Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ

Դեկտեմբեր 18,2001 00:00

Ի՞նչ ենք ակնկալում ԱՄՆ-ից ԱՄՆ Կոնգրեսը այս շաբաթվա ընթացքում վերջնական որոշում կկայացնի 907 բանաձեւի վերաբերյալ։ Ադրբեջանում շատ ավելի սրտատրոփ են սպասում 907 բանաձեւի կասեցման կոնկրետ ժամկետի նշմանը, քան՝ Հայաստանում։ Թերեւս որպես ասվածի ապացույց կարելի է նշել այն, որ Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը Բաքվում հանդիպելով ԱՄՆ պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդին, առաջինն է խոսել այդ մասին։ Պաշտպանության նախարարն իր հերթին պատասխանել է, որ մոտակա օրերին հարցը կլուծվի։ Շաբաթ օրը գտնվելով Երեւանում, հանդիպումներ ունենալով նախագահ Քոչարյանի, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի, արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի հետ, ԱՄՆ պաշտպանության նախարարը հույս է հայտնել, որ «Ազատության աջակցության ակտի» 907 բանաձեւի կասեցումը «ճանապարհ կբացի ռազմական համագործակցության համար, ի շահ մեր երկրների»։ Չմոռանանք, որ 907-ը արգելում է ԱՄՆ կառավարությանը օժանդակել Ադրբեջանի կառավարությանը այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանը չի դադարեցրել Հայաստանի տնտեսական շրջափակումը։ Սակայն բանաձեւն ունի լրամշակում, ըստ որի ԱՄՆ նախագահը իրավունք է ստացել մինչեւ 2002թ. վերջը ռազմական եւ այլ կարգի օգնություն տրամադրել Ադրբեջանին՝ հակաահաբեկչական պայքարին աջակցելու համար։ Սակայն կան երկու շատ կարեւոր «եթե»-ներ։ Առաջին. «Եթե դա չի ենթադրում հարձակում Հայաստանի վրա։ Երկրորդ. եթե չի վտանգի Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորումը եւ եթե դա անհրաժեշտ է Ադրբեջանի սահմանների պաշտպանության համար»։ Լրամշակումը նախատեսում է նաեւ օգնություն Հայաստանի համար։ Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը որպես ակնկալվող օգնություն նշեց արդեն իրականացվող ծրագրերը՝ ականազերծման կենտրոնի ստեղծումը եւ հայ սպաների ուսուցումը։ Լուրջ օգնություն է ակնկալվում նաեւ կապի միջոցները արդիականացնելու նպատակով։ «Բանակցությունների հիմնական թեման հակաահաբեկչական գործողություններում մեր համագործակցության խնդիրն էր եւ ռազմական ոլորտում երկու երկրների պաշտպանության նախարարությունների համագործակցության խնդիրը»,- բանակցություններից հետո հրավիրված համատեղ մամուլի ասուլիսում ասաց Սերժ Սարգսյանը։ Հայաստանը իր պատրաստակամությունն է հայտնել այսուհետ եւս աջակցել հակաահաբեկչական գործողություններին։ Իսկ կոնկրետ ռազմական համագործակցության մասին կխոսվի ԱՄՆ Կոնգրեսի որոշումից հետո։ Մ. Ե.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել