«Մայրս չի գնահատվել» Հրաչյա Ղափլանյանի անվան թատրոնում տեղի ունեցավ «Մարդը ափի մեջ» խորագրով պոեզիայի երեկո՝ Արթուր Ութմազյանի եւ դստեր՝ Հրաչուհու մասնակցությամբ։ Ներկաները հուզված էին, հուզված էր նաեւ «մեղավորը»՝ Ա. Ութմազյանը, որը «30 տարի շարունակ, բոլոր ներկայացումներից առաջ նույն ալեկոծությունն է ապրում եւ կարեւոր չէ՝ առաջին անգամն է խաղում, թե հարյուրերորդ»։ Կարեւորը, որ հավատում է արած գործին ու հանդիսատեսին, եւ հուզմունքն այդ ոչ թե խանգարում, այլ օգնում է։ Ութմազյանը բազմաթիվ պոեզիայի երեկոներ է ունեցել Սփյուռքում, իսկ այս մեկը առաջինն էր Հայաստանում։ Դերասանը դա բացատրում է հայրենիքում ավելի պարտավորված զգալու զգացումով ու ավելի մեծ պատասխանատվությամբ, թեեւ վստահեցնում է, որ այսուհետ նման երեկոներ ավելի հաճախ կկազմակերպվեն, քանի որ դրանց կարիքը ոչ միայն ինքը, այլեւ ողջ ժողովուրդն ունի։ Ութմազյանը ցավով է հիշում, որ տարիներ առաջ «Երեւանի օդը լցված էր պոեզիայով, մշակույթով ու արվեստով, ինչը հիմա լիովին բացակայում է հեռուստա ու ռադիոհաղորդումներում»։ Նա գտնում է, որ բոլորի պարտքն է կաթիլ-կաթիլ վերականգնել Երեւանի այն «աուրան, որ եղել է նախկինում»։ Ասմունքը նրա համար նաեւ ինքնադրսեւորման եւ ինքնարտահայտման միջոց է։ Թեեւ ավարտել է բանասիրական ֆակուլտետը, սակայն երբեք ոչինչ չի գրել, փոխարենը, բոլոր այն հույզերը, որ պիտի արտահայտեր գրելով, դրել է պոեզիայի ու հախուռն ասմունքի մեջ։ «Չեմ ուզում մեծ տարբերություններ տեսնել Սփյուռքի եւ Հայաստանի հանդիսատեսի միջեւ։ Ինձ համար բոլորովին նշանակություն չունի՝ այստե՞ղ եմ կարդում, թե՞ այնտեղ։ Կարեւորը, որ կարդում եմ հայ պոեզիա՝ հայ մարդկանց համար»,- համոզված է դերասանը։ Մի բանով, սակայն, բավարարված չէ նա, գտնում է, որ իր մոր՝ Հրաչուհի Ջինանյանի գործունեությունը ահռելի է եւ ոչ լիովին գնահատված. «Նա էր առաջինը, որ սփյուռքահայության համար հաղորդումների շարք սկսեց, նա է առաջինը ի լուր աշխարհի ասել. «Երեւանն է խոսում», նա է հայտարարել պատերազմի սկիզբն ու ավարտը»։ Արթուր Ութմազյանի կարծիքով, իր հանրահայտ տատիկի նման հայոց պոեզիան պաշտում է նաեւ Հրաչուհի կրտսերը, որի երազանքը, սակայն, դիվանագետ դառնալն է։ Անկրկնելի պոեզիայի երեկոն, որ գեղագիտական մեծ հաճույք ու բավականություն պատճառեց շատերին, ըստ Ութմազյանի, նվիրված էր հորը՝ Հայկարամ Ութմազյանի հիշատակին։ ԱՐԳԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Ուսանողուհի