Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե

Դեկտեմբեր 19,2001 00:00

ԻՆՉՊԵ՞Ս Է ԳՐՎՈՒՄ «ԿՈՌՈՒՊՑԻԱ…» ԲԱՌԸ Եթե կոռուպցիան քայքայում է հասարակության հիմքերը, դիմազրկում պետությունը, ապա «կոռուպցիան» առաջ բերեց հայ քաղաքական, գիտական, հասարակական մտքի աննկարագրելի պոռթկում։ «Կոռուպցիան» փոթորկեց նույնիսկ քաղաքական գործիչ, սոցիոլոգ, իրավագետ աշխատողների մտքերը, որոնք ալարում էին հարազատի ծննդյան օրը շնորհավորական բացիկ լրացնել։ Ստեղծվեցին հասարակական կազմակերպություններ, մսխվեցին բազմաթիվ գրանտներ՝ գեղատեսիլ վայրերում սեմինարներ, կոնֆերանսներ կազմակերպելու, բջջային հեռախոսներ, համակարգիչներ, օֆֆֆֆիսային կահույք, գույք ձեռք բերելու վրա։ Համաշխարհային բանկը աշխատավարձի հույսին մնացած կառավարությանը դրամաշնորհեց՝ «Հակակոռուպցիոն ռազմավարության մշակում. կառավարության աշխատակազմի հզորացում» ծրագիրն իրականացնելու համար։ «Կոռուպցիան» տեղահան արեց բոլորին, բացի այն պաշտոնյաներից, որոնք ուղղակիորեն (կամ՝ անուղղակիորեն) պարարտացնում, ոռոգում են կոռուպցիայի արմատները, պատվաստում, էտում… Հարցը պարզ է։ Եվրոպաներից, ավստրալիաներից եւ ամերիկաներից փորձագետներ հրավիրելու, վարկեր վերցնելու, սեմինարներ կազմակերպելու, գրանտներ հայթայթելու կարիք չկա։ Այդ հարցի մասին բազմիցս (բայց՝ հովհարային) ԶԼՄ-ները, հասարակական կազմակերպությունները տագնապ են հնչեցրել։ Բայց այն խլացվել է համընդհանուր անտարբերության, էտալոնային լռության դեցիբելների մեջ։ Պաշտոնյան (շատ պատասխանատու)՝ Հայաստանի նկարիչների միության նախագահ (արդեն՝ նախկին) Պողոս Հայթայանը մայրաքաղաքի հոգեւոր, մշակութային, քաղաքական, աշխարհագրական… կենտրոնում՝ «Մոսկվա» կինոթատրոնին հարակից տարածքում, վեր խոյացող չորս մասնաշենքից բաղկացած (3800 քառ. մետր ընդհանուր մակերեսով) կիսակառույց համալիրը իր ընկերոջ՝ Յուրի Թոխունցի փեսային 300 հազար դոլարով վաճառելու պայմանագիր ձեւակերպելու համար 1995-ին ստացել է 20 հազար դոլար կաշառք։ Ուսումնասիրությունից այն համոզմունքն է ստեղծվում, որ իրական վաճառքի նպատակ չի եղել։ Եղել է դրա նմանակում՝ անհատույց օտարվել է նկարիչների կոլեկտիվ քրտինքով ստեղծվելիք շինությունը, որը պետք է դառնար երկրի նշանավոր մշակութային հանգույցներից մեկը։ Ամեն ինչ կատարվել է հրապարակային, օրը ցերեկով։ 1995-ի սեպտեմբերի 1-ին, Պողոս Հայթայանը գրեթե կոնֆիդենցիալ պայմաններում շտապ ստորագրել է «Շինությունների առուծախ» անվանումն ունեցող պայմանագիրը եւ կաշառքի առաջին 10 հազար դոլարը կոնսպիրացիայի նպատակով ստացել ավտոմեքենայի մեջ։ Մնացածը (մաս-մաս) ստացել է իր աշխատասենյակում (արդեն վստահությունը կար)։ Պողոս Հայթայանը իրեն «հասանելիք» 20 հազար դոլար կաշառքը բարեխղճորեն վերցրել էր։ Միայն «մոռացել» է նկարիչների միությանը, այսինքն՝ շուրջ 1000 նկարիչներին հասանելիք (եւ պայմանագրով նախատեսված) 300 հազար դոլարը ստանալ։ «Մոռացկոտ» է եղել նաեւ գնողը։ Չմուծելով այդ չնչին (իրական չնչին) 300 հազարը, «գնորդը» դարձել է փաստաթղթային սեփականատեր՝ դարձյալ Պողոս Հայթայանի օժանդակությամբ։ Եվ իր «սեփականությունը» գրավ դնելով, 1996-ի հունվարին «Ագրոբանկ»-ից ստացել է 250 հազար դոլարի վարկ։ Այստեղ էլ է նա մոռացկոտ եղել ու չի վերադարձրել վարկը (իրականում նպատակ չի էլ ունեցել)։ Բանկն էլ ստիպված գրավն իրացրել է «Մելլաթ» բանկին՝ կրկնակի գումարով։ Ամեն ինչ կատարվել է շատ արագ, առանց որեւէ բյուրոկրատական քաշքշուկի։ Բոլոր օղակները (Երեւանի քաղխորհուրդ, նոտար, դատարան եւ այլն) պայմանագրերի գրանցումներ, վավերացումներ, դատական նիստեր, աճուրդ եւ այլն, բարդ՝ ամիսների տառապանքներ պահանջող գործառույթները կատարել են հարազատի էնտուզիազմով, կարողանալով չնկատել «մանր-մունր» իրավական կնճիռները։ Ակնհայտ ապօրինի գործարքից շահել են բոլորը՝ Պողոս Հայթայանը (20 հազար դոլար կաշառք է ստացել), Հայթայանի ընկերոջ փեսան ընդամենը 20 հազար դոլար կաշառքով (այսինքն՝ մեկ օգտագործված «Մերսեդեսի» գնով) ձեռք բերած թանկարժեք կիսակառույցը գրավ է դրել եւ ստացել-յուրացրել 250 հազար դոլարի վարկը։ «Ագրոբանկը» 250 հազար դոլար վարկի դիմաց «Մելլաթ» բանկին է օտարել գրավը՝ 450 հազար դոլարով, շահելով «ընդամենը» 200 հազար դոլար։ Փառք Աստծո, որ համալիրը չի իրացվել մեր թշնամուն՝ ռազմական օդանավերի վայրէջքային հրապարակ կառուցելու համար։ Շահել են գործարքները շնչավորող, աջակցող, նպաստող, խորհուրդներ տվող մի շարք պաշտոնյաներ։ Տուժել են միայն նկարիչների միությունն իր շուրջ 1000 նկարիչ-անդամներով, ժողովուրդը, պետական անվտանգությունը… Իհարկե, կալանք է դրվել «գնորդի» գույքի վրա եւ նկարիչների միությանը առաջարկվել է «ծանրակշիռ» փոխհատուցում՝ «Ձմեռային բանվորական բաճկոններ, կանացի (՞) ճտքավոր կոշիկներ, կրծկալներ, զովացուցիչ ջրեր…»։ Բայց այդ երաշխավորված գույքից նկարիչների միությանը առ այսօր բաժին է հասել միայն այդ գույքի… ցուցակը։ Մի տխուր փաստ եւս. մի շարք ճանաչված մտավորականներ դիմեցին գլխավոր դատախազին, որպեսզի Պողոս Հայթայանի նկատմամբ խափանման միջոցը փոխվի։ Եվ նա ազատվեց կալանքից։ Նույն ստորագրությունները դրվեցին դատավճռի հիմքում եւ անցած հարյուրամյակի ընթացքում առաջին անգամ որակյալ կաշառքի (Քրեական օրենսգրքի 185 հոդվածի 3-րդ մաս) համար մեղավորը դատապարտվեց… ազատության։ Կիրառելով օրենքի հումանիզմը, ութ տարվա ազատազրկումը պայմանական չի կիրառվել՝ նշանակվել է փորձաշրջան երեք տարի ժամանակով, «չկիրառելով աքսոր, արտաքսում, գույքի բռնագրավում»։ Եվ Հայթայանը հուսալիորեն հանձնվել է Արաբկիրի ՆԳ բաժնի հսկողությանը։ ՊՈՒՇԿԻՆ ՍԵՐՈԲՅԱՆ «Օգոստոսի 23. Ազգային դաշինք» իրավապաշտպան միության նախագահ, պրոֆեսոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել