուլիսի պարգեւավճարից, իսկ օգոստոսի 30-ին, թիվ 99 հրամանով, ազատեցին նախ զբաղեցրած պաշտոնից, ապա (11.10.2001թ.)՝ աշխատանքից։ Ս. Մանասյանը դիմեց Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարան (դատավոր՝ Ս. Թորոսյան), ուր նրա հայցը բավարարվեց, այն է՝ Ս. Մանասյանին վերականգնեցին իր նախկին՝ գլխավոր հաշվապահի պաշտոնում։ Դատարանը վճռեց. «վճիռը կատարել անհապաղ» (19 հոկտեմբերի 2001թ.)։ Գլխավոր տնօրենի՝ Ս. Եփրեմյանի հոկտեմբերի 26-ի գրությանն էլ թե հավատանք (Ս. Մանասյանին ուղղված)՝ «Դուք եղել եք եւ մնում եք աշխատանքի մեջ՝ ձեր նախկին դրույքաչափի պահպանումով»։ Ուշադրություն դարձրեք. հոկտեմբերի 26-ի գրությամբ։ Դժվար թե տնօրեն Ս. Եփրեմյանը մոռացած լիներ իր իսկ ձեռքով տրված հոկտեմբերի 11-ի թիվ 112 հրամանը։ Ըստ այդ հրամանի, Ս. Եփրեմյանը նախ աշխատանքից ազատել էր գլխավոր հաշվապահ Սուսաննա Մանասյանին, «հրամայել» էր նրա վերջնահաշիվը կատարել հանձնման-ընդունման փաստաթղթերի ստորագրման օրը։ Հետեւաբար, ո՞ր տրամաբանությամբ էր տնօրենը խիստ «հուզական» պատասխան տալիս. «Դուք եղել եք եւ մնում եք աշխատանքի մեջ»։ Ի դեպ, առաջին ատյանի դատարանը «չհի մնավորված» էր համարել Ս. Մանասյանին աշխատանքից ազատելու «վարչակազմի վստահությունը կորցնելու» պատճառաբանությունը։ «Տնօրենի կողմից ստորագրված եւ կնքված վճարման, առանց լրացնելու փաստաթղթերի գտնվելը հաշվապահի մոտ վկայում է միայն վստահության մասին», ասվում էր վճռի եզրափակիչ մասում։ «Հրազդան ՋԷԿ»-ի տնօրինությունն իր հերթին դիմեց ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարան (Գ. Մատինյան, Ն. Հովսեփյան, Վ. Ավանեսյան կազմն էր)։ Վերջիններս 1-ին ատյանի «ջգրու» այլ վճիռ կայացրին. Ս. Մանասյանի հայցը աշխատանքում վերականգնելու պահանջի մասին մերժեց։ Ո՞ւր մնաց, սակայն, «վճիռը կատարել անհապաղը»։ Ս. Մանասյանին «մեղադրանք» էր այս դատարանում առաջադրվել. 45 հազար դրամի «յուրացում», մի բան, որ, չգիտես ինչու, ի հայտ եկավ այն ժամանակ, երբ հաշվապահը քաղհայցով դիմեց դատարան։ Վերաքննիչ դատարանը, ի տարբերություն 1-ին ատյանի դատարանի, «գտավ, որ վերոհիշյալ գործողությունները համարվում են ադմինիստրացիայի վստահությունը կորցնելու հիմք»։ Կոտայքի մարզի 1-ին ատյանի դատարանը ղեկավարվեց ՀՀ քաղդատօրի 130-132 հոդվածներով եւ Ս. Մանասյանին վերականգնեց աշխատանքում։ Վերաքննիչ դատարանը ղեկավարվեց ՀՀ քաղդատօրի 218 հոդվածով եւ մերժեց Ս. Մանասյանին։ Հետաքրքիր է. ո՞ր հոդվածով կառաջնորդվի վճռաբեկ դատարանը, «ելնելով վերոգրյալից»։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել