Այվազովսկու թոռը՝ օդաչու-ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու թոռները, պահպանելով ընտանեկան սուրբ ավանդույթը, ապրել ու գործել են ծննդավայր Ղրիմում։ Սակայն հանճարեղ պապի բարերար ազդեցությամբ եւ հորդորներով՝ նրանցից երեքն են նկարչի մասնագիտություն սովորել ու դարձել ճանաչված նկարիչներ։ Այվազովսկու կրտսեր դուստրը՝ Հովհաննան (Ժաննան) 110 տարի առաջ արու զավակ էր ունեցել՝ անունը Կոնստանտին, նկարչի հոր հիշատակը պահելու համար։ Հետաքրքրասեր պատանին հրապուրվեց ռուսական ավիացիայի ձեռքբերումներով եւ որոշեց օդաչու դառնալ։ Նա նույնիսկ նշանակվում է Մոսկվայի ավիացիոն դպրոցի պետ՝ գնդապետի կոչումով։ Առաջին աշխարհամարտում էլ կատարում է 50 մարտական թռիչք եւ մղում օդային 50 մարտ։ Բնանկարների հեղինակ ավիացիայի գեներալը, սակայն, որ տարիներ շարունակ «Տեխնիկա մոլոդյոժի» հանդեսի խմբագրական խորհրդի անդամ էր, անհատական ցուցահանդեսներ էր կազմակերպում Մոսկվայում, Փարիզում, Տոկիոյում, Բրյուսելում, Թիֆլիսում։ 1970-ի աշնանը Թեոդոսիայի պատկերասրահում կազմակերպվում է Հովհաննես Այվազովսկու նկարիչ թոռների գեղանկարչական գործերի մի յուրօրինակ ցուցահանդես։ Ամենակրտսեր թոռը՝ Կոնստանտինը, ցուցադրել էր իր բնանկարները։ «Արվեստի մեջ պետք է լինել անկեղծ եւ ճշմարտացի,- գրել է նա,- դրա համար պետք է ճանաչել բնությունը, սիրել ու պաշտել այն։ Երբեք չկրկնելով ուրիշներին՝ ցուցադրել սեփականը»։ Ցուցահանդեսի հարյուրավոր դիտողներին օդաչու-նկարիչը հպարտությամբ ասել էր, որ իզուր չի անցել սիրելի պապի երազանքը։ Ցույց է տվել այն տասնյակ ռուսալեզու եւ հայկական գրքերը, որ ինքն է նկարազարդել։ Դրանց մեջ հատկապես ուշագրավ են արձակագիր Յուրի Պրոմատովի «Հայկական լեռնաշխարհով» ռուսերեն գրքի նկարները եւ հայ օդաչու Գայ Ամատունու՝ «Երկիր իմ, երկիր» գրքի ձեւավորումը։ Ցուցադրված էր նաեւ հռչակավոր ծովանկարչին պատկանող ոսկյա ապարանջանը, որի կափարիչի վրա էլ պատկերված էր նրա ներկապնակը՝ վրձնով։ Ներկերի փոխարեն տեղադրված էր թանկարժեք գույնզգույն քարեր, իսկ կափարիչի ներսի կողմում փորագրված էր ծովային մի գեղեցիկ տեսարան եւ հանճարեղ ծովանկարչի դիմանկարը, ներքեւում՝ Ալեքսանդր Ծատուրյանի ձոնը։ Տարիներ առաջ Կոնստանտին Արցեուլովն իր վաղեմի ընկերոջ՝ Սովետական Միության հերոս, վաստակավոր փորձարկող օդաչու Ռաֆայել Գաբրիելյանի եւ իր որդու՝ կինոռեժիսոր Ստեփանի հետ հյուրընկալվեց Հայաստանում։ Եղավ Էջմիածնում, Սեւանում, Գառնիում, Դիլիջանում, Բյուրականում, Գյումրիում, Գորիսում։ Մի ամբողջ օր անցկացրեց Մարտիրոս Սարյանի արվեստանոցում եւ ափսոսանք հայտնեց, որ ուշացած է լինում նախնիների երկրում, ջերմ, անկեղծ ու սրտաբաց մարդկանց երկրում։ ԼԵՎՈՆ ԿԱՆՑՅԱՆ