Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմնական օրենքի փոփոխությունները հասարակությունը չեն փոխի

Դեկտեմբեր 20,2001 00:00

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՀԱՄԱԲԱԼԱՍԱՆ Հիմնական օրենքի փոփոխությունները հասարակությունը չեն փոխի «Մեզ պետք է ուժեղ նախագահ, ուժեղ խորհրդարան, ուժեղ դատական իշխանություն»,- ասում են գրեթե բոլոր քաղաքական գործիչները: Եվ ճիշտ էլ ասում են: Զարմանալի է սակայն, երբ այդ միանգամայն բնականոն պահանջը կապվում է Սահմանադրության այս կամ այն տարբերակի հետ: Իբր Սահմանադրությունում գրված որեւէ կետ կուժեղացնի կամ կթուլացնի պետության այս կամ այն ինստիտուտը: Կյանքն իրականում այլ է: Արտաքուստ ամենաուժեղն այսօր երկրի նախագահն է: Իր վերջին ասուլիսում նա ցուցադրաբար (հերթական անգամ) վիրավորեց քաղաքական ընդդիմախոսներին եւ արհամարհեց հասարակությանը՝ լինելու է այնպես, ինչպես ես եմ ուզում: Նման կեցվածքն ունի մի նպատակ՝ եւս մեկ անգամ ապացուցել, որ իր վարքագծին որեւէ դիմադրություն չկա: Մի կողմից՝ դա, անշուշտ, ուժի ցուցադրում է: Մյուս կողմից՝ դժվար թե վկայում է իրական ուժի մասին: Որովհետեւ բռնապետության բացակայության պայմաններում (ինչպիսին այսօրվա Հայաստանն է) հասարակության վրա թքած ունենալը, հակառակը, հարաճուն թուլության աղբյուր է: Որեւէ սահմանադրական փոփոխություն կարո՞ղ է փոխել այս իրավիճակը: Ըստ երեւույթին՝ ոչ: Ուժե՞ղ է արդյոք խորհրդարանը: Կա, օրինակ, ներկայիս ԱԺ-ում ոմն Լեւոն Սարգսյան (Ալրաղացի Լյով), որը մեծամասնական ընտրությունների ժամանակ ջախջախիչ առավելությամբ հաղթեց թե՛ պրոֆեսոր Լյուդմիլա Հարությունյանին, թե՛ հայտնի քաղաքական գործիչ Հրանտ Խաչատրյանին: Դուք երբեւէ լսե՞լ եք, որ այդ պատգամավորը որեւէ հարցով իր կարծիքն արտահայտի: Բայց, մյուս կողմից, կարելի է ստուգել՝ այդ փայլուն օրենսդիրը մշտապես քվեարկել է այնպես, ինչպես պահանջել է գործադիր իշխանությունը: Գործող Սահմանադրությո՞ւնն է մեղավոր, որ մենք այդպիսի պատգամավորներ ունենք: Իսկ Քոչարյանի առաջարկած փոփոխություններից կամ խորհրդարանական համակարգ ներմուծելուց հետո այդ հնազանդ կոճակ սեղմողների ճահիճը կվերանա՞: Եթե այո, ապա թող բացատրեն՝ Սահմանադրության ո՞ր մի նոր կետն է խանգարելու ընտրակաշառք բաժանել եւ տեղական կիսաքրեական «գործարարների» միջոցով կուսակցական կամ մեծամասնական ցուցակով ձեռք բերել պատգամավորի մանդատ: Հիմա տեսնենք, թե որքանով է ուժեղ դատական իշխանությունը: Նախագահի թիկնապահը, ակնհայտորեն գերազանցելով իր լիազորությունները (իր կողմից պահպանվող անձը՝ նախագահը, արդեն վաղուց գնացել էր դեպքի վայրից եւ նրա անվտանգությանն այլեւս ոչինչ չէր սպառնում), վերադառնում է այդ վայրը, սաստիկ ծեծի է ենթարկում մարդուն (ենթադրենք, սպանելու մտադրություն չունենալով), որի հետեւանքով մարդը մահանում է: Քոչարյանի գրպանում գտնվող, նույնպես շատ ուժեղ, դատախազությունը առաջ է քաշում միայն «անզգույշ սպանության» մեղադրանքը: Դուք կասկածո՞ւմ եք, որ մեր անկախ դատարանը պարզապես «կդակի» այդ մեղադրանքը: Հիմա եթե դատավորները նշանակվեն ոչ թե այն ձեւով, ինչպես նախատեսված է գործող Սահմանադրությամբ, այլ որեւէ այլ կերպ, դրանից դատարանների կեցվածքը կփոխվի՞: Եթե վստահ եք, որ կփոխվի, բերեք բանական փաստարկներ՝ Աստվածաշնչի վրա երդվել պետք չէ: Այս երեք ինստիտուտների թուլության հիմքն, իհարկե, մենք ենք՝ հասարակությունը: Կար ժամանակին մի ամերիկյան կարճամետրաժ ֆիլմ՝ «Միջադեպ»: Մետրոյի գնացք մտնում են երկու տականքներ եւ սկսում են ուղեւորներին նվաստացնել՝ մեկի գլխարկն են պատուհանից գցում, մյուսի աղջկան են վիրավորում, երրորդին՝ ապտակում: Նպատակն է՝ անպատիժ լինել եւ ապացուցել, որ դիմացինդ թույլ է եւ վախկոտ ու որեւէ դիմադրություն ցույց չի տա: Ուղեւորները հենց այդպիսինն են՝ չեն կարող պաշտպանել ոչ իրենց, ոչ կողքիններին: Այդ ստորացումը շարունակվում է այնքան ժամանակ, մինչեւ մեկը վեր է կենում եւ ասում՝ «վե՛րջ տվեք»: Մինչեւ հասարակությունն իր մեջ ուժ չգտնի եւ չասի՝ «վերջ տվեք», մեր պետության երեք ճյուղերը եւ բոլոր ինստիտուտները թույլ կլինեն ու կգտնվեն ավազակային հոգեբանություն ունեցող մարդկանց ձեռքում: Ո՞վ կարող է ապացուցել, թե հենց Սահմանադրության կատարելությունը կամ անկատարությունը դրդում է մեզ հարմարվող ու մորթապաշտ լինել: Այդ ո՞ր մի սահմանադրությունն է ստիպել մարդկանց զգալ իրենց երկրի արժանապատիվ քաղաքացիներ: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել