Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՌԿԱԾ ՏԵՂԻՑ ԲԱՐՁՐԱՑԱՎ… ՄԵԿԸ

Դեկտեմբեր 20,2001 00:00

ՊԱՌԿԱԾ ՏԵՂԻՑ ԲԱՐՁՐԱՑԱՎ… ՄԵԿԸ «Հոկտեմբերի 27» քրգործի դատաքննությունը երեկ մինչեւ ժամը 15-ը չվերսկսվեց։ ԱԺ տուժած պատգամավորները համառորեն չեն ներկայանում Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան։ Նրանցից միայն մեկը եկավ. Գրիգոր Հարությունյանը, որը մի քանի հարց տվեց ամբաստանյալ Կարեն Հունանյանին։ Նա հարցրեց, թե ինչո՞ւ ամբաստանյալն իր «սեւ գործն անելուց հետո, երբ 20-25 րոպե էր անցել», բազմաթիվ անգամ ավտոմատով խփեց հանգուցյալ վարչապետին։ Ամբաստանյալը հրաժարվեց պատասխանել հարցին։ «Դահլիճում կրակելու հետ մեկտեղ, երբ կրակում էիք «Միասնության» հատվածի վրա, գոռում էիք. «Սրա՞նք են «Միասնությունը», ի՞նչը նկատի ունեիք» հարցին ամբաստանյալը պատասխանեց. «Նշանառու կրակոց չի եղել «Միասնության» վրա»։ Սակայն տուժած պատգամավորը չէր ակնարկել «նշանառու կրակոցների» մասին ու երբ այդ կապակցությամբ իր անհամաձայնությունը հայտնեց, ամբաստանյալը գերադասեց լռել։ «Ափսոսո՞ւմ եք կատարվածի համար» հարցին էլ պատասխանեց, թե չի զղջում «արարքի» համար։ Գ. Հարությունյանի այն հարցին էլ, թե 8 զոհվածներից որեւէ մեկին անձամբ ճանաչե՞լ է ամբաստանյալը, նա… պատասխանեց լռելով։ Իրավաբանական հետաքրքիր վեճ ծագեց դատարանում. դատավորը հայտարարեց, որ հարցաքննությունն ավարտված է, իսկ մեղադրող Գ. Ավետիսյանն ու Կ. Դեմիրճյանի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ-փաստաբանը գտնում էին, որ հարցաքննությունն իրենք չեն ավարտել։ Եթե հարցաքննությունն, ընդունենք, որ ավարտվել է, ապա դատարան պիտի բերվեն դատական նիստերի դահլիճից հեռացված 6 ամբաստանյալները եւ հրապարակվեն նիստի արձանագրությունները։ Տուժողի իրավահաջորդի շահերի մեկ այլ ներկայացուցիչ՝ փաստաբան Մարինա Ջանոյանը, գտնում էր, որ դատավոր Ս. Ուզունյանը ճիշտ է եւ իրենք պետք է, անցնեն հենց այդ փուլին։ Դրանով նորից բախվեցին միացյալ- պաշտպանական մարտավարական շահերը. Ջանոյանը դեմ դուրս եկավ մեղադրող Գ. Ավետիսյանին եւ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ա. Սարգսյանին։ Այսօր դատարան կբերվեն 6 ամբաստանյալները։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել