Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍԻՐԵՑԵՔ ՄԱՐԴՈՒՆ»

Դեկտեմբեր 18,2001 00:00

«ՍԻՐԵՑԵՔ ՄԱՐԴՈՒՆ» Նորարար նկարիչ Հենրի Էլիբեկյանն ամեն անգամ նորովի է ներկայանում իր համարձակ արվեստի երկրպագուներին, հաճախ ծանրանալով, սակայն, նույն գաղափարի վրա։ Դա անպարագիծ սերն է դեպի մարդկությունը եւ հավատը համընդհանուր մարդասիրության հաղթանակի հանդեպ։ Պատահական չէր, որ հայրենիքում կազմակերպված «Սիրեցեք մարդուն» խորագիրը կրող ակցիան նվիրված էր սեպտեմբերի 11-ի նյույորքյան ահաբեկչության զոհերի հիշատակին, ուր դաժանությանը հակադրվում էր գեղեցկությունը, ատելությանը՝ կարեկցանքն ու սերը։ Եվ ի զարմանս բոլորի՝ դաժանության խորհրդանիշ հանդիսացող արդուկով անգամ փորձ էր արվում շոյել մարդուն։ Ակցիայի մասնակիցներն էլ հագել էին ամենահումանիստական մասնագիտություններից մեկին բնորոշ հանդերձանք՝ բժշկական ճերմակ խալաթներ, որոնց վրա վերջում արվեցին գրառումներ՝ որպես բանալի Հ. Էլիբեկյանի հետագա մտահղացումների համար։ Ներկաներն էլ՝ ծանոթ-անծանոթ, գրկախառնվեցին՝ ի հավաստումն այն գաղափարի, որ բոլոր մարդիկ, անկախ արյունակցական կապից, եղբայրներ են, քանզի հավասար են Աստծո առաջ։ Համաշխարհային ճանաչման արժանացած հայազգի նկարիչը նաեւ խոստացավ իր արվեստանոցը այսուհետ վերածել այնպիսի մշակութային օջախի, ուր կլինեն միայն ավանգարդիստական մտքի համարձակ դրսեւորումներ։ Հ. Ե.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել