Իգնատ Մամյան ՀԵՂԵՂԸ «Հիշողության կղզիներ» վեպից Բարաքաշարը քնած է շառաչուն անձրեւի տակ։ Պահ առ պահ պատուհանները բռնկվում են ամպրոպի ցոլքերով, եւ ձորը դղրդում է հուժկու որոտներից։ Բարաքաշարի մեր հատվածի հետնապատը դրսից ամուր սվաղված է եւ անձրեւաջուրը տակավին չի կարողանում ներս թափանցել։ Բայց դա չի նշանակում, թե մենք ըստ ամենայնի ապահովագրված ենք բնության աղետներից։ Փայտաշեն տնակների այս շարքը կառուցված է բարձր, քարքարոտ բլրի ստորոտում, եւ ամպրոպի հերթական ճայթյունից հետո ահա վերեւներից պոկված մի քար դղրդոցով բախվում է Գրիգորի տնակի մեջքին։ Հաջորդ պահին բնության շառաչի միջից լսվում է նրա ողբալի վայնասունը. – Հասե՜ք, տունս քանդվեց… Բայց ո՞վ պիտի հասներ կամ հասներ՝ ի՞նչ պիտի աներ։ Բարաքաշարի հետնապատին ուրիշ քարեր են բախվում, եւ բոլորս դառնում ենք միաճակատագիր աղետյալներ։ – Երկնային պատի՜ժ է,- ճչում է Բիջոյի հավատացյալ կինը՝ Աստղոն,- նոյեմբերին ո՞վ է տեսել էսպիսի փոթորիկ։ Տե՜ր, մեր միջի մեղավորին շանթահարիր՝ պրծիր… – Քե՜զ նկատի ունի, Գրիգոր,- ասում է Սիրուն Մարոն։- Հիշիր՝ վերջին օրերին ինչ ղալաթներ ես արել։ Կայծակը քեզ է զարկելու, Գրիգոր։ – Ձեր սիրտը չունեմ՝ սելավը տունս քշում է։ Համ էլ ո՞նց թե, Բիջոն լճկաձորցու հավերը գողանա՝ կայծակն ի՞նձ զարկի,- աղետի սարսափի մեջ գաղտնազերծվեց Գրիգորը։ …Ամբողջ բարաքաշարը կուտակվել է փոքրիշատե ապահով մեր տնակում։ Բիջոն շալակած բերեց նախ հաշմանդամ բժիշկ Հարություն Զաքարյանին, հետո՝ նրա սալյակը։ – Աշխարհի վե՜րջն է,- ոռնում է Գրիգորը,- գոնե հեռախոս լիներ՝ զանգեինք միլիցիա… – Լճկաձորցու հավերի հարցո՞վ,- խեթում է անվրդով բժիշկը։ – Էդ հարցով ղալաթ կանի,- հանգստացնում է Բիջոն,- հավերը միասին ենք կերել։ Ֆիդայի Կարապետն է միայն, որ չի խառնվում խոսակցությանը։ Կիսամերկ, մորս տված ադեալի մեջ փաթաթված, տնակի կիսամութ անկյունում նա լուռ ծխում է սեփական թութունի իր ծխամորճը։ – Բժիշկ, մի բան պիտի մտածենք, էսպես սպասելով չի լինի,- իմաստնանում է Գրիգորը։- Բիջոն չգնա՞ գոնե պաժառնու պետին կամ սանէպիդկայանի բժշկին կանչի։ Ծանր մի քար շառաչով խփվում է տնակի մեջքին եւ բարաքաշարը թաղվում է խավարի մեջ։ Մայրս խարխափելով մի կտոր մոմ է գտնում, դժվարությամբ վառում։ – Երեխաներին մեջտեղ առեք ու վերջ տվեք ամբախ-զամբախ խոսելուն,- հրահանգում է բժիշկ Զաքարյանը։- Ֆրանսիայի լեռներում ավելի ահավոր բաներ էին կատարվում, բայց մենք չէինք կորցնում գլուխներս։ – Դե լավ, դու էլ՝ Ֆրանսիայի լեռնե՜ր, գեներալ Դը Գո՜լ, մեր հալին՝ սրա… Բիջոն, սեփական համարձակության անսպասելի բռնկումից ինքն էլ զարմացած, խոսքը կիսատ թողեց։ Բայց բժիշկը, ի զարմանս բոլորի, չորոտաց։ – Ի՜նչ թշվառ ես, ի՜նչ խեղճ եւ ի՜նչ անտանելի է քո գոյության ողորմելի փաստն առանց այն էլ տխուր այս երկրի վրա։ Բայց ամեն դեպքում եթե փորձես էլի մեկ անգամ քո գարշահոտ շուրթերով սրբազան անուններ արտաբերել՝ կպատժվես հավուր պատշաճի։ Բիջոն մեղավոր շան պես կուչ եկավ բժշկի ոտքերի մոտ։ Իսկ տեղատարափը շարունակվում էր։ Մոմի աղոտ լույսի տակ առաջինը ես նկատեցի ջրի շիթը, որ տնակի խաթարված թիկնապատից հոսում էր ներս, լճանում փոքրիկ աթոռակին կծկված Գրիգորի ոտքերի տակ։ Հաջորդ նկատողը Սիրուն Մարոն էր. – Հլա էս ի՞նչ արեց, վախից տակը լցրել է անասունը… Բայց տխմար ենթադրությունների եւ հիմար կատակների ժամանակը չէր։ Բարաքաշարի երկու բուն տղամարդիկ՝ վարպետ Մանուկը եւ հայրս, բացակայում էին։ Մանուկը մեկնել էր շրջկենտրոն, իսկ հայրս, որ լուսաբացին համենայնդեպս եկավ, գիշերապահ էր շինարարությունում։ Բարաքաշարի ետեւում, թեք լանջին կանգնած էլեկտրասյունը դղրդոցով ընկավ տնակներից մեկի վրա։ Բիջոն տղամարդկության ամբողջ պաշարը հավաքելով դուրս եկավ ու անմիջապես էլ վերադարձավ՝ – Դու էլ տուն չունես, Սիրուն Մարո։ Սիրեկաններիդ գործը դժվարացավ։ Սյունն ընկել է տանդ գլխին ու ավերելով իջել մինչեւ հատակը։ Մարոն, ում ոչ ոք երբեք տխուր կամ վհատված չէր տեսել (նա մարդկանց այն տեսակից էր, որոնց արցունքները դեպի ներս են հոսում…), այդ պահին էլ մնաց ուժեղ ու արժանապատիվ։ – Բիջոն ամուսինս լիներ, տան մեջ քնած լիներ, սյունն ընկներ վրան։ Ի՜նչ թաղում կանեի, գիտե՞ք, այ ժողովուրդ։ Յոթ օր, յոթ գիշեր՝ քեֆ… …Քամին հանգցրեց մոմի կտորը։ Շառաչուն խավարի մեջ այլեւս ոչինչ չէինք տեսնում եւ այն գիտեինք, որ անձրեւաջուրը հեղեղել է ամբողջ բարաքաշարը ու, դատելով ընդհանուր վայնասունի մեջ արտաբերվող ձայներից, տակավին զոհեր չունեինք։ Կենդանի էին մնացել հատկապես Բիջոն ու Գրիգորը, որոնց ոռնոցները ամպրոպի ամեն ճայթյունի հետ բարձրանում էին աղետյալ բարաքաշարից։ Ի վերջո լուսացավ, ամբողջ գիշեր թափվող տարափը չկամորեն դադարեց։ Այն, ինչ տեսանք բացվող լույսի մեջ, վեր էր բարաքաշարի թախծոտ ու խեղճ երեւակայությունից։ Ամբողջ բակում թանձր տիղմ էր եւ նրա մեջ այստեղ-այնտեղ երեւում էին ցեխակոլոլ ներքնակներ ու վերմակներ, շորեր ու տնային ջարդոտված իրեր։ Սիրուն Մարոյի ամենաթաքուն մետաքսե ներքնաշորը փաթաթվել-մնացել էր բիջոյենց լվացքի պարանի ձողին։ – Իմն է, հլը թռիր բեր,- Բիջոյին դեպի տիղմը հրեց Մարոն։ – Ով միշտ հանել-հագցրել է, թող նա էլ գնա բերի,- ըմբոստացավ Բիջոն։ Բարաքաշարի ամբողջ բնակչությունը, ծնկահար տիղմի մեջ ափլփելով, գիշերվա իր կորուստներն էր փնտրում։ Ի հայտ էին գալիս ափսեներ ու բաժակներ, բարձեր ու սավաններ, սեղանի ծածկոցներ, պարզ ու էժանագին այլ իրեր։ Մարոյի տնակն ավերված էր եւ նա որոշել էր մինչեւ նորոգումը կամ նորի կառուցումը բնակվել Բիջոյի տանը։ – Դու դե՞մ ես այդ մարդասիրական որոշմանը,- հարցրեց բժիշկը։ – Դեմը՝ դեմ չեմ, բայց մեր Աստղոյից զահլես գնում է, թող նրա՛ հետ խոսի։ Թե չէ ես հիմար ե՞մ, որ էդ երկնային պարգեւին դեմ լինեմ,- ներքին հաճույքից վնգստաց Բիջոն։ – Ասում ենք՝ զոհեր չկան, բայց ճիշտ չենք ասում,- բժշկին դիմեց Գրիգորը։- Բիջոյի երկու գոճիներն էլ խեղդված-ընկած են գոմում։ – Ո՞նց թե,- ուշքի եկավ Մարոյի երջանիկ մոտիկությունից հորթուկ դարձած Բիջոն ու տիղմի միջով գալարվեց դեպի գոմ։ – Գոճին՝ ոչինչ, դա նյութական վնաս է, որ կարելի է վերականգնել,- Գրիգորին հանգստացրեց բժիշկը։ – Բայց ո՞վ կվերականգնի,- ցեխի միջից ոռնաց Բիջոն։ – Ես։ Արի այստեղ։- Բժիշկը հաշմասայլակի ինչ-որ ծալքից հանեց մի քսանհինգանոց ու մեկնեց Բիջոյին։ – Շնորհակալ եմ, վերեւում Աստված կա՝ կտեսնի,- գեղգեղաց Բիջոն։ – Դրա հինգն իմն է,- վերջինիս ականջին հայտարարեց Գրիգորը։- Ես որ գոճիներիդ մասին չխոսեի, նա հո քեզ փող չէ՞ր տալու։ – Հինգը՝ չէ, բայց երեքը կտամ,- ձեռքը տանելով իր տղամարդկային տիրույթին՝ չոր կտրեց Բիջոն։ Հետո իմացանք, որ շինարարության բոլոր պահեստները լցվել են ջրով։ Սադախլո-Այրում կայարանների արանքում գիշերվա դղրդոցներից պոկված ժայռաբեկորները գնացք են ջարդուփշուր արել։ Եվ ասացին, թե հանրապետության պետապից հատուկ բրիգադ է գալու, որպեսզի հաշվառի եւ հատուցի ինչպես ամբողջ Այրումի, այնպես էլ մեր բարաքաշարի կրած վնասները։ Ու երկար, շատ երկար սպասեցին։ Ու մեր բարաքաշարի մարդիկ այսօր էլ դեռ սպասելիս կլինեին այդ առաքյալներին, եթե մեռնողները չմեռնեին եւ ապրողները չցրվեին աշխարհով մեկ։