Լրահոս
Օրվա լրահոսը

Հասարակության բոլոր ծաղիկները ԵԿՄ-ում են եղել

Դեկտեմբեր 19,2001 00:00

Հասարակության բոլոր ծաղիկները ԵԿՄ-ում են եղել Երկրապահ կամավորականների միության լրատվական ծառայությունը երեկ տեղեկացրել է, որ դեկտեմբերի 17-ին տեղի է ունեցել ԵԿՄ վարչության հերթական նիստ: Խոսքն այն նիստի մասին է, որը մեր՝ արդեն հրապարակված տեղեկությունների համաձայն տեղի չէր ունեցել քվորումի բացակայության պատճառով: ԵԿՄ լրատվականն, այդուհանդերձ, տեղեկացնում է, թե վարչության նիստի ընթացքում քննարկվել է երկու հարց՝ Ծննդյան տոների կապակցությամբ զոհված, վիրավոր եւ սոցիալապես առավել անապահով ազատամարտիկների ընտանիքների համար միջոցառումներ կազմակերպել բոլոր մարզերում եւ ԵԿՄ տարածքային բաժանմունքներում: Վարչությունն անդրադարձել է նաեւ ԵԿՄ 5-րդ համագումարի նախապատրաստմանն առնչվող կազմակերպական հարցերին, հաստատվել է տեղերում համագումարի պատվիրակների առաջադրման կարգը: «Վարչությունը համագումարի նախապատրաստական աշխատանքները համակարգող կազմկոմիտեին հանձնարարել է 2002թ. հունվարի 8-ից մինչեւ 31-ը ԵԿՄ տարածքային բաժանմունքներում անցկացնել նախահամագումարյան կոնֆերանսներ եւ համագումարի պատվիրակների ընտրություններ, որի ավարտից հետո վարչության լիագումար նիստում կազմկոմիտեն հանդես կգա հաշվետվությամբ եւ կորոշի ԵԿՄ 5-րդ համագումարի անցկացման օրն ու վայրը»: ԵԿՄ լրատվականի տրամադրած տեղեկությանն ավելացնենք նաեւ մերը: Ըստ այդմ, ԵԿՄ-ին մոտ կանգնած աղբյուրները պնդում են, թե այդ կազմակերպության վարչության հիշյալ նիստի մասին տեղեկությունները ԵԿՄ լրատվականն, իհարկե, աշխատել է «ճոխացնել» եւ փոխարենը լռել է այն մասին, որ հերթական անգամ վարչության նիստի քվորումն ապահովելու համար ԵԿՄ ղեկավարությունը վարչության նիստի է հրավիրել նաեւ այն մարդկանց, ում նույն գեներալ Մանվելը եւ այլք ժամանակին հեռացրել կամ, եթե կուզեք, անդամությունը «սառեցրել», «կախակայել» էին ԵԿՄ վարչությունից՝ Արկադի Տեր-Թադեւոսյան, Աստվածատուր Պետրոսյան: Հետաքրքիր է իմանալ, թե վերջիններս այդ ի՞նչ սուրբ նպատակի իրագործման համար էր, որ շուրջ տարի ու կես անց վիրավորանքը կուլ տալով վերադարձել էին հարազատ «օջախ»: Ավելին, պարզվում է, դեկտեմբերի 17-ի վարչության նիստն իր ներկայությամբ հարգել էր նաեւ ինքը՝ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Ինչպես նախորդ, այդ անգամ եւս՝ ԵԿՄ ղեկավար մարմնի նիստին չէին մասնակցել «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ երկրապահները, նաեւ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանն ու այլք: Իսկ հիշյալ նիստում ԵԿՄ վարչության կիսատ-պռատ կազմի ներկայությամբ առանձին երկրապահների պահանջով նախնական պայմանավորվածություն է ձեռքբերվել՝ ԵԿՄ 5-րդ համագումարն անցկացնել 2002-ի փետրվարին: Ն. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել