Լրահոս
Օրվա լրահոսը

Պարտատիրոջ դաժան կերպարի մասին մեր գրողների ձեւավորած պատկերացումներն ամենեւին էլ չեն համապատասխանու

Դեկտեմբեր 19,2001 00:00

ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՏ ՊԱՐՏԱՊԱՆ Է Պարտատիրոջ դաժան կերպարի մասին մեր գրողների ձեւավորած պատկերացումներն ամենեւին էլ չեն համապատասխանում Հայաստանի այսօրվա շուկայական հարաբերությունների պայմաններում ստեղծված իրականությանը։ Այսօր պարտատերն այն կեղեքիչը չի, ու պարտապանին էլ տարբեր միջոցներով տանջահար չէ անում պարտքը հետ ստանալու համար, մանավանդ, երբ պետությունն է այդ անպարտաճանաչ պարտապանը։ Իսկ պարզվում է, որ հատկապես պետությունն է առավել հաճախ հայտնվում այդ կարգավիճակում, որին ոչ դատարանով կսպառնաս, ոչ էլ բռունցքով։ Արդեն ընդունված է, պետությունն աշխատանք է պատվիրում, հետո պետբյուջեի կուսական դատարկությունը վկայակոչելով՝ չի վճարում։ Օրեր առաջ «Առավոտը» գրել էր ՀՀ դատախազության պահվածքի մասին։ Նմանատիպ մի դեպք էլ Վանաձորում է տեղի ունեցել։ Ժամանակին (1999թ. հոկտեմբերի 5-ին) «Ջուխտ ախպուր» ՓԲԸ-ն, պայմանագրի համաձայն, Վանաձորի քաղաքապետարանի պատվերով բարեկարգել է քաղաքի մի փոքրիկ տարածք՝ եւ Հովհաննես Թումանյանի ծննդյան տարեդարձի առիթով տեղադրել Անուշի արձանը, ստեղծել հանգստի գոտի։ Ամեն ինչ կատարվել է փաստաթղթերի, նախօրոք ձեռք բերված պայմանավորվածությունների եւ հաստատված նախագիծ-նախահաշվի համապատասխան։ Կատարողական ակտը ժամանակին ներկայացվել է քաղաքապետարան, հաստատվել է, իսկ «Ջուխտ ախպուր» ՓԲԸ գործադիր տնօրեն Վահե Մովսիսյանի ներկայացմամբ, «Թումանյանական օրերին նորաստեղծ հանգստի գոտում կազմակերպվել է տոնախմբություն»։ Վահե Մովսիսյանը նշում է, որ «ֆինանսական միջոցների սղության պատճառով վերոհիշյալ աշխատանքները կատարվել են պարտքով, անձնական կապերի շնորհիվ»։ «Առավոտում» գործադիր տնօրենը նշեց, որ ծախսվել է շուրջ 694 հազար դրամ։ Մինչ այս ամենը, Վահե Մովսիսյանը անհատ ձեռներեցի իր իրավունքով քաղաքից մի հատված է վարձակալել, ստեղծել, այսպես ասած, երիտասարդական հանգստի գոտի եւ «աշխատեցրել օբյեկտը»։ Հետո, իմիջիայլոց, նկատենք, որ պայմանագիրը ստորագրած քաղաքապետը՝ Ա. Հարությունյանը, փոխվել է, ինչն, իհարկե, չի նշանակում, որ քաղաքապետի պարտականություններն ու իրավունքներն իր հետ տուն է տարել, այլ մեծ սիրով ժառանգել է իր իրավահաջորդին՝ Ս. Դարբինյանին։ Բայց, չգիտես ինչու, երբ ՓԲԸ-ի գործադիր տնօրենը վճարման խնդրանքով դիմում է քաղաքապետին, որը հարցին ըստ էության պատասխան տալու փոխարեն մատնացույց է անում նրա բիզնեսը՝ «սուս մնա, թե չէ բիզնեսդ կփակեմ»։ Իհարկե, քաղաքապետ Դարբինյանն այս բառերով չի ուղարկում պատասխան գրությունը, այլ՝ «կանաչ գոտում տեղադրվել են շինարարական մի շարք կոնստրուկցիաներ, որոնք եւ նշված տեղանքում կենցաղային ու շինարարական աղբավայրի առաջացման պատճառ են հանդիսացել։ Հարեւանությամբ գտնվող շենքերի բնակիչներից ստացվել են բազմաթիվ գրավոր եւ բանավոր բողոքներ՝ առկա սանիտարական վիճակի նկարագրերով։ Առաջարկում եմ հնգօրյա ժամկետում Ձեր միջոցներով ազատել եւ բարեկարգել նշված տարածքը»։ Փաստաթղթային այս «փոխհրաձգությունը» շարունակվում է։ Առաջինը փորձում է քաղաքապետին բացատրել, որ մեկը մյուսի հետ կապ չունի, նրանք նոր նախահաշվային հաշվարկներ են ներկայացնում, թե ծախսը 694 հազարից պակաս է եւ այլն։ Հետո ասածն անում են ու անհատ ձեռներեցին վարձակալությամբ հողի տրման մասին որոշումը չեղյալ են համարում։ Հետաքրքիրն այն է, որ քաղաքապետը չի կատարում անգամ մարզպետի հանձնարարականը։ Մարզպետ Հենրիկ Քոչինյանը քաղաքապետ Ս. Դարբինյանին ուղղված նամակում նշում է. «Ձեր իսկ կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովը տեղում չափագրել է փաստացի կատարված աշխատանքները եւ հստակեցրել վճարման չափը։ Անհրաժեշտ է կատարել համապատասխան վճարում»։ Բայց այսօր, հանձնարարականից մի քանի ամիս անց էլ, դեռեւս վճարումը կատարված չէ։ Այնինչ, պարտատերն օրեցօր ավելի ու ավելի է տուժում. ինֆլյացիա է տեղի ունենում։ Մինչդեռ պետությունը, ի դեմս Վանաձորի քաղաքապետարանի, փոխանակ ներողություն խնդրի, որ ժամանակին չի կատարում վճարումը, ասում է, որ ավելի քիչ գումարի աշխատանք է կատարվել։ Իսկ վճարելիս տեսնես պետությունն էլ քաղաքակիրթ գործընկերոջ նման կվճարի՞ տուգանքները. պայմանագրով նախատեսված է, որ «վճարման յուրաքանչյուր օր ուշացման դեպքում պատվիրատուն չվճարած գումարի 0,01%-ի չափով տուգանք է վճարում»։ 2-3 տարում դա հսկայական գումար է անում։ Իսկ տեսնես դատարանը կկարողանա՞ բռնագանձել այդ գումարը։ «Առավոտը» փորձեց պարզաբանումներ ստանալ նաեւ քաղաքապետից, սակայն գործավարուհին մեր 2 հեռախոսազանգերին պատասխանեց, որ չի կարող միացնել։ Նշենք, որ խմբագրությունում առկա են նշված փաստերն ապացուցող բոլոր փաստաթղթերը։ Իսկ «Առավոտին» նման դեպքերում, մարդկանց խոսքի իրավունք տալուց բացի, ոչինչ չի մնում, քան խորհուրդ տալ, որ պետության հետ գործ չբռնեն, քանզի բազմիցս ապացուցվել է, որ այն ոչ միայն անպարտաճանաչ գործընկեր է, այլ նաեւ սիրում է շանտաժ անել։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել