Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր երկու հայրենակիցները նկարահանվել են Անդրեյ Կոնչալովսկու «Հույսի տուն» պայմանական վերնագիրը կրող

Դեկտեմբեր 19,2001 00:00

Հայերը Կոնչալովսկու ֆիլմում Մեր երկու հայրենակիցները նկարահանվել են Անդրեյ Կոնչալովսկու «Հույսի տուն» պայմանական վերնագիրը կրող ֆիլմում։ Դերակատարներից մեկը Գեորգի Հովակիմյանն է՝ Հ. Մալյանի անվան թատրոնի դերասան։ Իսկ մյուսը Հայաստանի վաստակավոր արտիստուհի Տիգրանուհի Չակրյանն է, որը երկար տարիներ երգել է օպերային թատրոնի երգչախմբում։ Տիգրանուհին պատմում է, որ խաղացել է նաեւ Ա. Երնջակյանի «Արմենիկում» ֆիլմում, ուր վերջինիս ասիստենտը Վարդուհի Բաղդասարյանն էր։ Երբ Ա. Կոնչալովսկու ներկայացուցիչները դիմել են նրան տարեց դերասանուհի գտնելու խնդրանքով, տրվել է Տիգրանուհու անունը։ «Իսկ դա ինձ համար վերածննդի նման մի բան էր»,- ասում է Տ. Չակրյանը։ Գ. Հովակիմյանը բեմական գործունեությունը սկսել է Վրաստանում, Պ. Ադամյանի անվան թատրոնում, մի քանի վրացական ֆիլմերի էպիզոդիկ դերերում նկարահանվելուց բացի, խաղացել է նաեւ Փարաջանովի մի ֆիլմում։ Իսկ Հ. Մալյանի հրավերով Հայաստան տեղափոխվելով՝ նաեւ «Մի կաթիլ մեղր» ֆիլմի մի քանի հեքիաթներում։ Տարիներ անց Տ. Քեոսայանի ֆիլմերից մեկի կինոփորձերի նկարահանումներին է մասնակցել ընկերոջ՝ Ստեփան Շահինյանի հետ, սակայն այնպես է ստացվել, որ նկարահանվել է Ա. Կոնչալովսկու ֆիլմում։ Երկու հայ դերասաններն էլ հիացած են Կոնչալովսկու տաղանդով, ռեժիսորի՝ Հայաստանի պատմության եւ հայ գրականության խոր իմացությամբ, եւ սիրով ու ոգեւորությամբ են աշխատել նրա հետ՝ շունչ ու ոգի ներդնելով իրենց դերերում։ Իսկ Տիգրանուհու մեջ հատկապես տպավորվել է մի դեպք. «Ես, որ հոգեբուժարանի ավագ քրոջ դերն էի կատարում, շատ անհանգիստ ու նյարդայնացած էի, արդյոք կկարողանա՞մ խաղալ այնպես, ինչպես հարկն է։ Մի դրվագում էլ ես եւ սանիտարը պիտի հանդարտեցնեինք մի հիվանդի, ու պիտի նկարահանեին 10 կրկնօրինակ։ Այդ ընթացքում հուզմունքից ծխեցի 2 տուփ «Բելամոր», հետո էլ տհաճ զգացողությունից ազատվելու համար սկսեցի թռչկոտել ու պարել։ Բեմադրիչին անչափ դուր եկավ իմ պարը, որը նա մտցրեց ֆիլմի մեջ»։ Տ. Չակրյանի մեջ տպավորվել է նաեւ Գ. Հովակիմյանի «Ով սիրուն, սիրուն» երգի կատարումը, որ նույնպես սկզբում նախատեսված չէր սցենարով։ Սակայն այն շատ էր դուր եկել Կոնչալովսկուն, որը ամբողջովին դրել էր այդ կտորը։ Ի դեպ, հայազգի դերասանները պատմում են նաեւ, որ ֆիլմը մասնավոր, ամերիկյան պատվեր է, իսկ ակցիաների 70%-ը պատկանում է ամերիկացի հովանավորներին։ Հայտնի է, որ ֆիլմը ներկայացվելու է «Օսկարի» մրցանակաբաշխությանը։ ԱԻԴԱ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել