Լրահոս
Օրվա լրահոսը

Թեեւ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատավոր Վազգեն Լալայանն ինքն էլ տարակուսեց ՀՀ կ

Դեկտեմբեր 19,2001 00:00

Տեղեկություններ չկան, բայց գաղտնիք են Թեեւ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատավոր Վազգեն Լալայանն ինքն էլ տարակուսեց ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի պատասխանից, սակայն դա չխանգարեց, որ մերժեր «Հետաքննող լրագրողների ընկերակցության» հայցը՝ ընդդեմ այդ կոմիտեի։ Վերջինս մերժել է տեղեկություններ տրամադրելու լրագրողների խնդրանքը՝ ստիպելով դատական կարգով հարցի լուծման հասնել։ Սակայն դատական նիստի ժամանակ այդպես էլ պարզ չդարձավ՝ Մաքսային կոմիտեն չի ցանկացե՞լ, թե՞ չի կարողացել պատասխանել լրագրողների հարցերին։ «Հետաքննող լրագրողների ընկերակցության» հայցադիմումում ասվում է, որ 09.10.2001թ. ընկերակցության նախագահ Էդիկ Բաղդասարյանը գրավոր դիմել է Մաքսային պետական կոմիտեի պետ Ա.Ավետիսյանին եւ խնդրել տեղեկություններ տրամադրել այս հարցերի մասին՝ ոչ մետաղական հանքավայրերը շահագործող ո՞ր կազմակերպություններն են արտահանում իրենց արտադրանքը, 1997թ. առ այսօր որքա՞ն արտադրանք (քար) են արտահանել, 1997թ. առ այսօր արտադրանքի այդ տեսակն արտահանելուց ինչքա՞ն տուրք է վճարվել։ 24.10.2001թ. ստացվել է Մաքսային կոմիտեի պետի տեղակալ Ս. Թադեւոսյանի պատասխան գրությունը, որում հղում կատարելով ՀՀ մաքսային օրենսգրքի 16-րդ հոդվածին, հրաժարվել է պատասխանել առաջադրված հարցերին։ Մատնանշելով ՀՀ Սահմանադրությունը, օրենքները, նաեւ միջազգային բազմաթիվ հռչակագրերը, որ երաշխավորում են քաղաքացու եւ այս դեպքում՝ նաեւ լրագրողի, տեղեկություններ ստանալու իրավունքը, լրագրողների ընկերակցությունը իր հայցադիմումում խնդրում էր մաքսային պետական կոմիտեի պետին պարտադրել՝ դադարեցնել պահանջվող տեղեկատվության տրամադրման մերժմանն ուղղված գործողությունները եւ հնարավորինս սեղմ (տասնօրյա) ժամկետում սպառիչ տեղեկատվություն տրամադրել լրագրողների հարցերին։ Հայցադիմումում նաեւ ասվում է, որ պահանջվող տեղեկությունները չեն վերաբերում պետական կամ այլ գաղտնիքի, ուստի դրա վերաբերյալ կիրառելի չէ ՀՀ մաքսային օրենսգրքի 16-րդ հոդվածի պահանջը։ Սակայն պատասխանող կողմի ներկայացուցիչ, Մաքսային պետական կոմիտեի հետաքննության եւ իրավաբանության վարչության պետ Գեւորգ Ներսիսյանը դատարանում եւս հենց այդ հոդվածն էր վկայակոչում՝ տեղեկություններ չտալը հիմնավորելու համար։ Ըստ նրա՝ լրագրողների պահանջած տեղեկությունները առեւտրային գաղտնիք են եւ իրենք իրավունք չունեն տնտեսվարող սուբյեկտների մասին տեղեկություններ տալ։ Սակայն լրագրողների հարցերը ընդհանուր տեղեկությունների են առնչվում (ձեռնարկությունների անունները, ընդհանուր առմամբ որքա՞ն քար է արտահանվել եւ ինչքա՞ն տուրք է վճարվել), այլ ոչ թե առանձին ձեռնարկությունների տնտեսական գործունեությանը։ Սակայն պրն Ներսիսյանն ավելի ուշ էլ հարցերին չպատասխանելը արդարացրեց նրանով, թե իրենք նման տեղեկությունների պարզապես չեն տիրապետում, իրենց մոտ չկան մետաղական հանքավայրերը շահագործող կազմակերպությունների անունները, չգիտեն՝ որքան են նրանք արտադրանք արտահանում եւ չեն կարող նաեւ ասել, թե որքան մաքս են մուծել, քանի որ հանքաքարի արտահանման համար մաքս չեն մուծում, միայն մաքսավճար են տալիս։ Դատավորի այն հարցին, եթե ոչ Մաքսային կոմիտեն, ապա ո՞ր ատյանն է տիրապետում այդ տեղեկություններին, պրն Ներսիսյանը նկատեց. «Նման հաշվառում Հայաստանում ոչ ոք էլ չի իրականացնում»։ Դահլիճում հավաքվածները նկատեցին, որ այս դեպքում զարմանալի չէ, որ հանքավայրերի շահագործման բնագավառում այդքան բարձիթողի վիճակ է։ Եթե Մաքսային կոմիտեն նման տեղեկությունների չէր տիրապետում, ապա ինչու հենց այդպես չէր պատասխանել լրագրողներին եւ ինչպես կարող է չեղած տեղեկությունները առեւտրային գաղտնիք որակել։ Անհասկանալի մնաց Գ. Ներսիսյանի այն արդարացումը, թե եթե ունենայինք էլ նման տվյալներ, չէինք տա, քանի որ դա առեւտրային գաղտնիք է։ Դատավոր Վ. Լալայանն էլ տարակուսեց. «Լրագրողներին ասեիք, որ մենք այդ տեղեկությունները չունենք, նրանք էլ դատարան չէին դիմի, այլ այն ատյանին, որը նման տեղեկություններ ունի»։ Այսինքն, Մաքսային կոմիտեն լրագրողների գրությանը ըստ էության չի պատասխանել։ «Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները եւ բողոքները քննարկելու կարգի մասին» ՀՀ օրենքի միայն այս պահանջը չէ, որ անտեսվել է։ Ըստ այդ օրենքի, եթե տվյալ գերատեսչությունը տրված հարցին չի կարող պատասխանել, ապա պարտավոր է այդ մասին ոչ ուշ, քան 5-օրյա ժամկետում տեղեկացնել դիմումատուին կամ նրա դիմումն ուղարկել այն ատյանին, որը իրավասու է հարցին պատասխանել։ Օրենքով նաեւ արգելվում է քաղաքացու բողոքը լուծման ուղարկել այն պաշտոնատար անձին, ումից բողոքում են, սակայն Մաքսային կոմիտեի պետի տեղակալ Ս. Թադեւոսյանի պատասխանի առթիվ ընկերակցության բողոքին դարձյալ պատասխանել է Ս. Թադեւոսյանը։ Չնայած օրենքի այս խախտումներին, դատավոր Վ. Լալայանը ոչ թե վճռեց պատասխանող կողմին պարտադրել, որ ըստ էության պատասխանեն լրագրողների հարցերին, այլ մերժեց հայցը եւ դատավճիռը կարդալիս հիմնավորումներ չներկայացրեց։ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել