«ԱՄԵՆ ՄԵԿՆ ԻՐԵՆ ԹՈՂ ԱՄԵՆԱ-ԱՄԵՆԱ ՉԵՐԵՎԱԿԱՅԻ» Նախագահ Քոչարյանի սահմանադրական բարեփոխումների մասին հայտարարությունները ավելի քան խոսուն էին։ Նա հարկ համարեց մեկ անգամ եւս զգուշացնել (առայժմ՝ զգուշացնել), որ իր դեմ խաղ չկա, որ խորհրդարանը պարզապես անողնաշար է եւ կպարի իր նվագի տակ։ Անկեղծ ասած, այս ամենը ցնցող նորություն չէր։ Հասարակությունը խորհրդարանին էլ գիտի, նախագահին էլ։ «Միասնություն» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը նախագահի ասուլիսից մեկ օր անց մեզ հետ զրույցում ասաց, որ «Միասնությունը» կողմնակից է նախագահական տարբերակին, որ խորհրդարանական մեծամասնությունն իրենք են եւ իրենք ընտրելու են նախագահական նախագիծը, հետեւաբար ԱԺ-ն ցրելու վտանգ չի կարող լինել։ Այս «պետականամետ» պատասխանը ոչ մեզ, ոչ էլ որեւէ մեկի համար զարմանալի չէ։ Ինչպես զարմանալի չէր նաեւ Շավարշ Քոչարյանի պատասխանը։ Ասուլիսի ժամանակ նախագահը բավականին կոպիտ արտահայտվեց իր ազգանվանակցի մասին, ասելով, թե Սահմանադրության նախագիծ առաջարկելուց առաջ վերջինս նախ պետք է փորձի երկրի նախագահ դառնալ։ Գործող Սահմանադրությունը իրավունք տալիս է Շավարշ Քոչարյանին հանդես գալ Սահմանադրական նախաձեռնությամբ։ Սակայն ուրիշ հարց է՝ Շավարշ Քոչարյանն ուզո՞ւմ է դառնալ երկրի նախագահ, թե՞ ոչ։ Այս հարցին պրն Քոչարյանը առայժմ չպատասխանեց, սակայն ի պատասխան նախագահի այն պնդմանը, թե ինքը չի տեսնում Սահմանադրության մեկ այլ տարբերակ, իր առաջարկածից բացի, Շավարշ Քոչարյանն ասաց, որ ինքն էլ իր հերթին չի տեսնում նախագահի առաջարկածը։ Այն թաքցվում է հասարակությունից, մինչդեռ Շ. Քոչարյանի տարբերակը տպագրվել է մամուլում. «Եթե մեզ նույնիսկ փորձեն խանգարել, մենք ձգտելու ենք մեր միասնական տարբերակը հասարակությանը մատչելի դարձնել»։ Պատասխանելով նախագահի այն վստահությանը, թե խորհրդարանը 2/3 մեծամասնություն չի կարող հավաքել, պրն Քոչարյանն ասաց. «Հենց դրանով նախագահը խոստովանեց, որ կիսանախագահական ասածը կեղծ է։ Դա գերնախագահական համակարգ է, եւ բացառվում է, որ գործի այն ժամանակ, երբ խորհրդարանական մեծամասնությունը նախագահինը չի։ Եվ պատահական չէ, որ Քոչարյանը ունի իր անձնական փորձը։ Այն ժամանակ, երբ տեղի ունեցավ խորհրդարանի արագ գունափոխումը, նա վարչապետ էր եւ ունեցավ այդ մեծամասնությունը։ Հարցը դրված էր կամ՝ կամ։ Արդյունքում հեռացվեց Տեր-Պետրոսյանը։ Քոչարյանը խոսում է այն մասին, որ այսօր գործող Սահմանադրությունը դիմացել է ճգնաժամերին։ Ընդհակառակը, այս Սահմանադրությունն անընդհատ ճգնաժամեր է առաջացրել։ Առաջինը ես արդեն ասացի։ Երկրորդ ճգնաժամը՝ երբ «Միասնություն» դաշինքը իր երկու ղեկավարներով ստացավ խորհրդարանի մեծամասնությունը, նորից երկիրը հայտնվեց ճգնաժամային վիճակում, հանգուցալուծումը եղավ հոկտեմբերի 27-ի ոճրագործությամբ։ Հակառակ դեպքում այդպես շարունակվել չէր կարող։ Եվ այսօր նախագահը իր հայտարարությամբ հենց դա էլ ապացուցեց. եթե կա մեծամասնություն, ապա ես ի՞նչ եմ անում. կամ՝ կամ։ Այսինքն, արդեն ակնհայտ է, որ Հայաստանում կիսանախագահական համակարգը հակացուցված է, եւ ինքը ամենափայլուն քարոզչությունը կատարեց, որպեսզի ապացուցի, որ այս երկրին պետք է խորհրդարանական համակարգ»։ Շավարշ Քոչարյանը կրկնեց իր հայտնի միտքն այն մասին, որ երկրում պետք է լինի սահմանադրական շարժում, հասարակությունը պետք է հասկանա, որ նախագահները չեն, որ որոշում են երկրի ապագան, «նախագահները չեն, որոնք ձեւում են Սահմանադրությունը ըստ իրենց չափսերի»։ «Իշխանության տերը պետք է ժողովուրդը լինի»,- ասում է Շ. Քոչարյանը։ Ըստ նրա, դա նշանակում է, որ ժողովուրդը պետք է ընտրելու հնարավորություն ունենա։ Փաստորեն, 5 կուսակցություն միացել են եւ Սահմանադրության մեկ համատեղ նախագիծ են ներկայացրել։ Ինչը նախագահ Քոչարյանի սրտով չէ։ Իսկ մեկ այլ Քոչարյան՝ Շավարշը, առաջարկում է ժողովրդին հնարավորություն տալ ընտրություն կատարելու։ Ընդունենք, որ Շավարշ Քոչարյանին եւ մյուս կուսակցություններին հաջողվում է մեծամասնություն դառնալ (ինչին, անկեղծ ասած, քիչ ենք հավատում), հաջորդ քայլն ակնհայտ է, նախագահը չթաքցրեց՝ կամ ինքը, կամ խորհրդարանը։ Շավարշ Քոչարյանը գտնում է, որ նախագահը երբեք չի գնա խորհրդարանը ցրելու ճանապարհով։ «Շատ բնական է, որ նախագահը պետք է ատամներով պահի այսօրվա համակարգը։ Ո՞նց կարող էր նա դառնալ երկրի նախագահ, եթե լիներ խորհրդարանական համակարգ։ Միայն, այսպես կոչված, կիսանախագահականի պայմաններում կարելի է այդ կեղծ թեզով՝ «իմ կուսակցությունը իմ ժողովուրդն է», դառնալ երկրի ղեկավար։ Իսկ խորհրդարանականի պայմաններում նա պետք է իրոք կուսակցությունով դառնար։ Ես իրեն որպես մարդ հասկանում եմ, հաշվի առնելով, թե ինչպես է դարձել նախագահ։ Իհարկե, նա կցանկանար նույն ճանապարհը կրկնել՝ երեք տարի անուշադրության մատնված «Արժանապատիվ ապագա»-ների վրա հենվելով, այլ տիպի կուսակցությունների վրա հենվելով, բայց սա Հայաստանի համար հեռանկար չէ»։ Որպես գործող նախագահ, Քոչարյանին բոլորովին ձեռնտու չեն սահմանադրական բարեփոխումները։ Սա մենք չասացինք, ինքն ասաց։ Ըստ Շ. Քոչարյանի, եթե նույնիսկ ընդունվի իրենց նախագիծը, Քոչարյանը գործող նախագահ մնալու է մինչեւ խորհրդարանական ընտրություններ. «Հետեւաբար, այս մարդը առանց ընտրվելու երկրորդ անգամ իրեն համարում է երկրորդ անգամ ընտրված եւ խոսում է այդ դիրքերից»։ Սա եւս մեկ ապացույց է, ըստ Շ. Քոչարյանի, որ Հայաստանում իշխանությունն է ծնում իշխանություն, եւ ժողովուրդն անմասն է դրան։ Եթե Ռոբերտ Քոչարյանը հայտարարում է, որ իրեն ձեռնտու չեն սահմանադրական փոփոխությունները, ուրեմն նա որոշել է, որ նորից է դառնալու նախագահ։ Իսկ թե սա որքանով է ձեռնտու ժողովրդին, թող յուրաքանչյուր քաղաքացի որոշի։ Եզրակացությունը Շավարշ Քոչարյանինն է։ Նախագահ Քոչարյանը՝ խոսելով Սահմանադրության մասին, ասաց, որ խորհրդարանականը մեզ համար հակացուցված է, որովհետեւ մեր տեսակը մի քիչ այն չէ՝ «ամեն մեկն իրեն մյուսից բարձր համարող է»։ Շավարշ Քոչարյանը հակառակ կարծիքին է. «Այ, հենց դրա համար, որ ամեն մեկն իրեն ամենա-ամենա է երեւակայում, չի ընդունվում ոչ մի նախագահ։ Հենց դրա համար մեզ պետք է խորհրդարանական ղեկավարման ձեւ»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ