Լրահոս
Օրվա լրահոսը

Շատ

Դեկտեմբեր 20,2001 00:00

ՑԱՆԿԱ՞Ս ՏԵՍՆԵԼ ԶԻՄ ՎԱՐՇԱՎԱ Շատ հայերի համար Լեհաստանն ավետյաց երկիր էր, ուր նրանք գաղթել էին լավ կյանքի հույսով։ Նրանցից հատուկենտերը, սակայն, կարողացան հասնել հաջողության։ Լեհահայ դարձած իմ քյավառցի «Սա էլ ձեր հայերի առեւտրային ներկայացուցչությունն է»,- փոքր- ինչ հեգնեց մեր կոորդինատորը՝ Մացեկ Կոզիրան, երբ անցնում էինք Վարշավայի մի մարզադաշտի կողքով, որը վերածվել է տոնավաճառի, ուր վերին՝ ամենալայն հատվածը զբաղեցնում են մեր հայրենակիցները։ «Ավելի ստույգ՝ հայ-չին-վիետնամական ներկայացուցչությունն է»,- ճշտեցինք մենք, որ արդեն լսել էինք այդ տոնավաճառի պայմանների մասին՝ ցեխ, աղմուկ, էժանագին եւ անորակ ապրանքներ, գրպանը պինդ պահելու եւ ընդհանրապես՝ առանց պայուսակ այնտեղ այցելելու զգուշացումներ։ Այստեղ այնպիսի դեմքեր կտեսնես, որպիսիք չես տեսել անգամ Երեւանում։ Լեհաստան են գալիս հիմնականում Հայաստանի մարզերից։ Եվ ասենք, Գավառի որոշ գյուղեր կան, որոնք ամբողջ կազմով՝ ծերերով ու երեխաներով տեղափոխվել են Վարշավա։ Այս մասին մեզ պատմեց Լեհաստանում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը, որը հանգամանալից ներկայացրեց այս երկրում բնակվող հայերի վիճակը։ Չենք օգտագործում «լեհահայ համայնք» բնորոշումը, քանզի այդպիսին՝ կազմակերպական իմաստով, գոյություն չունի։ Ինչպե՞ս կարող են որպես համայնք գործել մեծ մասամբ անլեգալ բնակվողները, որոնք անգամ մի միջոցառման չեն կարող ներկա լինել առանց բռնվելու վախի։ Իսկ նման դեպք եղել է մի երկու տարի առաջ, երբ հայկական մի համերգի հրավիրատոմսով հրավիրվածներին ուղղակի մուտքի մոտ սպասող լեհ ոստիկանները տեղում բռնել եւ համապատասխան ծառայությունների միջոցով de-port են արել, այսինքն՝ արտաքսել։ Իհարկե, դա էլ խնդիր չէ՝ մի սահմանից հանում են, մյուսից դարձյալ վերադառնում են։ Բայց այդ օրվանից Լեհաստանում բնակվող հայերն այլեւս գերազանցապես գերադասում են չմասնակցել մշակութային կամ այլ միջոցառումների։ Աբորիգեններ Սա կարող էր չվերաբերել հայերի այն շերտին, որ դարերով են բնակվում այստեղ։ Ըստ Աշոտ Հովակիմյանի, նրանք իրենց նախընտրում են անվանել «լեհեր հայկական ծագումով» եւ պատկանում են հայ կաթոլիկ եկեղեցուն։ Նման լեհահայերն, ըստ իրենց տվյալների, շուրջ 5-6 հազար են. «Նրանք բոլորն ունեն լեհական ազգանուններ, իրենց միակ կապը հայության հետ՝ իրենց ծագումն է»։ Բաց ենք թողնում մեր դեսպանի պատմած այլ մանրամասներն այս խմբի ու նաեւ այն 200-300 հայերի մասին, որոնք Լեհաստան են եկել 70-80-ական թվականներին՝ մինչեւ Խորհրդային Միության փլուզումը։ Քանզի մեզ առավել հետաքրքրում էր մեր այն հայրենակիցների վիճակը, որոնք այստեղ են եկել Հայաստանի անկախ հանրապետությունից։ Արտագաղթածները տեղում 90-ականների սկզբից որպես զբոսաշրջիկ այստեղ եկած հայերը կազմում են ամենամեծ խումբը. «Նրանք երկրում պիտի մնային 90 օր՝ ոչ ավելի։ Բայց շատերը մնացին 8, 9, 10 տարի՝ ոչ մի տեղ չգրանցվելով, դեռեւս հին խորհրդային անձնագրերով»։ Աշոտ Հովակիմյանը դժվարացավ հստակ ասել, թե այժմ որքան են նման ձեւով արտագաղթածները. «Ով սիրում է չափազանցնել (եւ այդպիսի թվեր նույնիսկ լսել ենք) կարող է նշել 200 հազար թիվը։ Կամ նույնիսկ լեհական պաշտոնյաներն են ժամանակին մեզ հայտնել մինչեւ 100 հազար թվաքանակի մասին»։ Դեսպանը կարծում է, որ այդ տվյալը չափազանցված է առնվազն երկու անգամ։ «1996-ի ապրիլից Լեհաստանը Հայաստանի քաղաքացիների համար մտցրեց մուտքի արտոնագրային ռեժիմը։ Եվ հիմա արդեն շատ ավելի հեշտ է վերահսկումն իրականացնելը»,- Աշոտ Հովակիմյանը նման ռեժիմի անհրաժեշտությունը բացատրեց նաեւ առկա այն վիճակագրությամբ, որ 1993-1998-ի ընթացքում ամեն տարի միայն լեհ-գերմանական սահմանն անցած եւ բռնված հայերի քանակն անցնում էր 1000-ից։ Հայաստանի քաղաքացիներն առաջին տեղում էին սահմանային խախտումների քանակով՝ երկու անգամ գերազանցելով մյուս բոլոր երկրներին։ Առաջին տեղում ենք նաեւ այժմ՝ փախստականի կարգավիճակ ստանալու խնդրանքով դիմումների քանակով։ Եվ միգրացիոն կառույցը գրեթե նույնքան (եթե ոչ՝ ավելի) լավատեղյակ է Հայաստանի ներքին իրավիճակի մասին, որքան Լեհաստանի ԱԳՆ-ն։ Օղի թորողները Այժմ այն մասին, թե ինչով են հիմնականում զբաղվում մերոնք Լեհաստանում։ Տոնավաճառի մասին արդեն հիշատակեցինք։ Ընդհանրապես առեւտուրն է, բնականաբար, Վարշավայի հայերի հիմնական զբաղմունքը։ Եվ ի տարբերություն տոնավաճառային իրենց շեղաչք գործընկերների, որոնք շատ արագ կրպակների եւ վրանային առեւտուրի հետ զուգահեռ ստեղծեցին, ասենք, մանր ռեստորանային ցանցեր, հայերը շարունակում են անձնական հակակրանք տածել խանութների եւ օրինական այլ ձեռնարկությունների հանդեպ։ Թեեւ դա ապօրինի բնակության հետեւանք է առավել՝ չունեն աշխատանքի իրավունք։ Եվ վաճառածն էլ անօրինական, մաքսանենգ արտադրանք է։ Աշոտ Հովակիմյանի հավաստիացմամբ. «Նրանց 80%-ը զբաղված է կոմպակտ դիսկերի՝ CD-ների մանրածախ առեւտրով։ Երկրորդ տեղում սպիրտի արտադրությունն է։ Մի երկու տարի առաջ ոստիկանությունը հայտնաբերել էր, որ Վարշավայի շրջաններից մեկի սպիրտի արտադրության 80%-ը հայերի մի խմբի ձեռքում է»։ Բայց սա, ըստ դեսպանի, այստեղ հայերի կատարած հանցանքներից ամենափոքրն է։ Հայկական բանդաներ «Ցավոք, այստեղ գործում էին նաեւ հանցագործ խմբեր՝ կազմված մեր քաղաքացիներից, որոնք հիմնականում գործում էին հենց հայերի կամ ԱՊՀ-ի այլ քաղաքացիների դեմ,- պատմեց պրն Հովակիմյանը։- Այստեղ ե՛ւ առեւանգումներ կային, ե՛ւ ռեկետի դեպքեր, ե՛ւ գողություններ, ե՛ւ տարբեր տեսակի այլ խախտումներ… Հիմա քչացել են, քանի որ հիմնական պարագլուխներին անցած տարի բռնեցին»։ Պատկերը փոքր-ինչ մեղմացնելու համար դեսպանը նշեց, թե 40 մլն բնակչություն ունեցող Լեհաստանի մասշտաբով այս ամենն այդքան էլ մի սարսափելի երեւույթներ չեն։ Բայց փաստը մնում է փաստ. Լեհաստանում Հայաստանի դեսպանատունն օրական 20-30 հաղորդագրություն է ստանում դատախազությունից եւ ոստիկանությունից՝ մեր հայրենակիցների կատարած զանցանքների վերաբերյալ։ Այդ դեպքերին բծախնդիր հետեւողականությամբ անդրադառնում է նաեւ լեհական մամուլը։ Լավատեսական ավարտ Մեր դեսպանը վստահեցնում էր, թե իրավիճակը փոխվում է, առկա են որոշ դրական միտումներ։ Քանի որ շատերը թերեւս ընդմիշտ են մնալու Լեհաստանում՝ տնավորվել են ու մեծ քանակ են կազմում խառն ամուսնությունները՝ փորձում են օրինականացնել իրենց կեցությունը. «Լեհաստանի տնտեսական վիճակն էլ, մանավանդ, այնպիսին է, որ շուկայական առեւտուրն այլեւս այն մակարդակում չէ, որ շատ հրապուրի։ Ժամանակին դրանից իրոք եկամուտները մեծ էին։ Հիմա Վարշավայում հսկայական սուպերմարկետներ են բացվել, կտրուկ իջել են գները»։ Լեհաստանում օրինականորեն բնակվողների թիվը, պրն Հովակիմյանի հավաստմամբ, տարեցտարի ավելանում է, նվազել են արտաքսման դեպքերը։ Մեր հարցին, թե հնարավո՞ր է այստեղ հասնել հաջողության ու բարեկեցության՝ Լեհաստանում Հայաստանի դեսպանը պատասխանեց դրական, վերապահում անելով, թե դրան հասնում են նրանք, ովքեր այդ միակ ուղին չեն համարում տոնավաճառը կամ չարչիությունը Լեհաստանի գյուղերում. «Կան հաջողակներ եւ քիչ չեն։ Շուրջ 20 հայ նկարիչներ կան այստեղ՝ մի քանիսը բավականին հայտնի։ Կան բազմաթիվ բժիշկներ, որոնք գտել են իրենց տեղը։ Կան մեր քաղաքացիներ, ովքեր այստեղ դասախոսում են, զբաղվում լուրջ բիզնեսով։ Բայց դրա համար հարկավոր է ունենալ պատրաստվածություն եւ որակավորում»։ Հատկանիշներ, որոնց առկայության պարագայում թերեւս պարտադիր չէր լինի Հայաստանը թողած՝ լեհերի սառը վերաբերմունքին արժանանալով այնտեղ բախտ փնտրել։ Եվ իրոք՝ չարժեր հասնել աշխարհի ծերը, որ այս ամենը հասկանաս։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ Վարշավա-Երեւան Հ. Գ. Իր գործունեության մեջ հաջողակ մի հայի հանդիպեցինք «Պրագա» հյուրանոցում, որտեղ հանգրվանել էր մեր փոքրիկ պատվիրակությունը։ Հյուրանոցի ռեստորանի տերը եւ գլխավոր խոհարարը 10 տարի Լեհաստանում բնակվող Արտակ Մարկոսյանն է (լուսանկարում նա է), որի մասին գրում են լեհական ամենահեղինակավոր թերթերը։ Թեեւ նույն հաջողությամբ նրա խոհարարական կատարյալ հմտությունը կարող էր զարդարել նաեւ Երեւանի ցանկացած բարձրակարգ ռեստորան։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել