Լրահոս
Օրվա լրահոսը

Ինտեգրացիայի նախապայմանը

Դեկտեմբեր 18,2001 00:00

Ինտեգրացիայի նախապայմանը Հասարակական կազմակերպությունների ուսուցման եւ տեղեկատվական միջոցների կենտրոնը Ամերիկայի հայկական համագումարի ծրագիր է, որն իրականացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսական աջակցությամբ։ Այն նպատակաուղղված է աջակցելու սոցիալական եւ առաջնային առողջության պահպանման հիմնախնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպություններին (ՀԿ)։ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակը եւ Ամերիկայի հայկական համագումարի Հասարակական կազմակերպությունների ուսուցման եւ տեղեկատվական միջոցների կենտրոնը 2001 թվականի մայիսից իրականացնում են «Հասարակական կազմակերպությունների կարողությունների զարգացում-4» ծրագիրը, որի նպատակն է օժանդակել փախստականների, ապաստան հայցողների եւ քաղաքացիություն ընդունել ցանկացողների սոցիալական եւ իրավական հիմնախնդիրների լուծմանը՝ Հայաստանի փախստականներով խիտ բնակեցված մարզերի մի խումբ ՀԿ-ների հզորացման միջոցով։ Այն ենթադրվում է ՀԿ կառավարման բազմաբնույթ թեմաների ուսուցման, խորհրդատվության, տեղեկատվություն հավաքելու եւ տարածելու, թեմատիկ եւ ուսուցողական դրամաշնորհային ծրագրերի միջոցով։ Վերոնշյալ ծրագրի շրջանակներում դեկտեմբերի 14-16-ը ՄԱԿ-ի ՓԳՀ-ն եւ ԱՀՀ ՀԿ կենտրոնը Ծաղկաձորում կազմակերպել էր արտագնա սեմինար, որին մասնակցում էին Արարատի, Վայոց ձորի եւ Գեղարքունիքի մարզերից համագործակցող 16 ՀԿ-ներ։ Ինչպես տեղեկացրեց ԱՀՀ ՀԿ կենտրոնի տնօրեն Մարգարիտ Փիլիպոսյանը, մինչ այդ նշյալ ՀԿ-ների համար կազմակերպվել են մեկշաբաթյա դասընթացներ, փախստականների հարցերով զբաղվող հաստատությունների ներկայացուցիչների հետ երկխոսություն, արտագնա սեմինարներ եւ համագործակցության խթանմանն ուղղված այլ միջոցառումներ։ Ապա բոլոր ՀԿ-ների միջեւ անց է կացվել մրցույթ եւ շահած 6 կազմակերպությունները ստացել են դրամաշնորհ՝ համայնքներում փոքրիկ տնտեսական ծրագրեր իրագործելու համար, որը ինչ-որ կերպ կթեթեւացնի փախստականների վիճակը։ Ոչ ոքի համար նորություն չէ, որ այսօրվա սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում էլ ավելի դժվար է փախստականի վիճակը։ Ակնհայտ է, որ հայ փախստականների համար լավագույն լուծումը տեղական ինտեգրացիան է, որը ենթադրում է մի քանի խնդիրների հրատապ լուծում։ Չունենալով իրենց կերակրող հող կամ վարձատրվող աշխատանք, պարզ է, որ փախստականը կբռնի արտագաղթի ճանապարհը, այսինքն թիվ մեկ խնդիր կարելի է համարել աշխատատեղի ապահովումը։ Կարեւոր են նաեւ կացարանի հարցը, առողջապահության ոլորտի մատչելիության ապահովումը, մշակութային ինտեգրացիայի համար բարենպաստ պայմանների ստեղծումը։ Վերոնշյալ խնդիրները չեն կարող լուծվել կարճ ժամանակամիջոցում, հարկավոր են մեծ ռեսուրսներ եւ ներդրումներ։ Գիտակցելով այս ամենը եւ փախստականների իրավունքների պաշտպանությունը համարելով գերխնդիր, կենտրոնը ՀԿ-ների միջոցով իրականացնում է վերոնշյալ առաքելությունը։ Կազմակերպությունների գործունեությունը էլ ավելի արդյունավետ դարձնելու համար ծրագրի արդյունքում ստեղծվել է 16 ՀԿ-ների ցանց, գնվել են ռադիոմոդեմներ՝ ապահովելով էլեկտրոնային կապ ինչպես միմյանց (ինտեգրվելով մեկ հասարակական միավորի մեջ), այնպես էլ արտաքին աշխարհի հետ։ ԱՐՄԵՆՈՒՀԻ ԲԱՂՄԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել