Լրահոս
Օրվա լրահոսը

Երեկ

Դեկտեմբեր 18,2001 00:00

ԲԱԶԵՅԱՆԸ ՓՈՐՁԵՑ ԱՄՓՈՓԵԼ ԱՆՑՆՈՂ ՏԱՐԻՆ Երեկ Արագածում տեղի ունեցած հանդիպման ընթացքում Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչների գնահատականները, ըստ էության, անցնող տարվա ամփոփումն էին: Ըստ քաղխորհրդի նախագահ Ալբերտ Բազեյանի, ակնկալիքները, որ կուսակցությունն ուներ 2001-ին՝ երկրում ստեղծված իրավիճակի, բարոյահոգեբանական մթնոլորտի բարելավման, նաեւ «Հոկտեմբերի 27»-ի գործում որոշակիության հետ կապված, այդպես էլ չեն արդարացել: «Այնուամենայնիվ, Ռ.Քոչարյանը հանդես եկավ հաշվետվությամբ եւ ներկայացրեց, թե կատարել է իր խոստումը, 10 տոկոսով գերազանցել է աշխատատեղերի ստեղծման մասին իր խոստումը, ինչի առիթով ես նրան եւ մեր ժողովրդին շնորհավորում եմ, եթե, իհարկե, այդ թվերը համապատասխանում են իրականությանը»,- ասաց Ա. Բազեյանը: Նա կարծիք հայտնեց, թե նախագահի վկայակոչած թվերն իրականությանը չեն համապատասխանում, քանի որ ժողովրդի հետ հանդիպումների ժամանակ, նաեւ նրա ապրելակերպին հետեւելով չի նկատվում վիճակի իրական բարելավում: «Մենք գտնում ենք, որ սա իշխանությունների հերթական բլեֆն է, որով խեղաթյուրվում է իրականությունը՝ արձանագրելով տնտեսության աճ, առաջընթաց, որն իրականության հետ կապ չունի»,- ասաց պարոն Բազեյանը: Կուսակցության քաղխորհրդի անդամ Արամ Սարգսյանն էլ նույն առիթով հեգնանքով նկատեց. «Մարդիկ ստում են ու իրենք իրենց ասած ստին չհավատալով փորձում են հավատացնել ժողովրդին: Եթե Հայաստանում կան այնքան լավատես մարդիկ, ովքեր հավատում են իբր 40 հազար նոր աշխատատեղի բացման մասին հայտարարություններին՝ ես չեմ ուզում իրենց լավատեսությունը փչացնել»: Բայց կան, ըստ նրա, այդ հայտարարությունը ճշտելու բազմաթիվ ու դյուրին մեխանիզմներ, որոնք կարող են ի հայտ բերել ավելի քան դառը ճշմարտությունը 40 հազար աշխատատեղերի լեգենդի մասին: «Նախագահի վկայակոչած տնտեսական աճը շոշափում են միայն երկրի նախագահը, նրան սատարող ուժերն ու «27»-ի ոճրագործները: Այս իմաստով իշխանությունների եւ ոճրագործների գնահատականները համընկնում են»,- երկիմաստ զուգահեռներ տանելով նկատեց Ա.Բազեյանը: Ամփոփելով անցնող տարին՝ կուսակցության նախագահն անդրադարձավ եւ երկրի տնտեսության եւ արտաքին ու ներքին քաղաքական ոլորտում ստեղծված իրավիճակին, նաեւ դատարանների այդպես էլ գործադիր իշխանությունից չձերբազատվելու հանգամանքին՝ արձանագրելով. հիշյալ որեւէ ոլորտում, նաեւ Ղարաբաղի հակամարտության կարգավորման իմաստով, այդպես էլ առաջընթաց չապահովվեց: Դրա պատասխանատուն, պարոն Բազեյանի գնահատմամբ, երկրի իշխանություններն են՝ Ռ.Քոչարյանի գլխավորությամբ, որոնք ստանձնել էին լուծել Հայաստանի եւ նրա ժողովրդի առջեւ ծառացած բազմաթիվ հիմնախնդիրները: Միակ բանը, որ անում է ներկայիս վարչակազմը, ըստ Բազեյանի, այն է, որ նա փորձում է իր դիրքերն ամրապնդել՝ օգտագործելով իշխանական, ֆինանսական լծակները՝ առաջիկա ընտրություններում նորից ընտրվելու համար: Իսկ ժողովուրդը մեկ գերխնդիր ունի՝ օրինական իշխանությունների ձեւավորում, քանի որ ներկա իշխանություններն իրենց վեր են համարում գործող Սահմանադրությունից եւ օրենքներից: Ա.Բազեյանն անդրադարձավ նաեւ ԱԺ-ում նախագահ Քոչարյանի պաշտոնանկության ստորագրահավաքին: «Ցավալի իրականության առջեւ ենք կանգնած. մեր խորհրդարանը վերահսկվում է գործադիր իշխանության կողմից եւ հնարավորություն չունի լիարժեք կատարել հասարակության առջեւ ունեցած իր պարտավորությունները: Ու թեեւ մենք չհասցրինք ստեղծված պայմաններում այս տարի նախագահի պաշտոնանկության հարցը մտցնել ԱԺ-ի օրակարգ, այդուհանդերձ, այն շարունակում է մնալ օրակարգային հարց»: Ա.Բազեյանն անընդունելի համարեց նաեւ Սահմանադրության՝ նախագահի առաջարկած տարբերակի ընդունումը: «Կառավարման ցանկացած համակարգ կարող է լավագույնս գործել, եթե կատարվեն երկրի Սահմանադրության եւ օրենքների պահանջները: Փորձը ցույց է տալիս, որ Հայաստանում կիսանախագահական համակարգն իրեն չարդարացրեց: Անցած 10 տարիներին փոխվեցին շուրջ 10 կառավարություններ, վարչապետ: Վարչապետները միշտ դառնում են քավության նոխազները, իսկ կառավարության հաջողության դափնիները բաժին են ընկնում նախագահին: Մենք միացել ենք կառավարման խորհրդարանական համակարգի կողմնակից քաղաքական ուժերին, թեեւ այդ խնդիրը լուծելն էլ հեշտ չէ. Ռ.Քոչարյանը հայտարարեց, որ երկրորդ նախագիծ չի լինելու՝ ինքը դա թույլ չի տա: Դա նախագահին հարիր գործելակերպ չէ: Ժողովուրդն ինքը պետք է ընտրի իր զարգացման ուղին».- նշեց Ա.Բազեյանը: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել