Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի

Դեկտեմբեր 19,2001 00:00

ՈՒՂՂԱԿԻ՝ «ՊԼԱՆԿԱՆԵՐԻ» ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ Հայաստանի պետական մրցանակների բաշխումից հետո ոմանք՝ թաքուն չարախնդությամբ, ոմանք՝ ցավով, իսկ ոմանք էլ՝ վրդովմունքով, ստիպված էին արձանագրել, որ վերջին երկու տարիներին Հայաստանում գրականության եւ թատերարվեստի ասպարեզներում որեւէ նշանակալից կամ, Ռազմիկ Դավոյանի ձեւակերպմամբ՝ «գեղարվեստական բացառիկ բարձր արժեք» ունեցող գործ չի ստեղծվել։ Գրականության եւ թատերարվեստի՝ հանձնաժողովին հայտ ներկայացրած գործերից եւ ոչ մեկը չարժանացավ պետական մրցանակի։ Փոխարենը՝ ՀՀ պետական մրցանակ ստացան Երեւանի Գրիգոր Լուսավորիչ տաճարը (ճարտարապետ՝ Ստեփան Քյուրքչյան), «Ուրախ ավտոբուս» ֆիլմը (ռեժիսոր՝ Ալբերտ Մկրտչյան), Քրիստոնեության ընդունման 1700-ամյակին նվիրված նկարաշարքը (նկարիչ՝ Ռուբեն Ադալյան) եւ կրկին 1700-ամյակին նվիրված կոնցերտների շարքը (կոմպոզիտոր՝ Ռուբեն Ալթունյան)։ Երեկ ՀՀ պետական մրցանակաբաշխության հանձնաժողովի նախագահ Ռ. Դավոյանը ասուլիս էր հրավիրել՝ մրցանակաբաշխության արդյունքներն ամփոփելու եւ արդյունքներից «տրտնջացողներին» պատասխան տալու նպատակով։ Հիշեցնենք, որ ՀՀ պետական մրցանակի ինստիտուտը ստեղծվել է 1999-ին։ Ինչ-որ առումով պետական մրցանակը փոխարինելու է «Ոսկե եղեգն» մրցանակին, որը տրվում էր միայն գրականության ասպարեզում եւ որին հատկացված գումարներն այժմ ծառայում են պետական մասնակի հրատարակչական գործին։ Այս տարի թվով առաջին պետական մրցանակաբաշխությունն էր, որին մասնակցում էին վերջին երկու տարիներին ստեղծված եւ մրցանակաբաշխության հանձնաժողովին հայտ ներկայացրած աշխատանքները։ Արվեստի եւ գրականության վեց ճյուղերից (կերպարվեստ, երաժշտություն, կինոարվեստ, թատերարվեստ, քաղաքաշինություն եւ ճարտարապետություն, գրականություն) յուրաքանչյուրի համար սահմանված է մեկական մրցանակ։ Բնականաբար, մեր իրականության համար բավական յուղոտ այդ պատառները՝ 5000-ական դոլար, ստանալու ցանկություն ունեցողների թիվը մեծ էր։ Եվ է՛լ ավելի բնական է, որ երկու ասպարեզներում մրցանակներ չտալը պիտի ընդունվեր սվիններով։ Առավել եւս, որ հիմնավորումը, թե ինչու չեն տրվել մրցանակներ թատրոնի եւ գրականության բնագավառներում, այդպես էլ չբավարարեց հետաքրքրասերներին։ Ռ. Դավոյանը զարմացած էր այն փաստից, որ ոչ միայն «դրսի, պատահականորեն ԱԺ մտած մարդն է տրտնջում», այլեւ՝ հանձնաժողովի անդամը, սակայն դա էլ բացատրում էր նրանով, որ «տեսնում են, որ սահմանված բարձր նշաձողը չեն կարող հաղթահարել, դժգոհում են, ուզում են իջեցնել իրենց մակարդակին»։ Ասուլիսի ողջ ընթացքում պարբերաբար կրկնելով այն միտքը, թե «ոչ ոք չի կարող իր կամքը թելադրել հանձնաժողովին, հնարավոր չէ հանձնաժողովն ուղղորդել սեփական նպատակների համար», պրն Դավոյանը պնդում էր, թե պետական մրցանակը խրախուսական մրցանակ չի, նպաստ չի, որ ուղղակի տրվի դժվար նյութական կացության մեջ գտնվող արվեստագետներին։ Բայց քիչ ավելի ուշ հնչած «հանձնաժողովը գնացել է ավելի շատ բարյացակամության, քան մերժելու ճանապարհով» միտքը որեւէ կերպ չէր համադրվում գրականության ասպարեզում մրցանակ ստանալու հավակնություն ունեցող 12 գործերից եւ ոչ մեկի մրցանակ չստանալու իրողության հետ։ Իրողություն, որը գրական շրջանակներում ընդվզումի, Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանի խոսքերով՝ «խուլ ընդդիմության» տեղիք է տվել։ ԳՄ նախագահի եւ Ռազմիկ Դավոյանի միջեւ ասուլիսի ժամանակ ծագած վիճաբանությունը գրողների վրդովմունքը լրագրողներին ներկայացնելու Լեւոն Անանյանի ջանքերի արդյունքն էր. «Եթե գրականության ասպարեզում չի տրվում մրցանակ, դա նշանակում է, որ հայտարարվում է, թե այսօր մենք չունենք գրականություն, որն արժանի է մրցանակի։ Ես հանձնաժողովի անդամ եմ եղել եւ կարող եմ ասել, որ այն բնագավառներում, որտեղ մրցանակները տրվել են՝ երաժշտություն, կերպարվեստ, կինոարվեստ, ճարտարապետություն, համեմատած մեր գրական արտադրանքի հետ, որեւէ շեշտակի տարբերություն չկա։ Եվ այն 12 գրողներից յուրաքանչյուրը, ում գործը ներկայացվել էր, վստահաբար արժանի էր մրցանակի։ Հանձնաժողովը պատրաստ չէր գնահատելու, հանձնաժողովում շատերը հայերեն կարդալ չգիտեն, ուր մնաց՝ 12 գիրք կարդային, ընտրեին»։ Ռ. Դավոյանը, շեշտելով՝ «պարո՛ն Անանյան, Ձեր քարոզչությունը հանձնաժողովում չի անցել», եւ դեռ ավելին, ԳՄ նախագահին մեղադրելով կրքեր բորբոքելու մեջ, խնդրեց ակադեմիկոս Սերգեյ Սարինյանին՝ իր դիրքորոշումն արտահայտել։ Վերջինիս տեսակետն այն էր, թե՝ «գրականությունը չի թերագնահատվել, բայց նաեւ պետք չէ անտեղի գերագնահատել։ Արժանի գրողներ շատ կան, բայց խոսքը կոնկրետ գրքերին, կոնկրետ գործերին էր վերաբերում։ Հանձնաժողովը օբյեկտիվ է եղել»։ Խորեն Աբրահամյանին խնդրեցին ներկայացնել թատերարվեստի բնագավառի ներկայացուցիչների մոտեցումը՝ այս ասպարեզում եւս մրցանակ չտրվելու կապակցությամբ։ Ըստ Խ. Աբրահամյանի, վերջին երկու տարում իրապես որեւէ բացառիկ արժեք թատրոնում չի ստեղծվել։ Նույնը՝ նաեւ գրականության մեջ։ Ռ. Դավոյանի եւ Խ. Աբրահամյանի դրած «բարձր նշաձողը» եթե չկարողացան հատել գրականությունն ու թատրոնը, արվեստի մյուս 4 ճյուղերը անվերապահորեն հատե՞լ էին։ Այս հարցին ե՛ւ Ռ. Դավոյանը, ե՛ւ Խ. Աբրահամյանը վերապահումով էին մոտենում։ Չպնդելով, թե մրցանակակիրները «բացառիկ բարձր արժեք» էին, բերում էին «դրանք ստացան անհրաժեշտ քվեներ» փաստարկը։ Ստացվում է, որ գուցեեւ այնքան էլ բացառիկ եւ այնքան էլ բարձր գեղարվեստական արժեք չունեցող գործերը 42 հոգիանոց հանձնաժողովի ներկա անդամների կեսից ավելիի սուբյեկտիվ քվեն ստանալու արդյունքում կարող էին մրցանակ ստանալ, իսկ պայմանականորեն բացառիկ եւ բարձր արժեքներ, չստանալով նույն հանձնաժողովի ներկա անդամների սուբյեկտիվ քվեն, կնքվեցին «ոչ բացառիկ» եւ «ոչ բարձրարժեք» պիտակներով։ Եվ ուրեմն՝ թող ոչ ոք չպնդի, թե «հանձնաժողովն օբյեկտիվ էր»։ Հայաստանում, ուր բոլորը բոլորին ծանոթ են, բարեկամ, թշնամի եւ չկամեցող, «օբյեկտիվ հանձնաժողով», որը կշնորհի թանկարժեք մրցանակներ «օբյեկտիվորեն» բացառիկներին ու բարձր գեղարվեստական արժեք ունեցողներին, հնարավոր չէ պատկերացնել։ Իսկ Խ. Աբրահամյանի մի մտքի հետ չենք կարող չհամաձայնել. «Որեւէ իսկապես արժեքավոր, իսկապես բացառիկ գործ չի կարող չգնահատվել ու չէր կարող մրցանակ չստանալ»։ Բայց ավելացնենք, որ հակառակը՝ մրցանակ կարող էր (եւ կարող է) ստանալ ոչ այնքան բացառիկը, ամենեւին չի բացառվում։ Սպասենք 2003-ի մրցանակաբաշխությանը։ ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել