Լրահոս
Օրվա լրահոսը

Լեհաստանի պետբյուջեից ֆինանսավորվող «Արեւելյան ուսումնասիրությունների կենտրոնը» վերլուծություններ եւ

Դեկտեմբեր 19,2001 00:00

«Ռազմական ժողովրդավարություն» Լեհաստանի պետբյուջեից ֆինանսավորվող «Արեւելյան ուսումնասիրությունների կենտրոնը» վերլուծություններ եւ եզրակացություններ է պատրաստում երկրի նախագահի, վարչապետի եւ առանցքային այլ պաշտոնյաների պատվերով։ Տասնամյա կենտրոնի գործունեությունը եւ ֆինանսավորումն իրականացվում է առանձին օրենքով։ Երկու ամիսը մեկ կենտրոնի վերլուծությունները հրապարակվում են առանձին բյուլետենում, որին կարելի է ծանոթանալ նաեւ www.osw.pl հասցեում։ Ահա այս բյուլետենի 2001 թ. մայիսի համարում էլ հրապարակվել է կենտրոնի զեկույցը Հայաստանի վերաբերյալ։ Զեկույցը, որից հատվածներ ենք ներկայացնում, նախապատրաստել է Վոլչեկ Գորեցկին։ Եվ այսպես, Հայաստանի ներքին քաղաքականության վերաբերյալ նշված է. «Կարելի է ասել, որ Հայաստանի անկախության կարճ պատմության երրորդ ժամանակաշրջանը սկսվեց 2000-ին։ Առաջին շրջանը ՀՀՇ-ի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի առավել ամբողջատիրական եւ կարծր տիրապետության շրջանն էր։ Երկրորդ շրջանը, որը կարող է բնութագրվել իբրեւ «ռազմական ժողովրդավարություն», սկսվեց 1998-ին Լեւոն Տեր-Պետրոսյանի հեռացմամբ, եւ իշխանությունն իր ձեռքը վերցրեց Ռոբերտ Քոչարյանը, որն իր նախկին ընկերների հետ հարցերը լուծեց ուժային եղանակով։ Տվյալ պահին մենք գործ ունենք կառավարման «բյուրեղյա» նախագահական մոդելի հետ։ Պետության ղեկավարը քաղաքական կյանքի կենտրոնական դեմքն է եւ վճռորոշ ազդեցություն ունի ինչպես արտաքին, այնպես էլ անվտանգության եւ տնտեսական հարցերում։ Նա ամբողջովին կառավարում է ռազմական եւ հատուկ ծառայությունները եւ Սերժ Սարգսյանի միջոցով՝ նաեւ էլեկտրոնային լրատվամիջոցների մի մասը։ Տպագիր լրատվամիջոցներն են միայն ազատություն վայելում։ Խորհրդարանն այս պարագայում շատ ավելի փոքր դերակատարություն ունի։ Մարդու իրավունքների առումով իրավիճակն ավելի վատ է, քան Վրաստանում, բայց ավելի լավ է, քան Ադրբեջանում։ Քոչարյանի դիրքերն ուժեղացան 1999-ի հոկտեմբերի 27-ին խորհրդարանի վրա հարձակմամբ, որտեղ նրա մի քանի այլ քաղաքական հակառակորդներից բացի, զոհվեցին նաեւ վարչապետ ու ՀՀԿ առաջնորդ Վազգեն Սարգսյանը եւ ԱԺ խոսնակ, ՀԺԿ առաջնորդ Կարեն Դեմիրճյանը։ Հարձակման հանգամանքները բացահայտված չեն մինչ այժմ։ Հայտնի չէ, արդյոք, հարձակվողներին անմիջականորեն Ռոբերտ Քոչարյանն էր ուղղորդել, ինչպես համոզված է Հայաստանի հանրության մի մասը, սակայն իր գլխավոր հակառակորդների վերացումն ազատեց նրա ձեռքերը։ 2000-ի նախագահը մեծամասնություն կազմող «Միասնություն» հականախագահական դաշինքը վերակազմավորեց նախագահական կուսակցության եւ հասարակական կյանքից հեռացրեց Ղարաբաղի պատերազմի վետերաններին։ Քոչարյանը, որն ինքն էլ Ղարաբաղից է, իշխանությունը կիսում է մեկ այլ ղարաբաղյան բնիկի՝ Սերժ Սարգսյանի հետ։ Այս տանդեմը եւս ձեւավորվեց 2000-ին։ Մայիսին Քոչարյանը ձեւավորեց հնազանդ կառավարություն Անդրանիկ Մարգարյանի ղեկավարությամբ, որի թեկնածությունը պաշտպանեց ներքուստ տրոհված խորհրդարանական մեծամասնությունը։ Այս ներքին տարաձայնությունները ՀՀԿ-ի եւ ՀԺԿ-ի միջեւ, որոնք կազմում են «Միասնության» միջուկը, խորհրդարանն առավել կախված դարձրին նախագահից։ Դրան հետեւած մի քանի ամիսների ընթացքում ներքին կայունության տպավորություն ստեղծվեց։ Այն դիրքը, որ իր համար կարողացավ ստեղծել Ռոբերտ Քոչարյանը, շատ ամուր է եւ դրան ոչինչ չի սպառնում։ Նրա ամենակարեւոր հաջողությունը խորհրդարանական մեծամասնության դե ֆակտո տրոհումն ու սանձահարումն էր»։ Պատրաստեց Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել