«ԳԻՆԻՆ ԹՈՒՆԴ Է, ԵՍ՝ ԱՎԵԼԻ» Օրերս մեզ շրջապատող բազմաբնույթ ու բազմաքանակ ձայնասկավառակներին ավելացավ եւս մեկը՝ Մագայի «Գինին թունդ է, ես՝ ավելի» անվանումը կրող սկավառակը, որը երաժշտասերների դատին հանձնեց դերասանուհի Մարգարիտա Խաչատրյանը։ Ի դեպ, բեմական Մագա անունով նրան կնքել է տաղանդաշատ դերասան Ռաֆայել Քոթանջյանը։ Մուտքն արվեստի աշխարհ եղել է վեց տարեկանում, երբ լինելով մանկապարտեզի սան, նկարահանվել է «Լապտերիկ» մանկական հեռուստածրագրում։ Այնուհետեւ աշխատել է «Պիոներական լուսաբաց» ռադիոհաղորդաշարում։ 1985-ին ընդունվել է Գ. Սունդուկյանի թատրոն-ստուդիա, իսկ դպրոցն ավարտելուց հետո՝ գեղարվեստաթատերական ինստիտուտ։ Աշխատել է Գ. Սունդուկյանի, Հ. Պարոնյանի եւ այլ թատրոններում։ Ամուսնացած է, ունի որդի։ – Արվեստագետները քեզ սիրում եւ ճանաչում են որպես դերասանուհի, իսկ վերջերս դու նրանց ներկայացար նաեւ որպես երգչուհի։ Ե՞րբ եւ ինչպե՞ս սկսվեց Մարգարիտա Խաչատրյան երգչուհու գործունեությունը։ – Երգել եմ մանկուց։ Որպես դերասանուհի երգել եմ թե՛ բեմերում եւ թե՛ կուլիսներում, բայց երբեք չեմ ենթադրել, որ երբեւէ կներկայանամ որպես երգչուհի, թեեւ անցել եմ վոկալի պրոֆեսիոնալ դասընթաց։ Ես միշտ երգել եմ իմ մտերիմների շրջապատում եւ երգի միջոցով արտահայտել եմ իմ հոգու խոսքը։ Ի դեպ, ընկերներիս խորհուրդ-առաջարկով էլ հենց ձայնագրեցի իմ առաջին երգը, որը երաժշտասերներին ներկայացրի 1998 թվականին, համալիրում։ Ի դեպ, դա իմ հեղինակային բառերով գրված մեր ավանդական Քոչարին էր, որը, հուրախություն ինձ, շատ ջերմ ընդունվեց ժողովրդի կողմից եւ ճակատագրական եղավ իմ կյանքում։ Այնուհետեւ նոր գործիքավորմամբ, բայց չաղավաղելով բնօրինակները, երգեցի նաեւ «Որքան ցանկացա» եւ «Դու անմեղ ես» սիրված երգերը, որոնք տեսահոլովակի տեսքով ցուցադրվեցին «Ինչ կա-չկա» հեռուստածրագրում, եւ այդպես ամեն ինչ շարունակվեց։ – Իսկ ինչպե՞ս ծնվեց ամբողջական ձայներիզ թողարկելու գաղափարը։ – Երբ նոր էի ձայնագրել «Որքան ցանկացա» երգը, այն առաջարկեցի լսել նաեւ Կարեն Կարապետյանին, որն, ի դեպ, հայաստանյան շոու-բիզնեսում հայտնի է որպես գործարար մարդ եւ պրոդյուսեր։ Եվ քանի որ նա հումորային տեսաժապավենից արդեն ճանաչում էր ինձ որպես դերասանուհի, երգն ունկնդրելուց անմիջապես հետո առաջարկեց տեսահոլովակ նկարել։ Ի զարմանս ինձ, նա միաժամանակ առաջարկեց նաեւ ամբողջական սկավառակ թողարկել։ Պիտի խոստովանեմ, որ այդ ժամանակ ես արդեն ունեի մեծ թվով երգեր։ Եվ առաջարկից շատ չանցած, պատրաստի 12 երգով ներկայացա ստուդիա։ – Ինչո՞ւ սկավառակն անվանեցիր «Գինին թունդ է, ես՝ ավելի» եւ ի՞նչ երգեր են նրանում ընդգրկվել։ – Ինձ ոգեշնչել է Ժաննա Աբրահամյանի «Գինին թունդ է, ես՝ ավելի» համանուն ժողովածուն, որի ստեղծագործություններից 4-ն իմ հեղինակային մեղեդիների շնորհիվ վերածվեցին գեղեցիկ երգերի եւ ես դրանք ընդգրկեցի իմ անդրանիկ սկավառակում։ – Ինչո՞վ ես այժմ զբաղված եւ ի՞նչ նոր ծրագիր ունես։ – Համագործակցում եմ Ռաֆայել Քոթանջյանի հետ, որին, ի դեպ, այս ժանրում համարում եմ իմ ուսուցիչը։ Վերջերս նկարահանվեցի թե՛ Աշոտ Ղազարյանի, թե Անդրանիկ Շահինյանի վերջին հումորային տեսաերիզներում։ Օրերս մասնակցեցի նաեւ ամանորյա նկարահանումներին, որտեղ հնչում է իմ նոր երգերից մեկը՝ «Գինու նմանը»։ – Ի՞նչ զվարճալի դեպք կպատմես վերջին նկարահանումներից։ – Աշոտ Ղազարյանի վերջին տեսաերիզի տեսարաններից մեկը նկարահանում էին Հարավ-Արեւմտյան թաղամասում, որտեղ ապրող ընտանեկան զույգը անտեղյակ էր, թե ինչ տեսարան է նկարահանվելու։ Ի դեպ, նկարահանումն արվում էր ուշ ժամի եւ նկարահանվում էր ամուսնական զույգի կյանքից մի դրվագ։ Այն պահին, երբ հերոսուհին, որն, ի դեպ, ես էի, անկողնուց վեր կենալով գիշերազգեստով վազում է դեպի պատշգամբ եւ բացելով պատուհանը բարձրաձայն բղավում է. «Էս շենքում մի հատ կարգին տղամարդ կա՞»։ Վերեւի հարկերի բնակիչները իրողությունից անտեղյակ սկսեցին տանտիրուհու անունը տալով հարցնել, թե ինչ է եղել։ Տանտերն էլ գլուխն ափերի մեջ բղավում էր. «Տունս քանդվեց, աշխարհով մեկ խայտառակ եղանք»։ Նկարահանող խմբի եւ Աշոտ Ղազարյանի բացատրություններից հետո միայն հարեւանները հասկացան, որ տվյալ ընտանիքը տեսարանի հետ կապ չունի։ ԳԱՅԱՆԵ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ