ԲԱՐԵԿԱՄՆԵՐ ՉԵՆ Երեկ լրագրողների հետ հանդիպում ունեցան Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների նախագահ Արսեն Ղազարյանը եւ Հայաստանի հաշվապահների եւ աուդիտորների ասոցիացիայի նախագահ Մանվել Ղազարյանը։ Մամուլի ասուլիսը հրավիրվել էր ՀԱԳՄ եւ ՀՀԱԱ միջեւ համագործակցության համաձայնագրի ստորագրման առիթով։ Մինչ համաձայնագրի ստորագրումը, կողմերը ներկայացրին 2 միությունների սերտ համագործակցությունը։ Մյուս հիմնական թեմաները հարկային օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու վերաբերյալ երկու միությունների ուժերով համատեղ փորձագիտական աշխատանքի կատարման եւ դրա արդյունքների, Ռուսաստանում Ռուս-հայկական առեւտրի տան բացման, ԱՊՀ 10-ամյակի կապակցությամբ կազմակերպված ցուցահանդեսին հայ գործարարների մասնակցության, ինչպես նաեւ Հայ-կանադական բիզնես- կենտրոնի մասին էր։ Գաղափարակիր դարձած Ա. Ղազարյանի եւ Մ. Ղազարյանի կարծիքով, ավելի նպատակահարմար է, որ իրենք իրենց ուժերը համատեղեն, քանի որ վերջին հաշվով այն, ինչ իրենք անում են, ուղղված է Հայաստանում տնտեսական բարեփոխումների իրականացման բարելավմանը, գործարարության աջակցմանը։ Ի դեպ, Արսեն Ղազարյանը հատուկ լրատվամիջոցների համար նշեց, որ իրենք ազգակցական կապեր չունեն։ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ