Լրահոս
Օրվա լրահոսը

Կամ էներգահամակարգը սնա՞նկ է

Դեկտեմբեր 18,2001 00:00

ԿԲ ՆԱԽԱԳԱՀԸ ԿԱՍԿԱԾՈՒՄ Է Կամ էներգահամակարգը սնա՞նկ է «Ելնելով ՀՀ էներգահամակարգի ֆինանսական վիճակից եւ ՀՀ տարածքում գործող բանկերի նկատմամբ ունեցած ժամկետանց պարտավորություններից, հայտնում ենք, որ այսուհետ էներգահամակարգին տրամադրված վարկերը համաձայն «ՀՀ տարածքում գործող բանկերի վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման եւ հնարավոր կորուստների պահուստների ձեւավորման կարգի» տրման պահից, կդասակարգվեն անհուսալի»։ Այս գրությունը օրեր առաջ ԿԲ նախագահի ստորագրությամբ ուղարկվել է որոշ առեւտրային բանկերի, ընդ որում, մեր ունեցած տեղեկության համաձայն, միեւնույն գրությունը ԿԲ նախագահը խորամանկել է՝ տարբեր բանկերի ուղարկել տարբեր ամսաթվերով եւ տարբեր համարներով: Առաջին հայացքից որեւէ արտառոց բան չկա. ի՞նչ է եղել որ, ԿԲ նախագահը իրավունք ունի գրություններ, հանձնարարականներ եւ այլ փաստաթղթեր ուղարկել ցանկացած առեւտրային բանկի: Փորձենք վերլուծել այս գրության պարունակությունը, որը շատ ավելի լուրջ է, քան կարող է թվալ: Ե՞րբ կարող է վարկը դասակարգվել անհուսալի. բացելով ԿԲ նախագահի մատնանշած կարգը՝ կարդում ենք. «3.2. Յուրաքանչյուր ակտիվ պետք է դասակարգվի որպես ստանդարտ, հսկվող, ոչ ստանդարտ, կասկածելի կամ անհուսալի: 3.3. Ակտիվների դասակարգումը հիմնված է սույն կարգում սահմանված օբյեկտիվ եւ սուբյեկտիվ չափանիշների վրա»: Այնուհետեւ կարդում ենք՝ «3.11(Oբյեկտիվ) Ակտիվը չաշխատող է 181 եւ ավելի օր, եթե առաջնակարգ չէ, իսկ եթե առաջնակարգ ապահովված է՝ մեկ տարի եւ ավելի: 3.12(Սուբյեկտիվ) Անհուսալի ակտիվներն անհավաքագրելի են»: Այսինքն, ԿԲ գրության մատնանշած «վարկերը կդասակարգվեն անհուսալի», մեղմ ասած, զգուշացումը համապատասխանում է կարգով սահմանված սուբյեկտիվ չափանիշին: Իսկ եթե մանրամասնելու լինենք այս միտքը, կստացվի, որ ԿԲ նախագահն անուղղակիորեն սնանկ է համարում էներգահամակարգը, որը, ինչպես գիտեք, պետության տնտեսության կարեւորագույն ոլորտն է: Հետաքրքիր է, որ ԿԲ-ն նման հայտարարություն է անում այն ժամանակ, երբ օրակարգային հարց է բաշխիչ ցանցերի սեփականաշնորհման խնդիրը: Այդուհանդերձ, զերծ մնալով սուբյեկտիվ մեկնաբանություններ անելուց՝ փորձեցինք այս հարցը պարզել պատկան մարմիններից: «Անհուսալի դասակարգել չի նշանակում, որ բանկերը չեն կարող հետ չստանալ վարկերը, այլ նշանակում է, որ մենք բանկերի բալանսներն ենք մաքրում: Հաշվի առնելով այն վարկերի ծավալը, որ այդ ճյուղում կան, հաշվի առնելով այն, որ բանկային համակարգը նպաստել է էներգահամակարգի զարգացմանը՝ ԿԲ-ն գտնում է, որ այսուհետ որպեսզի բանկերի ռիսկերը նվազեցվի՝ հաշվառումը բանկերում այնպես պետք է արվի, որ այդ ռիսկերը բանկերը կիսեն իրենց կապիտալով: Այսինքն, իրենց կապիտալի հաշվին իրականացնեն վարկավորում, եթե նպատակահարմար գտնեն»,- իր իսկ գրությունը մեկնաբանեց ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանն ու իր կատարած գործի կարեւորությունն ընդգծելու նպատակով հավելեց. «Սա մեր համակարգի՝ երկրի ընդհանուր ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցառում է»: Բոլորովին չկասկածելով երկրի ընդհանուր վիճակի առնչությամբ Տիգրան Սարգսյանի մտահոգության վրա՝ փաստենք, սակայն, որ ճիշտ հակառակ կարծիքին է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Խաչատրյանը: «Ֆինանսների նախարարությունը դեմ է. տնտեսության ֆինանսավորմանը ո՞նց կարելի է նման բան գրել: Դա ինձ համար անակնկալ է: Շատ վատ է իմ վերաբերմունքը այդ գրության նկատմամբ, որովհետեւ էներգահամակարգը տնտեսության ամենամեծ ճյուղն է, ընդ որում՝ ամենաքիչ ռիսկայնություն ունեցող: Ես որպես ֆինանսների նախարար, իհարկե, չեմ կարող հաշտվել դրա հետ, քանի որ դա ռեալ ֆինանսավորում էր տնտեսությանը, իսկ էներգետիկան տնտեսության բոլոր ճյուղերում առկա է: Նրա վիճակի լավացմանն ուղղված այդ կարճաժամկետ վարկերը հնարավորություն էին տալիս, ասենք՝ մեկ, երկու շաբաթ էներգահամակարգում որոշ շնչառություն ունենալ, գործերը կարգավորել՝ առավել եւս, որ մենք ատոմակայանի, գազի հետ պրոբլեմներ ունենք»,- շեշտեց ֆինանսների նախարարը: Ամենաքիչը՝ տարօրինակ է, որ միեւնույն հարցի վերաբերյալ պետության ֆինանսական համակարգի երկու ճյուղերի ղեկավարներն իրարից տրամագծորեն հակառակ տեսակետներն են արտահայտում՝ էլ ու՞ր մնաց ներդաշնակ տնտեսական քաղաքականության վերաբերյալ երկրիս ղեկավարի հայտարարությունները: Ավելացնենք միայն, որ մեկ շաբաթյա դեգերումներից հետո գրավոր մեր հարցը ՀՀ էներգետիկայի նախարարությունում այդպես էլ պատասխան չստացավ՝ հավանաբար նորաթուխ նախարարը դեռեւս չի ինքնորոշվել: ԶԱՐՈՒՀԻ ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել