Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ է ասում, թե տնտեսական աճ չկա։ Կա՛, նկատել է պետք։ Փնտրել ու գտնել է պետք։ Իսկ եթե փնտրելու ցանկո

Դեկտեմբեր 20,2001 00:00

ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ ԵՐԿԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՍ Ո՞վ է ասում, թե տնտեսական աճ չկա։ Կա՛, նկատել է պետք։ Փնտրել ու գտնել է պետք։ Իսկ եթե փնտրելու ցանկություն կա՝ մի բան հաստատ կգտնվի։ Ա՛յ, օրինակ, ինչո՞վ տնտեսական աճի արդյունք չէ մշակութային կյանքում առկա աշխուժությունը. օրը մի մրցանակաբաշխություն ենք ամփոփում կամ սկսում։ Ընդամենը 2 օր առաջ ամփոփվեցին Հայաստանի պետական մրցանակաբաշխության արդյունքները, դրանց շուրջ ծագած խժդժությունները դեռ չմարած, երեկ հայտարարվեց միանգամից երկու մրցանակաբաշխության սկզբի մասին։ «Սայաթ-Նովա-2002» արդեն ավանդական դարձած երգի համահայկական մրցույթին զուգահեռ, «Հասմիկ եւ Վահագն Հովնանյաններ» ֆոնդը եւ Մշակույթի զարգացման բարեգործական հիմնադրամը նախաձեռնել են նոր՝ «Վահագն» համահայկական ամենամյա մրցույթ։ «Վահագնը» ներառում է 7 նոմինացիա՝ «Լավագույն ֆիլմի համար», «Լավագույն թատերական ներկայացման համար», «Կանացի լավագույն դերակատարման համար», «Տղամարդու լավագույն դերակատարման համար», «Կերպարվեստի լավագույն ստեղծագործության համար», «Գրական լավագույն ստեղծագործության համար», «Լրագրողական լավագույն հետաքննության համար»։ Յուրաքանչյուր նոմինացիայի համար սահմանված է 4500 դոլար մրցանակային գումար, որը, սակայն, կարող է տրվել ոչ թե մի հաղթողի, այլ մինչեւ երեք լավագույններին։ Յոթ նոմինացիաներում մրցանակաբաշխությունն իրականացնելու համար ստեղծվել են 5 մրցութային հանձնաժողովներ, որոնց նախագահները, Մշակույթի զարգացման բարեգործական հիմնադրամի տնօրենի հետ միասին երեկ ներկայացրին այն գործունեությունը, որը պիտի ծավալեն մինչեւ 2002թ. մարտի 31-ը, երբ արդեն ընտրած 3-ական լավագույն աշխատանքները յուրաքանչյուր նոմինացիայից կներկայացնեն Մշակույթի զարգացման բարեգործական հիմնադրամին։ Բարեբախտաբար, «Վահագն» մրցանակաբաշխության գրեթե բոլոր նոմինացիաներում հանձնաժողովի անդամները մասնագետ տեսաբաններ են։ Ֆիլմերն ընտրելու են կինոգետները, կերպարվեստի գործերը՝ արվեստաբանները, թատերական ներկայացումները՝ թատերագետները, գրական աշխատանքները՝ գրականագետները։ Սա, ինչ խոսք, ճիշտ մոտեցում է, հատկապես եթե հաշվի առնենք Հայաստանի պետական մրցանակաբաշխության առիթով ծագած վեճերը։ Իսկ պետական մրցանակներ շնորհող հանձնաժողովում հիմնականում արվեստի մարդիկ էին՝ դերասաններ, գրողներ, ռեժիսորներ, նկարիչներ… Տեսաբաններին, քննադատներին, այսինքն՝ մարդկանց, ում մասնագիտությունը հենց արվեստի գործերի «լավն ու վատը ջոկելն է», տեղին գովելն ու քննադատելը, գրեթե տեղ չէր հատկացվել։ Աշխատանքի ճիշտ բաժանումը գործի կեսն է։ Գրողը պիտի գրի, եւ ոչ թե իր կամ գործընկերների գործերը գնահատի։ Դերասանը պիտի նկարահանվի, խաղա եւ ոչ թե գնահատի իր գործընկերներին։ Նույնը՝ նկարիչը, կոմպոզիտորը, ռեժիսորը։ Գնահատելու, քննադատելու համար կա արվեստաբանների հատուկ մասնագիտացված, կրթություն ստացած մի ողջ բանակ։ Վերջին տասնամյակում նկարահանված լավագույն ֆիլմերն ընտրելու է Կինոգետների եւ կինոլրագրողների ասոցիացիայի նախագահ Սուսաննա Հարությունյանի ղեկավարած 11 հոգիանոց հանձնաժողովը։ Անկախության շրջանում բեմադրված լավագույն թատերական գործերը (ընդ որում՝ ոչ միայն այժմ խաղացանկերում առկա, այլեւ արդեն չխաղացվող ներկայացումներ, որոնց տեսագրությունը պահպանված է) ընտրելու է Սոս Սարգսյանի ղեկավարած՝ թատերագետներից բաղկացած հանձնաժողովը։ Գրականության «ճակատագիրը» որոշելու է ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանի ղեկավարած գրականագետներից կազմված հանձնաժողովը։ Այս նոմինացիայում գործում է 3 բաժին՝ արձակ, պոեզիա, դրամատուրգիա։ Ցավոք, թարգմանչական գրականությունն ու գրաքննադատությունը դուրս են մնացել մրցույթից։ Կերպարվեստի գործերն ընտրելու է արվեստաբան Նազարեթ Կարոյանի ղեկավարած հանձնաժողովը, որի կազմում, ըստ Ն. Կարոյանի՝ «9 արվեստագետներ են, մարդիկ, ովքեր այսօր տնօրինում են ժամանակակից արվեստը»։ Եվ եթե կինոյի, թատրոնի, կերպարվեստի, գրականության ոլորտներում «Վահագնի» մրցանակները հատկացվելու են վերջին տասնամյակի կտրվածքով, իսկ հաջորդ տարվանից սկսած՝ ամփոփվելու են միայն տվյալ տարվա ընթացքում ստեղծված գործերը, ապա «Լրագրողական լավագույն հետաքննության համար» առաջադրվելու են միայն 2001-ին գրված կամ հեռարձակված հետաքննական հոդվածները, ռադիոհեռուստատեսային հաղորդումները։ Այս նոմինացիայի մրցութային հանձնաժողովի նախագահը Մուշեղ Հովսեփյանն է, անդամները՝ հիմնականում թերթերի եւ ամսագրերի խմբագրեր։ Արվեստի բոլոր ոլորտների համար հայտերը կարող են ներկայացվել մինչեւ 2002թ. մարտ ամիսը։ Հաղթողների անունները կհայտարարվեն եւ մրցանակներ կհանձնվեն 2002թ. մայիսին՝ «Սայաթ-Նովա» մրցանակաբաշխության գալա-համերգի ժամանակ։ ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել