Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞վ

Դեկտեմբեր 20,2001 00:00

Ղեկավարելը՝ զբաղմո՞ւնք Ինչո՞վ է որոշվում երկրի կարգավիճակը. ըստ ընդունված գնահատականի՝ արդյունաբերական կողմնորոշմամբ, թեեւ մենք այսօր պատրաստ ենք երանի տալ այն չունեցող Լիբանանին։ Օրերս առիթ եղավ լինել ՀՀ նախագահի մասնակցությամբ գարնանը վերաշահագործված նախկին արդյունաբերական հսկաներից մեկում։ Ոգեւորությունս մարեց հենց նախապատրաստվածքի արտադրամասում, ուր պատրաստված մասի մասսայական ջարդ էր իրականացվում ու խոտան առաջանում։ Մարզիկի տեսքով մեկն էլ մուրճատիպ սարքի օգնությամբ հարահոսի վերջնամասում փշրելով խտացնում էր այն։ Նման վիճակն առաջացել էր ճարտարագիտական նոր լուծումների բացակայության արդյունքում, մոռացության տալով, որ ինչ տանելի էր ԽՍՀՄ պայմաններում՝ անընդունելի է շուկայական տնտեսակարգում. համայնավարությունը հիմնավոր խնդիր չէր հռչակում ոչ հումքը, ոչ էներգիան, որոնք այսօր շահույթ ստեղծող հիմնական գործոններ են։ Հեղինակն իրեն իրավունք չի վերապահում տնտեսագիտական վերլուծություններ անել, սակայն պարզից էլ պարզ է, որ զարգացած երկրներում 1 կվտժ էլէներգիան տալիս է 3 դոլարի արտադրանք, նորանկախ երկրներում՝ 1-2 դոլարի, արդեն թափ հավաքած երկրներում՝ 3-6 դոլարի։ Ինչքան շատ էլարտադրություն՝ այնքան բարձր ՀՆԱ։ ԽՍՀՄ նախկին հանրապետությունների զգալի մասում այս ցուցանիշը չի հասնում անգամ 1 դոլարի, իսկ ՀՀ-ում կազմում է 30 ցենտ, այսինքն՝ 1 դոլար արտադրանք ստանալու համար ծախսվում է 3 կվտժ։ Բնական է, որ վերաշահագործվող ձեռնարկությունների տերերը նշելու են շահույթ չստանալու իրողությունը, իսկ ՀՀ-ն շարունակելու է էլէներգիայի պարզ սպառող մնալ։ Ինչքանով է այս վիճակը գոհացնում մեր բարձրագույն ղեկավարությանը, որոնք իրենց կենսագրությունը մեծամասամբ սկսել են արտադրությունում, թող որ՝ միջին օղակի կուսաշխատողի պաշտոններում (հեղինակը՝ նույնպես)։ Թեեւ հաստիքը այդ անվանումն ուներ, բայց այն զբաղեցնողները օրվա գերակշիռ մասը նվիրում էին արտադրությանը, լուծելով սարքավորումների նորացման, հումքի մատակարարման, խնայողության արմատավորման հարցեր։ Չեմ կարծում, թե երբեմնի կուսաշխատող ՀՀ գործող նախագահը կուսաշխատողի այն ոճի ներկայացուցիչ է եղել, ովքեր նույն այդ ժամանակը նվիրում էին ժողովներ ու խորհրդակցություններ, նիստեր ու բյուրոներ անցկացնելուն։ Ուրեմն որտեղից մեր իշխանավորների յուրօրինակ պատկերացումը, թե արդյունաբերական ձեռնարկությունների պարզ վերաշահագործումով կարելի է կայացնել Հայաստանը։ Չէ՞ որ այսօր իրականացվողը կարծես ավելին չէ, քան հակաարտադրություն կազմակերպելը, որի հերթական արտահայտությունը դարձավ քիմիայի արտանետումների արդյունքում Դեբեդ գետում արձանագրված ջրային կենդանիների մասսայական ոչնչացումն ու հարեւան երկրների բնապահպանական անհանգստությունը։ Այսպես կարելի է ընդամենը երկարաձգել երկրի կայացումը, որը մեզանում… զբաղմունքի տեսք է ստանում։ ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել