Լրահոս
Օրվա լրահոսը

«Մանկատունը

Դեկտեմբեր 19,2001 00:00

«Ձախողված» խնամակալություն «Մանկատունը իրավունք չուներ երեխայիս, առանց ինձ տեղյակ պահելու, հանձնել այլ անձի խնամակալության»,- նման բովանդակությամբ բողոքներով համարյա բոլոր գերատեսչություններին է դիմել Երեւանի բնակիչ Սոնիկ Սիմոնյանը՝ պահանջելով վերադարձնել, իր կարծիքով, անօրինական ձեւով իրենից խլված դստերը։ 1990թ. մեկ տարեկան Մարիետա Սիմոնյանին մայրը ժամանակավորապես հանձնել էր Նորքի մանկատուն, որտեղից դպրոցական տարիքը լրանալու կապակցությամբ, ընդունված կարգի համաձայն, տեղափոխվել է Գավառի մանկատուն։ Այնտեղից էլ 1999-ին երեխան հանձնվել է Արտաշատ քաղաքի բնակչուհի Ժենիկ Կարապետյանի խնամակալությանը եւ մինչ օրս ապրում է նրա տանը։ Կատարվածից ցնցված ու իր կարծիքով հանիրավի մայրական իրավունքից զրկված Սոնիկ Սիմոնյանը պնդում է, որ երբեւէ մտադիր չի եղել հրաժարվել սեփական երեխայից ու նրան մանկատուն է հանձնել ժամանակավոր՝ ընդամենը առողջական եւ տնտեսական ծանր պայմաններից դրդված։ Նույն պատճառով էլ նա չի կարողացել այցելել Գավառի մանկատուն, մինչդեռ Նորքի մանկատանը շարունակ տեսակցել է։ Գավառի մանկատնից փոքրիկ Մարիետայի «անհետանալու» մասին տեղեկացել է նույն մանկատան աշխատակցուհի Նինայից։ Ի դեպ, երկար ժամանակ իրենից թաքցրել են նաեւ երեխայի գտնվելու վայրը ու այս առիթով բողոքները սոցիալական ապահովության նախարարություն՝ ապարդյուն են եղել։ Նրան տրվել են միայն վիրավորական պատասխաններ։ Սոնիկ Սիմոնյանը պատահաբար է իմացել, որ իր երեխայի խնամակալ է նշանակվել Ժենիկ Կարապետյանը։ ՀՀ գլխավոր դատախազությանը հասցեագրած նրա նամակի կապակցությամբ պետական շահերի պաշտպանության վարչության պետ Գ. Դանիելյանը խնամակալության եւ հոգաբարձության մարմնի կայացրած որոշումը խորհուրդ է տվել գանգատարկել դատական կարգով, ինչին ձեռնամուխ է եղել երեխայից զրկված մայրը։ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի 9/11-00 վճռով Գավառի քաղաքապետարանի որոշումը՝ Սոնիկի դստերը՝ Մարիետային Ժ. Կարապետյանի խնամակալությանը հանձնելու մասին, ճանաչվել է անվավեր։ Սակայն ոչ միայն դատարանի վճիռը ի կատար չի ածվել, այլեւ, ըստ Սոնիկի՝ «Առավոտին» հասցեագրած նամակի, առանց մանկատան ներկայացուցչի, Ժ. Կարապետյանի տանը, այդ ընտանիքին ծանոթ մանկավարժի միջոցով հարցազրույց է անցկացվել երեխայի հետ, որը բացասաբար է տրամադրել նրան՝ իր բիոլոգիական մոր հանդեպ։ Սոցապնախարարությունում երեխային վերադարձնել կամեցող մոր բոլոր բողոքներին ի պատասխան, մատնացույց է արվել արդարադատության նախարարության դուռը։ Իսկ արդարադատության նախարարության ԴԱՀԿ-ն ապահովող վարչության կազմատեսչական բաժնի պետ Ջ. Բաբինյանը Սոնիկ Սիմոնյանի դիմումին պատասխանել է, թե հնարավոր չէ Մարիետա Սիմոնյանին Ժենիկ Կարապետյանի խնամակալությունից վերցնելն ու կրկին Գավառի մանկատուն վերադարձնելը, քանի որ երեխան հրաժարվում է ապրել հարազատ մոր հետ։ Ու այսպես բազմաթիվ դռներ ապարդյուն թակելուց հետո, Սոնիկը թակել է նաեւ «Առավոտի» խմբագրության դուռը։ Եվ հետաքրքիրն այն է, որ երեխային ամեն գնով վերադարձնելու մոր ճիգերը դեռեւս շարունակում են մնալ անօգուտ, բողոքներն էլ՝ անարձագանք, որովհետեւ այն գերատեսչությունները, որոնց դիմել էր Սոնիկ Սիմոնյանը, չգիտես՝ ակամա՞, թե՞ միտումնավոր, շահագրգռված չեն դատարանի օրինական վճռի ի կատար ածմամբ (իսկ այն վերաբերում է խնամակալության մասին որոշումը չեղյալ հայտարարելուն)։ Գուցե պատճառնե՞ր ունեն այդկերպ վարվելու։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել