Լրահոս
Օրվա լրահոսը

«Գաղափար

Դեկտեմբեր 20,2001 00:00

ԱՐՁԱ՞Ն, ԹԵ՞… «Գաղափար անգամ չունեմ, թե ում արձանն են սարքում,- պատասխանեց ԵՊՀ-ի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի մի ուսանող, երբ նրան հարցրինք համալսարանի կենտրոնական մասնաշենքի առջեւ կատարվող շինարարության մասին,- դրա փոխարեն ավելի լավ կլիներ մեր մասնաշենքի ծակ դռները վերանորոգեին»։ Իսկ ԵՊՀ-ի տնտեսական գծով պրոռեկտոր Սարգիս Շահազիզյանը գտնում է, որ «մենակ լսարանը չէ, մենակ էդ խնդիրները չեն։ Գոյություն ունի համալսարանական համալիր, որը պետք է բավականին լավ տեսք ունենա։ Իհարկե, կարող ենք ասել՝ ավելի լավ չէ՞, օրինակ, համալսարանի շրջակայքի ծաղիկները ու կանաչը չտնկվեն ու դրա նման բաներ։ Բայց շուտով ե՛ւ այստեղ, ե՛ւ այնտեղ աստիճանաբար այդ գումարները կդրվեն, ինչ հնարավորություն որ գտնենք»։ «Ճիշտ է, մասնաշենքը վերանորոգելը այնքան էլ նպատակահարմար չէ, այնքան էլ կարեւոր չէ, քան արձանի կառուցումը, որովհետեւ կենտրոնական մասնաշենք գալիս են շատ նախագահներ՝ տարբեր կոչումներ ստանալու համար, եւ դա ավելի պատվաբեր եւ կարեւոր է ԵՊՀ-ի համար, քան մենք»,- հեգնանքով ասաց մի ուսանող։ Մի ուրիշ ուսանող էլ ավելացրեց. «Մասնաշենքում, լսարանում ես սովորում եմ, ինձ ավելի հաճելի կլիներ, որ այդտեղ մաքուր լինի, քան թե մի ինչ-որ արձան կառուցեն»։ Այս երկու ուսանողները նույնպես չգիտեին, թե ում արձանն է լինելու համալսարանի բակում։ Համալսարանի բակում պատրաստվում է պատվանդան։ Մինչեւ տարվա վերջ կավարտվեն պատվանդանի շինարարական աշխատանքները, որի վրա կտեղադրվի ժողովրդական քանդակագործ, ակադեմիկոս Արա Սարգսյանի պատրաստած բրոնզաձույլ «Մեսրոպ Մաշտոց եւ Սահակ Պարթեւ» արձանը։ «Մենք հանդիպեցինք քանդակագործի որդուն եւ նա ասաց, որ հոր պատրաստած արձանը թանգարանի բակում է եւ վատ չէր լինի, եթե համալսարանը հնարավորություն ունենար տեղադրել արձանը իր բակում։ Այդ գաղափարը ինձ դուր եկավ,- պատմում է պրոռեկտոր պրն Շահազիզյանը,- հետո դիմեցինք քաղաքապետարանի գեղարվեստական խորհրդին։ Այն իր համաձայնությունը տվեց։ Այնուհետեւ դիմեցինք մշակույթի նախարարություն եւ նախարարությունն այդ արձանը անհատույց տրամադրեց համալսարանին։ Համալսարանը իր վրա վերցրեց մնացած աշխատանքները՝ պատվանդանի կառուցումը, արձանի տեղադրումը։ Դա շուրջ 4-5 հազար դոլարի ծախս է ստացվում»։ Հիշեցնենք, որ ԵՊՀ-ում կա եւս երկու արձան՝ Անանիա Շիրակացու, որը երկու տարի առաջ է տեղադրվել, մյուսը՝ Մովսես Խորենացու։ «Դե արձանն էլ է կարեւոր։ Բացի այդ, վերջերս մասնաշենքերը սկսել են վերանորոգվել»,- ասաց հոգեբանության ֆակուլտետի մի ուսանող։ Ի դեպ, վերջին տարիներին վերանորոգվել են ԵՊՀ իրավագիտության եւ պատմության ֆակուլտետների մասնաշենքերը։ Ինչպես ասում է պրն Շահազիզյանը, վերանորոգումների մի մասը կատարվել է բարեգործների, մի մասն էլ համալսարանի խնայողությունների հաշվին։ Ծախսվել են մեծ գումարներ, օրինակ, պատմության ֆակուլտետի 2-3-րդ հարկերի վրա բարեգործների տված գումարներից ծախսվել է շուրջ 150 մլն դրամ։ «Այս բոլոր մասնաշենքերում վերանորոգման աշխատանքներ են գնում,- ասում է ԵՊՀ-ի տնտեսական գծով պրոռեկտորը,- մինչեւ տարվա վերջ կավարտվի կենտրոնական մասնաշենքի հիմնական համալիրի բոլոր սանհանգույցների վերանորոգումը, բավականին շատ լսարաններ են վերանորոգվել, շատերն էլ վերանորոգվում են»։ Բացի այդ, աշխատանքներ են կատարվում, որ պատմության ֆակուլտետի բակում նոր մասնաշենք կառուցվի, որովհետեւ ԵՊՀ-ի շենքային ծանրաբեռնվածությունը շատ մեծ է, օրինակ, բանասիրության ֆակուլտետի մասնաշենքում երեք անգամ ավելի շատ մարդ է սովորում, քան նախատեսված է։ «Թո՛ղ հիմա վերանորոգեն լսարանները, հետո ինչքան արձան կուզեն թող սարքեն»,- ասաց դեղագործության ֆակուլտետի մի ուսանող։ Իսկ ընդհանրապես, մեր հարցմանը ենթարկված ԵՊՀ-ի 25 ուսանողներից 18-ը սովորում են վատ վիճակում գտնվող լսարաններ ունեցող մասնաշենքում, 4-ի լսարանները նույնպես վատն են, բայց վերանորոգվում են, 3-ն էլ սովորում են լավ, վերանորոգված լսարաններում։ Այս ուսանողներից միայն երեքն էին գտնում, որ ավելի կարեւոր է արձան կառուցելը, երկուսն էլ դժվարանում էին ընտրել, թե որն է ավելի կարեւոր։ «Ամենակարեւոր, ամենաառաջնային խնդիրը ուսումնական պրոցեսի կազմակերպման համար նորմալ պայմաններ ստեղծելն է,- եզրափակեց իր խոսքը պրն Շահազիզյանը,- այսօր մենք ունենք լսարաններ, որոնցում, իհարկե, ամոթ է, որ դաս ենք անում, բայց պետք է հասկանանք, որ մենք մի ժամանակահատված անցանք, որի ընթացքում փաստորեն ոչինչ չարվեց։ Հիմա համալսարանը իր ամեն ինչը, իր ունեցած-չունեցած հնարավորությունները դնում է, որ վիճակը կարգավորվի»։ ՆԱՐԵԿ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ ՎԱՀՐԱՄ ՄԻՐԱՔՅԱՆ ԵՊՀ ուսանողներ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել