Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե

Դեկտեմբեր 20,2001 00:00

Նկարիչներն անդրդվելի են «Եթե քաղաքակիրթ երկրներում կայարանը թանգարանի են վերածում, ապա մեր երկրում, ընդհակառակը՝ առեւտրի կենտրոնի»,- Հայաստանի Նկարիչների միության վարչության ընդլայնված նիստում զայրույթով հայտարարեց ՀՆՄ նախագահ Կարեն Աղամյանը։ Իսկ նիստ հրավիրելու պատճառը 1995թ. Նկարիչների միության նախկին նախագահ Պողոս Հայթայանի կողմից, առանց Նկարիչների միության ընդհանուր ժողովի համաձայնության, 300 հազար դոլարով վաճառված Աբովյան 16 հասցեում գտնվող կիսակառույց համալիրն էր։ Այն այնուհետեւ գրավ էր դրվել «Ագրոբանկում»՝ 250 հազար դոլարով, որը չէր վերադարձվել։ Եվ արդեն «Ագրոբանկի» սեփականություն դարձած շենքն էլ աճուրդի միջոցով 450 հազար դոլարով գնել էր «Մելլաթ» բանկը։ Կ. Աղամյանը գտնում էր, որ համընդհանուր խառնաշփոթում շահել են բոլորը՝ Նկարիչների միությունից բացի։ Իսկ վերջինիս «օգուտն» այն էր, որ մոտ 20 հազար դոլարով կորցրել է սեփականությունը։ Դրա փոխարեն «Ագրոբանկը» ստացել էր 200 հազար դոլար, առաջին գնորդը՝ 250 հազար դոլար, իսկ «Մելլաթ» բանկը դարձել՝ կենտրոնում գտնվող մի մեծ տարածքի սեփականատեր, որը «քաղաքի մշակութային սիրտը պիտի լիներ»։ Չնայած դատական քննությունները առայժմ ձգձգվում են՝ մնալով անարդյունք, Կ. Աղամյանը սակայն գտնում է, որ իրենց գերխնդիրը կոնկրետ անձանց պատժելը չէ, այլ հարցի արդարացի լուծումը իրավական դաշտում։ Այն, որ Նկարիչների միության համագումարը որոշել է ամեն ինչ անել՝ շենքը վերջնականապես ետ ստանալու համար, նույնպես միանշանակ է, քանի որ, Կ. Աղամյանի խոսքերով, «բացի շենքից, օտարվել է նաեւ Նկարիչների միությանը պատկանող շուրջ 6000քմ տարածք»։ Կինոգետ Դավիթ Մուրադյանը եւս արդարացնում էր Նկարիչների միության պայքարը։ Նրա կարծիքով, խնդիրը վերաբերում է ողջ Երեւանի կենտրոնի կոնցեպցիային՝ նկատի առնելով այն հանգամանքը, որ «Աբովյան փողոցը ձեւավորված է իբրեւ գեղարվեստական, մշակութային կյանքի միջավայր, իսկ եթե կան պայմանականորեն ձեւավորված օջախներ, ուրեմն պետք է դրանք պահպանել՝ առանց ենթարկվելու շուկայի իդեոլոգիային»։ Սարգիս Մուրադյանը, սակայն, հարցի դրական լուծում չէր ակնկալում։ Կարծում էր, որ «երկաթը տաք-տաք պիտի ծեծվեր, քանի դեռ գնորդը կենդանի էր, մինչդեռ գործն արդեն քնել է»։ Հայաստանի Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը եւս հակված չէր մտածելու, թե հարցը երբեւէ իրավական դաշտում կլուծվի։ Այս առիթով նա ոչ միայն հիշեց Գառնիի աստղադիտարանի օրինակը, այլեւ կամեցավ թվարկել «անկախության տասնամյակում ստեղծագործական միությունների կորուստների ու թալանի մի ամբողջ շղթա»։ Ու քանի որ, ըստ նրա, խնդիրը ողջ մշակութային հասարակությանն էր վերաբերում, ուստի առաջարկեց բոլոր ստեղծագործական միությունների անունից դիմում ուղղել ՀՀ նախագահին եւ վարչապետին։ ՀՀ Նկարիչների միությունը այժմ պատրաստվում է համապատասխան հայտարարությամբ հանդես գալ։ Իսկ թե ում կուղղվի այն, դեռ պետք է քննարկվի ստեղծագործական մյուս միությունների հետ։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել