Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխարհի բարձրակարգ մարզիկների ճնշող մեծամասնության համար օլիմպիական խաղերը ոչ միայ ամենահեղինակավոր

Դեկտեմբեր 19,2001 00:00

Ի՞ՆՉ ԱՐԺԵ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ «ՈՍԿԻՆ» Աշխարհի բարձրակարգ մարզիկների ճնշող մեծամասնության համար օլիմպիական խաղերը ոչ միայ ամենահեղինակավոր մրցումներն են, այլեւ լավ վաստակելու գործուն միջոց։ Ֆինանսական խնդիրները վաղուց են տեղ գտել օլիմպիադաներում. ոմանք դա դիտում են որպես մարզիկների համար հաջող հանդես գալու կարեւոր խթանիչ, մյուսները՝ ոչ։ Եվ տարբեր երկրների մոտեցումն էլ այս հարցին տարբեր է, որտեղ չի գործում ոչ մի օրինաչափություն կամ տրամաբանություն։ Օրինակ, Ռուսաստանը, որի տնտեսությունը համաշխարհային չափանիշներով, մեղմ ասած, ամենազարգացածներից չէ, վաղուց, դեռեւս Սիդնեյից առաջ, սահմանել է հետեւյալ չափաբաժինները. «ոսկու» համար՝ $50 հազար, «արծաթի»՝ $20 հազար, «բրոնզի»՝ $10 հազար։ Իսկ ահա Միացյալ Նահանգների պես հզոր երկիրն իր մարզիկներին պատրաստ է վճարել, համապատասխանաբար, 25 հազար, 15 հազար եւ 10 հազար դոլար։ Թե ինչո՞վ է պայմանավորված այսպիսի «ժլատությունը», պարզ չէ։ Ի դեպ, նույն ճանապարհով է ընթանում նաեւ Եվրոպայի ամենազարգացած ու հարուստ երկրներից մեկը՝ Գերմանիան։ Կասկած չկա, որ դրամական մրցանակների չափը որոշվում է ոչ միայն երկրի տնտեսական ներուժից ելնելով, այլեւ նվաճելիք պարգեւների ակնկալվող քանակով։ Օրինակ, Սիդնեյի օլիմպիական խաղերում Սինգապուրի կառավարությունը «ոսկի» նվաճող իր մարզիկին խոստացել էր վճարել ոչ ավել, ոչ պակաս՝ $575 հազար։ Հավանաբար, այդպես էր հայտարարվել, քանի որ այնտեղ գիտեին, որ նման բան չի կարող պատահել, ինչպես էլ եղավ։ Խրախուսանքի ոչ սովորական, բայց եւ աշխատող ճանապարհ են ընտրել Թեհրանում։ Իրանի կառավարությունը եւ Օլիմպիական կոմիտեն համատեղ վճռել են, որ օլիմպիական խաղերում ցանկացած մաքրության օլիմպիական մեդալ նվաճող յուրաքանչյուր մարզիկ ցմահ ստանալու է ամսական $2500 նպաստ։ Եթե ընդունենք, որ ենթադրվող այդ մարզիկի միջին տարիքը կարող է լինել 30 եւ նա ապրելու է մոտավորապես գոնե 70 տարի, ապա մնացած 40 տարվա ընթացքում այդ երջանիկ մարդը կստանա $1 մլն 200 հազար։ Ինչ վերաբերում է Հայաստանին, բարեբախտաբար, մեր երկրի ԱՕԿ-ը առավել քան առատաձեռն է։ Նույնիսկ այն դեպքում, երբ ազգաբնակչության ճնշող մեծամասնության ձեռքում որպես կանոն 5 հազար դրամ էլ մշտապես չի լինում, մեր օլիմպիական կոմիտեն օլիմպիական չեմպիոնների եւ մրցանակակիրների համար սահմանել է խրախուսական ֆանտաստիկ (մեր չափանիշներով) գումարներ. «ոսկե» մեդալ նվաճողին՝ $40 հազար, «արծաթին»՝ $30 հազար, «բրոնզին»՝ $20 հազար։ Ընդ որում, վերը նշված գումարների 50%-ի չափով էլ պարգեւատրվում են մարզիչները։ Ա. Հ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել