Դուք ձեր ապագան եք զորակոչում բանակ Բազմաչարչար ասպիրանտների բազմաչարչար հարցը մի քանի ասպիրանտների ակնկալիքով կլուծվի դատական միջամտությամբ։ Սակայն, եկեք լինենք իրատես, մինչ օրս ո՞ր պետական պաշոնյայի նկատմամբ հարուցված ամենածանր քրեական գործն է դատական կարգով լուծում ստացել, որ այս մեկն էլ հանկարծ դրական տեղաշարժ ունենա։ Ինչեւէ, խնդիրը բարդ է ու խոր՝ ոչ այնքան իր պայմաններով ու հանգամանքներով, որքան՝ հետեւանքներով։ Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի 70-ամյա ավանդույթների մեջ է մտնում նաեւ գիտական ներուժի թարմացումը կամ, ինչպես գենետիկները կասեին՝ սերնդափոխությունը։ Սերնդափոխությունը, համաձայնեք, կարեւոր ու երկարատեւ գործընթաց է։ Իրոք մտածելու տեղիք է տալիս այն հանգամանքը, որ յուրաքանչյուր շաբաթ ոտքդ ուսումնական հաստատություն դնելուն պես հանդիպում ես մահազդի… Նրանք սովորական մահկանացուներ չեն, նրանք այն մարդիկ են, ովքեր տարիներ շարունակ նվիրումով կերտել են մեր գյուղատնտեսական գիտությունը։ Եվ այսօր, երբ նրանց փոխարինողներ են հարկավոր, աթոռներից պինդ կառչած ու «տաքուկ տեղ» գտած ինչ-որ մարդիկ ասպիրանտուրան են «տաքուկ տեղ» համարում։ Թե մի 40-50 ասպիրանտն ինչ թիվ են կազմում օրեցօր հանցավոր համաձայնագրերի շնորհիվ պետական հավատարմագիր ստացած «կոոպերատիվ» ինստիտուտների եւ ինչ-որ քոլեջների ուսանողների թվի նկատմամբ, համոզված եմ՝ չնչին։ Մեծագույն զարմանքով լսում եմ գյուղատնտեսության նախարարի ամպագոռգոռ ճառերը գիտության եւ արդյունաբերության այս ճյուղի զարգացման, գյուղատնտեսության վարման գիտական հիմքեր ստեղծելու ֆանտաստիկայի մասին, միեւնույն ժամանակ, երբ գյուղատնտեսական ակադեմիայի ասպիրանտներին սպառնում են հեռացումով եւ զորակոչում բանակ։ Ասում են՝ սովորող տղեն կգա ու կսովորի, բայց մոռանում են ասել՝ պարոն այսինչյան, դուք ձեր պատկառելի տարիքը եկեք անտեսեք եւ առաջիկա մի քանի տարում մի մահացեք, որպեսզի ձեր ասպիրանտներին փոխանցեք գիտության այն չգրված մասը, որ տարիների ընթացքում կուտակել եք ձեր վաղուց արդեն ծերացած ուղեղում։ Իսկ զորակոչիկ-ասպիրանտին քաջալերեք, թե աշխատանքը գեղեցկացնում է մարդուն, կամ «հայրենիքի պաշտպանության պատերազմը ամենասուրբն է» ու մոռացեք, որ պաշտպանված հայրենիքին առաջին հերթին գիտնական է պետք եւ հավատացեք, որ գիտությամբ զբաղվելն ու գիտնականների նոր սերունդ դաստիարակելը պատերազմից էլ ավելի սուրբ գործ է, որը երբեք հնարավոր չէ հատուցել։ Բոլորովին վերջերս ՀԳԱ-ում տեղի ունեցած երիտասարդ գիտնականների խորհրդաժողովում նշվեց, որ ասպիրանտուրա ընդունվել ցանկացողներին շահագրգռելու նպատակով ՀԳԱ ռեկտոր Ա. Թարվերդյանը որոշել է գիտության թեկնածուներին անմիջապես շնորհել դոցենտի պատվավոր կոչում։ Իսկ ի՞նչ է, այս պարագայում ասպիրանտուրան որպես «տաքուկ անկյուն» վա՞տ շահագրգռելու միջոց է, ուրեմն չպետք է գոյություն ունենար «ասպիրանտներն ընդդեմ կենտրոնական զինկոմիսարիատի» դատական հայց, այն պետք է լիներ «ՀԳԱ-ն ընդդեմ…». ասպիրանտները չպետք է օրը մի թուղթ առած վազեին այսուայնկողմ՝ օրենքով հասանելիք իրենց իրավունքները պաշտպանելու նպատակով։ ԱՐՍԵՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ Լիովին կիսում ենք հեղինակի մտահոգությունը սերնդափոխության անհրաժեշտության եւ դրան նպաստելու պետության պարտավորության առնչությամբ։ Սակայն հարկ է հիշեցնել, որ այս դեպքում խոսքը անօրինական որոշմամբ ասպիրանտուրա ընդունվածների մասին է։ Իհարկե, համաձայն ենք նաեւ, որ դրա համար պատասխան պետք է տան առաջին հերթին այդ անօրինականությունը թույլ տված պաշտոնյաները՝ թեեւ նաեւ վերապահությամբ ենք ընդունում, որ գիտության հանդեպ սերն է այդ երիտասարդներին մղել ասպիրանտուրա ընդունվել։ Ի դեպ, ասպիրանտների հայցի հիման վրա հրավիրվելիք դատական նիստը տեղի կունենա այս հինգշաբթի։