ՍԿԶԲՈՒՆՔՈՐԵՆ ԴԵՄ ՉԵՆ, ԲԱՅՑ… «Հոկտեմբերի 27»-ի խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովը վերջին նիստի ժամանակ որոշել էր հանձնաժողովի նիստերին հրավիրել «27»-ի գործով նախկին մեղադրյալներ Ալեքսան Հարությունյանին, Հարություն Հարությունյանին, Մուշեղ Մովսիսյանին։ Հիշեցնենք, որ չորրորդ նախկին մեղադրյալը՝ Նաիրի Բադալյանն, ինքն էր դիմում հղել հանձնաժողովին եւ քննվել հանձնաժողովականների կողմից։ Ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Վահագն Գրիգորյանը «Առավոտի» հարցին պատասխանելով ասաց, որ ինքը նամակ է հղել Ալեքսան Հարությունյանին, Հարություն Հարությունյանին եւ Մուշեղ Մովսիսյանին։ Հարություն Հարությունյանը եւ Ալեքսան Հարությունյանը հայտնել են իրենց համաձայնությունը՝ հանձնաժողովին ներկայանալու մասին։ Հարություն Հարությունյանը խնդրել է, որ իրեն վաղօրոք տեղեկացնեն նիստի մասին, զուտ աշխատանքային իմաստով, ժամկետը համաձայնեցնելու համար։ Իսկ Ալեքսան Հարությունյանը երեկ գրավոր պատասխան է ուղարկել հանձնաժողովի նախագահին, որում տեղեկացնում է, որ ինքը սկզբունքորեն համաձայն է հանձնաժողովի հրավերն ընդունել, սակայն, քանի որ ինքը որպես վկա մասնակցելու եւ հարցաքննվելու է «27»-ի գործով ընթացող դատավարության ժամանակ եւ, քանի որ ինքը ՀՀ նախագահի խորհրդականն է, հետեւաբար իր մասնակցությունը ժամանակավոր հանձնաժողովի նիստին կարող է դիտվել որպես ճնշում։ Ուստի Ա. Հարությունյանը խնդրել է հանձնաժողովի նախագահից, որոշ ժամանակ հետաձգել իր մասնակցությունը հանձնաժողովի նիստերին։ Հանձնաժողովի նախագահ Վահագն Գրիգորյանը հայտնեց, որ ինքը նամակ է հղել Արդարադատության նախարարությանը, որով խնդրում է հանձնաժողովին տրամադրել «Հոկտեմբերի 27»-ի գործով մեկուսարանում գտնվող մեղադրյալներին վերաբերող փաստաթղթերը։ Արդարադատության նախարարությունը պարտավոր է մեկ ամսվա ընթացքում հանձնաժողովին տեղյակ պահել իր որոշման մասին: Մ. Ե.