ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԵՎ ԱՎԱՆԴԱՏՈՒՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ Մամուլը անդրադարձել էր ինկասացիայի ոլորտում մենաշնորհային միտումներին, մասնավորապես, «Ագրոինկասացիա» բաժնետիրական ընկերության լուծարման՝ «Ագրոբանկի» նոր բաժնետիրոջ մտադրությանը։ Ներկայումս «Ագրոինկասացիա»-ի լուծարման վերաբերյալ ոչ մի ֆորմալ վճիռ դեռ ընդունված չէ, սակայն փաստացի վիճակն այն է, որ «Ագրոբանկի» կողմից առգրավվել է հիմնարկության ողջ շարժական գույքը, 30-ից ավելի աշխատակիցներ մատնված են անգործության եւ երրորդ ամիսն է, ինչ աշխատավարձ չեն ստանում։ Ի դեպ, Լարիսա Դոլինայի համերգի ծախսը, որը հոգացել է «Ագրոբանկը», լիովին կբավարարեր «Ագրոինկասացիայի» ողջ կոլեկտիվի աշխատավարձի պարտքը մարելու համար, իսկ այն գումարը, որը ծախսել է «Ագրոբանկը» նոր բաժնետիրոջ՝ Հակոբ Հակոբյանի որդուն «Պորշ» մակնիշի ավտոմեքենա գնելու համար, դժվար թե բավականացներ անհուսալի դարձող վարկերի ծախսի գոնե 5%-ը փակելու համար։ Վերջին 3 ամիսների ընթացքում վարկեր են տրամադրվել, որոնք չունեն բավարար ապահովություն եւ որոնց ընդհանուր ծավալը գերազանցում է 2 մլն ամերիկյան դոլարը։ Հ. Գ. Ի դեպ, խոսելով Հակոբ Հակոբյանի բանկի մասին, չմոռանանք, որ «Ագրոբանկում» պետության փայաբաժինը կազմում է մոտ $300 հազար։